Հայտնի է, թե ինչ առաջարկ է արել Շվեյցարիան ԱՄՆ-ին

Շվեյցարիան Միացյալ Նահանգներին առաջարկում է ամերիկյան զենքի և էներգետիկ արտադրանքի, այդ թվում՝ հարստացված ուրանի և հեղուկացված բնական գազի ներմուծման ավելացում՝ առևտրային սակագների իջեցման դիմաց, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած երկու աղբյուրների։

Օգոստոսի 1-ին Միացյալ Նահանգները Շվեյցարիայի նկատմամբ սահմանեց 39% ներմուծման սակագին։ Սա ամենաբարձր մաքսատուրքն է եվրոպական երկրների շարքում և ամենաբարձրերից մեկը աշխարհում։ Խոշոր տնտեսություններից միայն Բրազիլիան և Հնդկաստանն (երկուսն էլ՝ 50%) ունեն ավելի բարձր սակագներ։

«Շվեյցարիան առաջարկում է ավելի շատ ամերիկյան զենք և էներգակիրներ գնել, ինչպես նաև ավելի շատ ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում՝ ևս մեկ փորձ անելով համոզել Թրամփի վարչակազմին իջեցնել շվեյցարական ներմուծման մաքսատուրքերը»,- նշվում է հրատարակության հոդվածում։

Ըստ ԱՄՆ և Շվեյցարիայի միջև առևտրի պալատի ղեկավար Ռահուլ Սահգալի, որին մեջբերում է թերթը, Վաշինգտոնի և Բեռնի միջև բանակցությունները շարունակվում են, և կողմերը զգալի առաջընթաց են գրանցել, սակայն մոտ ապագայում համաձայնության հասնելը քիչ հավանական է։ Անանուն ամերիկացի պաշտոնյան նույնպես հաստատել է թերթի հետ զրույցում, որ կողմերը դեռևս քննարկում են հնարավոր առևտրային համաձայնագիրը։

Ինչպես հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրին, Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Սատտերի և ամերիկացի առաջնորդի միջև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկկողմ հանդիպումը դեռևս հաստատված չէ: Ավելին, Քելլեր-Սատտերը ներկայումս չի պլանավորում կրկին այցելել Սպիտակ տուն:

Տեսանյութեր

Լրահոս