Հայ գերիների վերաբերյալ ազգությամբ թուրք Ֆաթմա Աքսալի հայտարարությունն ուղղակի բարի խոսք է.  թուրքագետ

Այսօր  «108-րդ ՌՈՈՒԶ-ՌՈԹ սեմինար»-ի շրջանակներում Երևանում գտնվող ՆԱՏՕ ԽՎ ենթահանձնաժողովի նախագահ, ազգությամբ թուրք Ֆաթմա Աքսալը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, պատասխանելով նաև Ադրբեջանում ապօրինի գտնվող հայ պատանդների ու գերիների վերաբերյալ հարցին։

«Երկխոսություն է ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինձ համար մի փոքր դժվար է մանրամասներ ներկայացնել, որովհետև այդքան չեմ տիրապետում և տեղյակ չեմ ամբողջական գործընթացից, բայց եթե հնարավորություն լինի, ապա Թուրքիան հնարավորը կանի, որպեսզի գործընթացին ավելի նպաստի ու խթանի ռազմագերիների ազատման մասով»,- իր խոսքում նշեց Ֆաթմա Աքսալը։

Հարկ է հիշեցնել, որ նույն հայ գերիների ու պատանդների վերաբերյալ 2021 թվականի հունիսին Էրդողանի կինը բոլորովին այլ բան էր ասել։ Նա Շուշի մեկնելու ճանապարհին Ալիևին հորդորել էր ականապատ տարածքների քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ Աքսալի այս հայտարարությունը որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Թուրքիան հայ գերիների մասով որևէ բան չի անելու։

Կարդացեք նաև

«Այստեղ խոսքը կարող է վերաբերել միայն այն գերիներին, որոնք գերեվարվել են պատերազմի դաշտում։ Խոսքը միայն այդ ռազմագերիների մասին է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը սա չի վերաբերում. Ադրբեջանի օրենսդրությամբ այդ մարդիկ հռչակվել են «ահաբեկիչներ», որոնք մինչև վերջ պետք է դատվեն։ Հետևաբար, Թուրքիան նրանց վերադարձի հարցում չի աջակցելու»,- 168.amի հետ զրույցում նշեց Մուշեղ Խուդավերդյանը։

Թուրքագետի կարծիքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը հենց այնպես չի վերադարձնելու, իսկ վատագույն սցենարն այն է, որ չի վերադարձնելու, քանի որ այդ անձինք մշտապես եղել են Ադրբեջանի «սև ցուցակում»։

«Մինչև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումն Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ նրանք պետք է պատժվեն և իրենց պատիժը կրեն ադրբեջանական օրենքներով։ Ադրբեջանի «սև ցուցակը» չի էլ ավարտվել, ու այնպես չէ, որ այն ավարտվում է Արցախի ղեկավարությամբ, կան այլ մարդիկ, որոնք այդ ցուցակում են։

Իհարկե, հնարավոր է «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո այդ ցուցակը մի կողմ դնեն, բայց դա որոշում է Ադրբեջանի ղեկավարությունը, և ըստ նրանց՝ Արցախի պատերազմներին մասնակցած անձինք, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, «ահաբեկիչներ» են»,- հավելեց թուրքագետը։

Նա նաև նկատեց՝ հետևելով Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, թե Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և մնացյալն այս կամ այն հայտարարությունն արեցին, ակնհայտ է դառնում, որ բանտարկվելու վճիռ է արձակվելու Բաքվի դատարանում։

«Նույնիսկ այդ պայմանագրի ստորագրումից հետո պատանդները չեն վերադարձվելու, որովհետև նրանք Ադրբեջանի «սև ցուցակի» առաջին տասնյակում են գտնվել։ Այնպես որ, Թուրքիայի ներկայացուցչի հայտարարությունն ուղղակի բարի խոսքեր են»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս