«Նույնիսկ Սովետական Միության շրջանում Արարատը հարգվում էր որպես Հայաստանի և հայկական մշակույթի խորհրդանիշ. Արարատն անհնար է վերացնել». Պիետրո Շաքարյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս (պատմաբան) դոկտոր Պիետրո Շաքարյանը հրապարակել է նոր գիրք՝ «Անաստաս Միկոյան․ հայ բարեփոխիչը Խրուշչովի Կրեմլում» վերնագրով։

168.am-ի հետ հարցազրույցում նա խոսել է գրքի, ինչպես նաև մի շարք աշխարհաքաղաքական հարցերի մասին:

«Ես չէի կարծում, որ Անաստաս Միկոյանն այդքան ներգրավվածություն ուներ հայկական գործերի մեջ։ Կարծում էի՝ նա հիմնականում զբաղված է եղել մոսկովյան գործերով։ Բայց հատկապես Խրուշչովյան ժամանակաշրջանում նա իրականում ակտիվորեն աջակցում էր Երևանի հայ ղեկավարությանը ենթակառուցվածքային ծրագրերում, հանդես էր գալիս որպես ոչ պաշտոնական խորհրդատու, երբեմն նույնիսկ՝ որպես ոչ պաշտոնական լոբբիստ Հայաստանի համար։ Օրինակ՝ Սևանի պարագայում։ Գիտենք, որ Սևանի ջրերն օգտագործվում էին հիդրոէներգետիկ նպատակներով, ինչի հետևանքով լճի մակարդակն այնքան իջավ, որ Սևանի կղզին դարձավ թերակղզի։ Եվ որոշվեց, որ դա պետք է դադարեցվի։ Հայկական կառավարությունը հասկացավ, որ պետք է Արփա գետի ջրերն ուղղվեն Սևան։ Բայց սա շատ ծախսատար ծրագիր էր Սովետական Հայաստանի համար, և նրանք դիմեցին Անաստաս Միկոյանի խորհրդին։ Միկոյանն ասաց՝ Խրուշչովին մի՛ ասեք ծրագրի ամբողջական արժեքը, քանի որ նա շատ կզայրանա։ Պարզապես նշեք թունելի արժեքը, բայց ոչ՝ ենթակառուցվածքների ամբողջ ծախսերը։ Բացի այդ, ծրագրի մեջ ներառեք, որ մոտ 30 տոկոսը կֆինանսավորվի հենց Սովետական Հայաստանի բյուջեից։ Միկոյանը ներգրավված էր այս ու նմանատիպ ծրագրերում՝ հանգստավայրերի, գյուղական տնտեսությունների զարգացման, Սանահինում, Կապանում և այլ վայրերում իրականացվող աշխատանքներում։ Նա Հայաստան այցելել է բազմիցս, ամենահիշարժանը՝ 1962 թվականին։ Այդ այցելության մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել։ Սա իսկապես բացառիկ պատմություն է, որի մասին ես նախկինում անգամ չգիտեի»,- նշել է Պիետրո Շաքարյանը։

Կարդացեք նաև

Պիետրո Շաքարյանը կարևորել է Անաստաս Միկոյանի ելույթը 1954թ․ մարտին Երևանում։

«Ստալինը մահացավ մեկ տարի առաջ՝ 1953թ մարտին։ Իսկ 1954թ մարտի 11-ին Միկոյանը եկավ Երևան և հանդես եկավ կարևոր ելույթով, որտեղ կոչ արեց վերականգնել Եղիշե Չարենցի անունը, վերահրատարակել հայ գրողների, օրինակ՝ Ռաֆայել Պատկանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև պահպանել Ալեքսանդր Մյասնիկյանի հիշատակը։ Սա դեստալինիզացիայի գործընթացի սկիզբն էր Հայաստանում»,- ասաց նա։

Պ. Շաքարյանի խոսքով՝ այդ ելույթը Երևանում բացեց ճանապարհ 1965թ․ Հայոց  ցեղասպանության հիշատակի ցույցերի, իսկ հետագայում՝ նաև 1988թ․ Ղարաբաղյան շարժման համար։

«Միկոյանը Հայաստան եկավ Ստալինի հրամանով։ Դա հարկադրական միջամտություն էր։ Ռեպրեսիաները Հայաստանում արդեն ընթացքի մեջ էին։ Դրանք սկսվեցին 1936թ հուլիսին, երբ Լավրենտի Բերիան սպանեց Աղասի Խանջյանին։ Խանջյանը և նրա շրջապատը վտանգ էին ներկայացնում Բերիայի համար, քանի որ նրանք խոչընդոտում էին նրա՝ Կովկասում քաղաքական գերակայություն հաստատելու հավակնություններին։ Հայ հայտնի գրողները՝ Չարենցը, Բակունցը, Թոթովենցը և մյուսները, բոլորը Խանջյանի կողմնակիցներն էին։ Ամենաակտիվն այդ շրջանում Ներսիկ Ստեփանյանն էր։ Երբ Բերիան վերացրեց Խանջյանին, նա Հայաստանում հաստատեց իր մարդկանց ու սկսեց լայնածավալ ռեպրեսիաներ։ Միկոյանի դերն այս իրադարձություններում փաստագրված է, բայց պետք է նշել, որ դա հարկադրական էր։ Ստալինը նրան ուղարկեց նաև որպես զգուշացում՝ հիշեցնելով Բաքվի 26 կոմիսարների ճակատագիրը»,- ընդգծեց պատմաբանը։

