«Աննախադեպ զարգացում»․ Հայաստանում աճում է տնտեսական աճի նվազման տեմպը

Վերջին շրջանում իշխանությունները փորձում են հնարավորինս քիչ խոսել իրենց տնտեսական ու ֆինանսական ձեռքբերումներից։ Վաղուց արդեն խոսք չկա համաշխարհային մակարդակի տնտեսական աճերի ու բյուջեի եկամուտների աննախադեպ ավելացումների մասին։ Բյուջեի եկամուտները չեն կատարվում, իսկ տնտեսական աճը գնալով նահանջում է։ Որքան արտաքին գործոնները թուլանում են, այնքան ավելի են բացահայտվում Հայաստանի տնտեսության ու բյուջեի խնդիրները։

Համաձայն պաշտոնական վիճակագրության, այս տարվա երրորդ եռամսյակում տնտեսական աճը  Հայաստանում դարձյալ դանդաղել է՝ կազմել է ընդամենը 5,18 տոկոս։

Ու սա՝ այն պարագայում, որ չնայած արտաքին ազդեցությունները թուլացել են, այնուհանդերձ մեծամասամբ դեռևս պահպանվում են։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե դրանք ընդհանրապես վերանան։

Տնտեսության համաշխարհային մակարդակի աճերի վերաբերյալ իշխանությունների փչած փուչիկը պայթեց այն բանից հետո, երբ կրճատվեցին ոսկու վերաարտահանումները։ Ստիպված էին խոստովանել է, որ խեղաթյուրել են տնտեսական աճի պատկերը։ Չեղած տեղից տնտեսությանը բարձր աճեր են վերագրել ու հայտնվել են թակարդում։ Ստիպված եղան վերանայել նախորդ շրջանի ցուցանիշները, ինչից հետո տնտեսական աճի պատկերն էապես փոխվեց։

Կարդացեք նաև

Վերանայման արդյունքում այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական աճը նվազեցվեց 2,6 տոկոսային կետով և նախկինում հայտարարված 9,2 տոկոսից դարձավ 6,6 տոկոս։

Երկրորդ եռամսյակում տնտեսական աճն ավելի ներքև իջավ և կազմեց 6,4 տոկոս։

Երրորդ եռամսյակում այն ոչ միայն շարունակեց նվազել, այլև նվազման տեմպը արագացավ։ Երկրորդի համեմատ՝ աճի տեմպը 1,2 տոկոսային կետով ընկավ։

Եթե առաջին կիսամյակում տնտեսական աճը 6,5 տոկոս էր, 9 ամսվա արդյունքներով իջավ 0,5 տոկոսային կետով և կազմեց 6 տոկոս՝ 1 տոկոսային կետով ավելի ցածր, քան կառավարությունը պարտավորվել էր ապահովել այս տարի։

Տնտեսական աճի տեմպի անկումը, սակայն, սրանով չի ավարտվի։ Սպասվում է, որ այս միտումն առաջիկայում դեռևս կշարունակի խորանալ։

Ինչպես հայտնի է, նախատեսած՝ առնվազն 7 տոկոսի փոխարեն, տարեվերջին կառավարությունը կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ՝ 0,2 տոկոսային կետով պակաս, քան 9-ը ամիսների ցուցանիշն է։

Չնայած այս տեմպով նահանջելու պարագայում, նույնիսկ կանխատեսվող 5,8 տոկոսն անհասանելի կլինի կառավարության համար։ Հատկապես որ, տարեվերջին տնտեսական աճի վրա առկա արտաքին գործոնների բացասական ազդեցությունն ավելի կխորանա՝ կապված նախորդ տարվա բազային էֆեկտի հետ։

Ոսկու վերաարտահանումների ազդեցությունը տնտեսության մեջ դրսևորվեց անցած տարվա վերջին եռամսյակից սկսած։ Դրա արդյունքում բարձր տնտեսական աճեր արձանագրվեցին։ Այդ արհեստական աճերի վրա ենթադրվում է, որ այս տարի շատ ավելի համեստ ցուցանիշներ կգրանցվեն։ Տարեվերջին տնտեսական աճի նվազման տեմպը կարագանա ու, ամենայն հավանականությամբ, ավելի ցածր կլինի, քան կառավարության 5,8 տոկոս կանխատեսումն է։

Թեև մեր տնտեսության խնդիրները բոլորովին էլ միայն տնտեսական աճի տեմպի մեջ չեն։ Շատ ավելի մտահոգիչ է տնտեսության ու տնտեսական աճի կառուցվածքը։

Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության աճերը կենտրոնացած են եղել գերազանցապես մեկ ոլորտում։ Տնտեսական աճին ամենամեծ նպաստումն ունեցել ու շարունակում է ունենալ առևտուրը։

Առաջին եռամսյակի 6,6 տոկոս աճի մեջ առևտրի բաժինը կազմել է՝ 5,24, երկրորդ եռամսյակի 6,4 տոկոս աճի մեջ՝ 5,58, իսկ երրորդ եռամսյակի շուրջ 5,2 տոկոս աճի մեջ՝ գրեթե 4,1 տոկոս։ Տնտեսության մյուս բոլոր ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության ու գյուղատնտեության բաժինը տնտեսական աճի գործում անհամեմատ փոքր է։ Առաջին եռամյակում դրանց նպաստումը տնտեսական աճին եղել է հազիվ 1,4, երկրորդում՝ 0,8, իսկ երրորդում՝ 1,1 տոկոսային կետի չափով։

Հայտնի գործոններով պայմանավորված՝ մի պահ արդյունաբերության նպաստումը որոշ չափով ակտիվացավ։ Սակայն երբ այդ գործոնները թուլացան, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Եթե առաջին եռամսյակում, երբ ոսկու վերաարտահանումները դեռևս էական դեր էին խաղում տնտեսական աճի մեջ, արդյունաբերության նպաստումը հասել էր գրեթե 1,5 տոկոսային կետի, արդեն երկրորդ եռամսյակում նվազեց անգամ 1 տոկոսից և կազմեց հազիվ 0,77 տոկոսային կետ։

Երրորդ եռամսյակում արդյունաբերության նպաստումը տնտեսական աճին ավելի ներքև իջավ՝ շուրջ 5,2 տոկոսանոց աճի մեջ կազմելով ընդամենը 0,59 տոկոսային կետ։

Գյուղատնտեսության պարագայում, եթե առաջին երկու եռամսյակներում նպաստումը, թեկուզ շատ չնչին, բայց դրական էր, արդեն երրորդում դարձել է բացասական։

Տնտեսական աճի մեջ ավելացել է շինարարության մասնակցությունը։ Վերջին եռամսյակի շուրջ 5,2 տոկոս աճի մեջ շինարարության նպաստումը 1 տոկոսի շրջանակում է։

Առևտրի ու շինարարության հաշվին էլ ապահովվել է տնտեսության աճը։

Անմխիթար վիճակում է ոչ միայն տնտեսական աճի, այլև տնտեսության կառուցվածքը։

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ վերամշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը։ Հայտարարում էր, թե 2008թ. ի վեր մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության մեջ հասել է 12,1 տոկոսի, ինչը նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է ու զարգանում։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից անցել է գրեթե 4 տարի, Չորս տարի անց ունենք այն, որ մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության մեջ նույնիսկ 10 տոկոսից ցածր է. Կազմել է ընդամենը 9,8 տոկոս՝ առաջին եռամսյակում եղել է 10 տոկոս, երկրորդում՝ 9,6 տոկոս, իսկ երրորդում՝ 9,8 տոկոս։

Արտադրական պոտենցիալը կրճատվել է ոչ միայն մշակող արդյունաբերության մեջ, այլև տնտեսության այլ ճյուղերում։ Գյուղատնտեսության կշիռը 2019թ. հասնում էր 10,5 տոկոսի, անցած տարի՝ 7,7 տոկոս էր, այս տարի իջել է 7,3 տոկոսի։

Տնտեսության արտադրական հատվածի փոխարեն՝ ավելացել է առևտրի դերակատարությունը։ Առևտուրը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը. կշիռը հասել է 13,8 տոկոսի։ Այն 4 տոկոսային կետով գերազանցում է մշակող արդյունաբերությանը։

Վերջին տարիների տնտեսության բարձր աճերն ահա այսպես են անդրադարձել մեր տնտեսության վերականգնման ու զարգացման պոտենցիալի վրա։ Արտադրությունը փոխարինել են առևտրով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս