
Բժիշկը նշել է առավոտյան սուրճ խմելու երեք սխալների մասին

Օրվա ընթացքում էներգիայով լի մնալու համար առավոտյան սուրճից առաջ մեկ բաժակ ջուր խմեք: Բացի այդ, խուսափեք արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելուց և հրաժարվեք դրան կաթ և շաքար ավելացնելուց: Այս մասին 20minutos-ին տված հարցազրույցում ասել է էնդոկրինոլոգ Ֆրանցիսկո Ռոսերոն։
«Քնի ընթացքում մարմինը մի քանի ժամ մնում է առանց ջրի, այդ իսկ պատճառով շատ մարդիկ արթնանում են ջրազրկված»,- բացատրել է Ռոսերոն։
Մասնագետի խոսքով՝ առավոտյան ջուր խմելը նպաստում է մարսողական համակարգի և ուղեղի գործառույթների բարելավմանը: Ջուրը խթանում է աղիքային գործունեությունը, նվազեցնում է կողմնակի տհաճ ազդեցությունների՝ այրոցի և փքվածության ռիսկը, որոնք հաճախ առաջանում են նախաճաշից հետո։
Ավելին, բժիշկը խորհուրդ է տալիս արթնանալուց անմիջապես հետո սուրճ չխմել, քանի որ այն կարող է վատթարացնել ջրազրկումը՝ խթանելով միզարձակումը և մեծացնելով հեղուկի կորուստը։
«Կարևոր է հիշել, որ օրվա առաջին կեսին սուրճ խմելը կարող է մեծացնել հոգնածությունը, եթե օրգանիզմի ջրային հաշվեկշիռը չի վերականգնվում»,- զգուշացրել է էնդոկրինոլոգը։
Ռոսերոն նաև խորհուրդ է տվել սուրճն ըմպել առանց կաթի կամ շաքարի, քանի որ հավելումները կարող են խաթարել կոֆեինի կլանումը և նվազեցնել սպասվող էներգետիկ ազդեցությունը։