
Հոկտեմբերի 12-ից եվրոպական 29 երկիր մուտք գործելիս կգործի նոր համակարգ․ ի՞նչ է պետք իմանալ

2025թ․ հոկտեմբերի 12-ից եվրոպական 29 երկրներ աստիճանաբար կգործարկեն EES մուտքի և ելքի սահմանների կառավարման նոր եվրոպական համակարգը՝ կարճաժամկետ այցի նպատակով ԵՄ մուտք գործող ճանապարհորդների գրանցման համար։
EES համակարգն աստիճանաբար կգործարկվի 29 եվրոպական երկրների արտաքին սահմաններում՝ 6 ամսվա ընթացքում։ Այդ երկրները EES-ի տարբեր բաղադրիչները կկիրառեն փուլերով, այդ թվում՝ կենսաչափական տվյալների հավաքագրումը, օրինակ՝ դեմքի պատկերը և մատնահետքերը։ Դա նշանակում է, որ ճանապարհորդների կենսաչափական տվյալները (դեմքի պատկեր և մատնահետքեր) կարող են անմիջապես չհավաքագրվել յուրաքանչյուր սահմանային անցակետում, և նրանց անձնական տվյալները համակարգում կարող են չգրանցվել։ Անցագրերը շարունակելու են կնիքվել նախկինի պես։
Այս փուլային անցումը կտևի մինչև 2026 թվականի ապրիլի 9-ը։ 2026 թվականի ապրիլի 10-ից սկսած EES համակարգը լիարժեք կգործի այն օգտագործող եվրոպական բոլոր երկրների արտաքին սահմանային անցակետերում։
EES համակարգը կիրառվում է, եթե դուք ԵՄ անդամ երկրի քաղաքացի չեք և կարճաժամկետ այցով մեկնում եք որևէ եվրոպական երկիր, որը կիրառում է այդ համակարգը, և եթե՝
• ունեք կարճաժամկետ վիզա, կամ
• վիզայի կարիք չունեք մինչև 90 օր մնալու համար՝ 180-օրյա ցանկացած ժամանակահատվածում։
Ձեր ճանապարհորդական փաստաթղթերի տվյալները և այլ անձնական տվյալները, ներառյալ` մուտքի և ելքի ամսաթվերը, կհավաքագրվեն և էլեկտրոնային ձևով կգրանցվեն համակարգում։ Այս ընթացակարգը կդյուրացնի ձեր սահմանային անցումը։
Եթե դուք գերազանցեք EES կիրառող եվրոպական երկրներում թույլատրելի ժամկետը, համակարգը կբացահայտի դա և կարձանագրի տվյալ տեղեկատվությունը։
Եթե իշխանությունները մերժեն ձեր մուտքը, համակարգը կարձանագրի այդ տվյալը ևս։
90 օրերի ժամանակահատվածը ցանկացած 180 օրվա ընթացքում հաշվարկվում է որպես մեկ միասնական ժամանակահատված՝ բոլոր այն եվրոպական երկրների համար, որոնք կիրառում են EES համակարգը։
EES համակարգում պահպանվող կենսաչափական տվյալները տարբեր կլինեն՝ կախված նրանից, արդյոք ձեզ անհրաժեշտ է կարճաժամկետ վիզա, թե ոչ։
Պե՞տք է կարճաժամկետ վիզա եվրոպական այն երկրներ ճանապարհորդելու համար, որոնք կիրառում են EES։ Այս դեպքում համակարգը կպահպանի միայն ձեր դեմքի պատկերը (մատնահետքերն արդեն իսկ գրանցվել էին վիզայի դիմում ներկայացնելու ժամանակ)։
Վիզա անհրաժեշտ չէ՞։ Այս դեպքում համակարգը կպահպանի ձեր 4 մատնահետքերն ու դեմքի պատկերը։
Ներկայումս 12 տարեկանից փոքր երեխաների մատնահետքերը չեն սկանավորվում, նույնիսկ եթե նրանք ենթարկվում են EES համակարգի կիրառմանը։
Ըստ համակարգը ներդնողների՝ եվրոպական երկրները, որոնք կիրառում են EES համակարգը, կարող են որոշել իրենց գործընթացներն ավելի ավտոմատացնել։
Ավտոմատացումը նշանակում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող քաղաքացիները կարող են օգտվել հատուկ սարքավորումներից՝ «ինքնասպասարկման համակարգից»։ Եթե այն հասանելի է սահմանային անցակետում, ինքնասպասարկման համակարգը հնարավորություն է տալիս․
• գրանցվել սահմանը հատելիս,
• ստուգել` արդյոք ձեր տվյալները դեռևս պահպանված են EES-ում, և եթե տվյալներ չկան՝
• դրանք ներբեռնել հետագա ստուգման համար՝ անձնագրային վերահսկողության աշխատակցի կողմից։
Ինքնասպասարկման համակարգից օգտվելուց հետո դուք կարող եք անցնել անձնագրային վերահսկողության գոտի, որտեղ աշխատակիցն արդեն կունենա․
• տվյալներ ինքնասպասարկման համակարգից (ներառյալ՝ այլ տվյալների բազաներում ստուգումների արդյունքները),
• ձեր ինքնության հաստատումը,
• ձեր մնալու ժամկետի վերաբերյալ տեղեկությունը։
Այնուհետև անձնագրային վերահսկողության աշխատակիցը կարող է լրացուցիչ հարցեր տալ, նախքան որոշում կայացնելը՝ թույլատրել, թե մերժել ձեր մուտքը տվյալ տարածք։
Ավտոմատացված սահմանային գործընթացները՝ մինչ անձնագրային վերահսկողության աշխատակցի մոտ հասնելը, կօգնեն աստիճանաբար կրճատել հերթերը։ Ավտոմատացումը փոխարինում է երկարատև ձեռքով ստուգումներին։
Ի՞նչ տեսակի անձնագիր է անհրաժեշտ ինքնասպասարկման համակարգից օգտվելու համար։
Դրա համար անհրաժեշտ է ունենալ կենսաչափական անձնագիր՝ այնպիսի անձնագիր, որն իր մեջ պարունակում է չիպ՝ ձեր կենսաչափական տվյալներով, որոնք հավաքագրվել են անձնագրի համար դիմելու պահին։
Եթե դուք չունեք կենսաչափական անձնագիր, ապա չեք կարողանա օգտվել ինքնասպասարկման համակարգերից։
Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ կենսաչափական անձնագիր՝ EES համակարգը կիրառող եվրոպական երկրների սահմանները հատելու համար։
Ոչ։ Ընդհանուր առմամբ, սահմանը հատելիս ընդունվում են թե՛ կենսաչափական, թե՛ ոչ կենսաչափական անձնագրերը, եթե դրանք վավեր են և կատարվում են մուտքի բոլոր այլ պայմանները։
Կենսաչափական անձնագիր ձեզ անհրաժեշտ է միայն այն դեպքում, եթե ցանկանում եք օգտվել սահմանը հատելու ավտոմատացված ձևերից («ինքնասպասարկման համակարգերից»), որոնք հասանելի են որոշ սահմանային անցակետերում։
ԵՄ երկրները, որպես կանոն, ընդունում են ճանապարհորդական մեծամասնություն փաստաթղթերը, ներառյալ՝ ոչ կենսաչափական անձնագրերը։
Եթե դուք առաջին անգամ եք ժամանում սահմանային անցակետ՝ EES համակարգի գործարկումից հետո, պետք է տրամադրեք ձեր անձնական տվյալները։ Անձնագրային վերահսկողության աշխատակիցները կսկանավորեն ձեր մատնահետքերը կամ կլուսանկարահանեն ձեր դեմքը։ Այս տեղեկատվությունը կպահպանվի թվային ֆայլում։
Այս գործընթացը կարող է ավելի արագ լինել, եթե որոշ տվյալներ նախօրոք գրանցեք։ Դա կարող եք անել՝
• հատուկ սարքավորման («ինքնասպասարկման համակարգի») միջոցով, եթե այն հասանելի է ձեր սահմանային անցակետում, և/կամ
• շարժական հավելվածի միջոցով՝ եթե այն տրամադրված է ժամանման կամ մեկնման երկրի կողմից։
Նշված բոլոր դեպքերում դուք հանդիպելու եք անձնագրային վերահսկողության աշխատակցի։
EES համակարգը չի կիրառվում հետևյալ անձանց նկատմամբ․
• Եվրոպական այն երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք կիրառում են EES, ինչպես նաև Կիպրոսի և Իռլանդիայի քաղաքացիների նկատմամբ։
• ԵՄ անդամ չհանդիսացող այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն բնակության քարտ և անմիջապես կապված են ԵՄ քաղաքացու հետ։
• ԵՄ անդամ չհանդիսացող այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն բնակության քարտ կամ բնակության թույլտվություն և անմիջապես կապված են ոչ ԵՄ քաղաքացու հետ, ով կարող է ազատ ճանապարհորդել Եվրոպայում՝ ինչպես ԵՄ քաղաքացի։
• ԵՄ անդամ չհանդիսացող այն անձանց նկատմամբ, ովքեր Եվրոպա են մեկնում կորպորացիայի ներսում տեղափոխման, ինչպես նաև հետազոտության, ուսման, վերապատրաստման, կամավորական ծառայության, աշակերտական փոխանակման ծրագրերի, կրթական նախագծերի կամ օպերաշխատանքի նպատակով։
• Բնակության թույլտվություն և երկարաժամկետ վիզա ունեցող անձանց նկատմամբ։
• Անդորրայի, Մոնակոյի և Սան Մարինոյի քաղաքացիների, ինչպես նաև Վատիկանի Պետության կամ Սրբազան Աթոռի կողմից տրված անձնագիր ունեցողների նկատմամբ։
• Այն անձանց նկատմամբ, ովքեր ազատված են սահմանային ստուգումներից կամ ունեն որոշակի արտոնություններ սահմանային ստուգումների նկատմամբ (օրինակ՝ պետությունների ղեկավարներ, հավատարմագրված դիվանագետներ, սահմանամերձ աշխատողներ և այլն)։ Դիվանագետները, որոնք կարճաժամկետ այցով են ճանապարհորդում, որոշ պայմաններում կարող են ազատվել EES-ում գրանցումից։
Բացի այդ, EES-ում գրանցման բացառությունները վերաբերում են նաև․
• Զինված ուժերի այն անդամներին, ովքեր ճանապարհորդում են ՆԱՏՕ-ի կամ «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում և ունեն անձը հաստատող փաստաթուղթ ու անհատական կամ կոլեկտիվ տեղաշարժի հրաման՝ ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի կողմերի միջև ստորագրված համաձայնագրի։ Այս բացառությունը կարող է կիրառվել նաև ՆԱՏՕ-ի ուժերի մասին համաձայնագրում հիշատակված քաղաքացիական անձնակազմի և նրանց ընտանիքների նկատմամբ։
• Այն անձանց նկատմամբ, ովքեր պարտավոր չեն հատել արտաքին սահմանները միայն սահմանային անցակետերում և միայն սահմանված ժամերին։
• Տեղական սահմանային երթևեկության վավեր թույլտվություն ունեցողների նկատմամբ։
• Միջազգային ուղևորատար և բեռնատար գնացքների անձնակազմի նկատմամբ։
• Վավերացված հեշտացված երկաթուղային տարանցման փաստաթուղթ կամ հեշտացված տարանցման փաստաթուղթ ունեցողների նկատմամբ, պայմանով, որ նրանք ճանապարհորդում են գնացքով և չեն իջնում ԵՄ անդամ պետության տարածքում։
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել պաշտոնական կայք՝ Travel to Europe։