Անդրադառնալով Արցախի (Ղարաբաղ) հարցի վերաբերյալ Անաստաս Միկոյանի ունեցած դիրքորոշմանը՝ Պիետրո Շաքարյանը նշեց․

«Սկզբնական շրջանում Միկոյանն ավելի միջազգային մոտեցում ուներ, և նա առանձնապես չէր շեշտում հայկական ազգային հարցերը։ 1919թ Լենինին ուղղված նամակում նա գրել է, որ կարծես Ղարաբաղի հայերը ցանկանում են լինել սովետական Ադրբեջանի կազմում, սակայն իրականում Ղարաբաղյան 5-րդ համագումարի որոշումն այլ էր նրանք հստակ հայտարարեցին, որ չեն ցանկանում լինել Ադրբեջանի կազմում։ Պարզապես Միկոյանը ստացել էր սխալ տեղեկություն Բաքվից»։

Պատմաբան Պիետրո Շաքարյանը պատմեց նաև Արարատի և Թուրքիայի բողոքի մասին՝ կապված խորհրդահայկական զինանշանի հետ։

«Խրուշչովի հուշերում կա հայտնի պատմություն, որ իրականում սկիզբ է առնում դեռևս 1920-ականներից։ Թուրքիան բողոքել էր, որ խորհրդահայկական զինանշանի վրա Արարատ լեռն է պատկերված, որը Թուրքիայի տարածքում է։ Սովետական ԱԳՆ-ն պատասխանեց «Լավ, բայց ձեր դրոշի վրա կիսալուսին կա, արդյո՞ք դա նշանակում է, որ Թուրքիան տիեզերքի վրա իրավունք ունի»։ Դրանից հետո Թուրքիան դադարեցրեց իր բողոքները։ Այսօր էլ Հանրապետության հրապարակում կառավարական շենքի վրա տեսնում ենք այդ խորհրդահայկական զինանշանի ռելիեֆը։ Դա ցույց է տալիս, որ նույնիսկ Սովետական Միության շրջանում Արարատը հարգվում էր՝ որպես Հայաստանի և հայկական մշակույթի խորհրդանիշ: Արարատը խորապես հայկական ազգային խորհրդանիշ է, և անհնար է այն վերացնել, գուցե որոշ մարդիկ ուզենային դա անել, ցավոք, ինչպես դա փորձում է անել Հայաստանի ներկայիս կառավարությունը»,- նշեց նա։

Նրա կարծիքով, ներկայիս կառավարության որոշումները «խենթություն» են։

«Արարատը միշտ էլ կմնա հայկական խորհրդանիշ, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում»,- ասաց Շաքարյանը։

Անդրադառնալով Ղարաբաղյան շարժման արժեքներին՝ նա ընդգծեց․

«Շարժման հիմնական նպատակն Արցախի հայերի ժողովրդավարական իրավունքներն էին՝ իրենց ապագան որոշելու հարցում։ Դա ինքնորոշման մասին էր։ Եվ այն ժամանակ, երբ Ղարաբաղի մարզային խորհուրդը քվեարկեց միանալու Սովետական Հայաստանին, դա ժողովրդավարական քաջության արտահայտություն էր։ Այսօր, երբ Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ այլևս չի շարունակելու Ղարաբաղյան շարժման ուղին, դա այդ արժեքների դավաճանություն է։ Ժողովրդավարությունը հենց ժողովուրդների ինքնորոշման մասին է։ Իսկ եթե Ստեփանակերտի ժողովուրդն ուզում է ինքնուրույն որոշել իր ապագան, դա նրանց իրավունքն է։ Այն, ինչ եղավ 1988-ին, կարևորագույն շարժում էր Հայաստանի Երրորդ Հանրապետության ամբողջ պատմության մեջ»։

Պատմաբանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին․

«Այսօր էլ Ալիևը նոր պահանջներ է դնում Հայաստանի առաջ։ Եվ անգամ, եթե Հայաստանը կատարի բոլոր պահանջները, վաղը նա նոր պահանջներ կներկայացնի։ Դա շատ մտահոգիչ է», եզրափակեց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս (պատմաբան) դոկտոր Պիետրո Շաքարյանը։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս