«Վախս կորցրել եմ. իրավունք չունեմ թուլանալու, եթե թուլանամ, խելագարվեմ, որդուս հարցերը ո՞վ պետք է լուծի, ո՞վ պետք է նրան որոնի». Նվարդ Պետրոսյան
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Պետրոսյանների ընտանիքը սպասում է որդուն՝ Գարիկին։ Չորս երկար ու ձիգ տարիներ Գարիկի մայրը՝ 52-ամյա Նվարդ Պետրոսյանը, օրը սկսում ու ավարտում է աղոթքով՝ որ մինուճար որդին վերադառնա։ Հույսն ու հավատը միակ բանն են, որ այս տարիների ընթացքում չեն լքել մորը։
Տիկին Նվարդը մեզ դիմավորեց Արմավիրի մարզի Հացիկ գյուղում գտնվող իրենց տան բակում, որտեղ այժմ ապրում է Գարիկի երիտասարդ կնոջ՝ Գոհարիկի ու 6-ամյա թոռան հետ։
Կոկիկ հավաքված տան մի անկյունում դրված դաշնամուրին Գարիկի, կնոջ և դստեր նկարներն են դրված՝ խնամքով մեկը մյուսի հետևից դասավորված՝ նկարից բոլորը ժպտում են, Գոհարիկն ու Գարիկը փոքրիկ դստերը գրկած երջանիկ են։ Ըտանիքը սպասում է Գարիկի վերադարձին, որպեսզի նա կրկին վերադարձնի իրենց ժպիտն ու երջանկությունը։
Նվարդ Պետրոսյանն այլևս որևէ պետական կառույցից հույս չունի, երկու ձեռքով կառչած է միայն Աստծուն։ Վերջին անգամ տիկին Նվարդը Գարիկի հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ կեսգիշերին, տղան ասել է՝ մի քանի օր անհասանելի կլինի, չանհանգստանան։ Մոր մտքով չի էլ անցել, որ «Քիմիկների զորմասում» ծառայող որդուն կարող են տանել մարտի ամենաթեժ վայրերը։
Տիկին Նվարդը խոստովանում է՝ հոգեպես մեծ ցավ է ապրում՝ վերադառնալով 2020 թվականի հոկտեմբեր, վերհիշելով ամբողջ ցավալի դեպքերը, նույնիսկ այդ իրադարձությունների մասին հարցերն են իրեն ցավեցնում։
«Որդուս մասին երբեք անցյալով չեմ խոսում, նա կա, ու ես սպասում եմ իրեն…»
«Մեր՝ ծնողներիս հոգեվիճակը նույնիսկ բառերով նկարագրելու չէ։ Գարիկս շատ գաղտնապահ էր՝ ծառայության հետ կապված որևէ բան չէր ասում, այդ օրն էլ, երբ զանգահարեց՝ որևէ բան չասաց, միայն ասաց, որ անհասանելի է լինելու՝ չանհանգստանանք, անվտանգությունից ելնելով՝ հեռախոսներն անջատելու են։ Մեր վերջին խոսակցությունը սա է եղել մինչև օրս։ Որդուս մասին երբեք անցյալով չեմ խոսում. նա կա, ու ես սպասում եմ իրեն…
Վերջին չորս տարիների ընթացքում հետհայացք գցելով՝ արդեն որդուս ասածներից հասկանում եմ, որ լավ էլ գիտակցել է, թե ուր է գնում, ու ինչեր կարող են տեղի ունենալ։ Պարզապես չի ցանկացել մեզ անհանգստացնել։ Ախր «Քիմիկների զորամասի» զինծառայողի գործառույթն այլ է, նրանք պետք է հայտնվեն այն տարածքում, որտեղ քիմիկական զենք են օգտագործել, ու այդ տարածքն ախտահանեն, նրանց ֆունկցիան միայն դա է եղել։ Մինչև հոկտեմբերի 8-ը Գարիկս տանն է եղել՝ արձակուրդում էր, կարող էր և չգնալ։ Բայց տրիվոգայով պետք է տանեին Էջմիածնի զորամաս, այնտեղ հրահանգավորեին, թե ուր պետք է գնան։ Ես աշխատանքի էի, երբ իմացա, որ Գարիկը պետք է գնա զորամաս, զանգահարեցի, ասացի՝ արձակուրդում ես, ինչո՞ւ ես գնում, նա էլ պատասխանեց, թե՝ մամ, ընկերներս գնան, ես չգնա՞մ…»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Նվարդը, որոշ ժամանակ լռում ու նայում պատուհանից դուրս, անորոշ մի կետի։
Լռությունը չենք խախտում, տիկին Նվարդը հայացքը գցելով ձայնագրիչին, ասում է, որ այս չորս տարիների ընթացքում այնքան բաներ է գլխով անցել, որ շատ բաներ կա, մոռացել է, ինչ-որ պահի է այդ իրադարձությունները հիշում։ Մի դեպք կա, որ երբեք չի մոռանում. արձակուրդից որդու զորամաս գնալն է եղել։
«Գուցե մտածել է, որ տունը, կնոջն ու երեխային այլևս կարող է չտեսնել»
«Մեր այս տունը 2020 թվականին դեռ անսարք էր, Գարիկս նոր-նոր էր ինձ թիկունք դառնում, որ տունը կարգի բերենք, տանիքը դեռ սարքած չէր։ Միշտ ասում էինք՝ տանը մնա, տանիքի գոնե մի մասը սարքի։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան արդեն, երբ Գարիկս պետք է գնար զորամաս, առավոտ շուտ է արթնացել, արագ-արագ փորձել է կտուրի մի մասը սարքել, որ անձրևաջրերը բակ չլցվեն։ Հարսս պատմում է, որ շատ է շտապել, այդ գործը շատ արագ է արել։
Մտքիցս դուրս չի գալիս Գարիկի՝ տանից գնալը, կնոջն ու երեխային հաջող է արել, իսկ երբ փողոցից շարժվել է՝ շրջվել ու հետ է նայել տանը։ Գարիկս երբեք նման բնավորություն չի ունեցել, նրան լավ գիտեմ։ Գուցե մտածել է, որ տունը, կնոջն ու երեխային այլևս կարող է չտեսնել…»,- ասում է տիկին Նվարդը։
Գարիկից 3 օր լուր չունենալուց հետո տիկին Նվարդը որոշել է գնալ «Քիմիկների զորամաս»՝ ճշտելու՝ որդին որտե՞ղ է ու ինչո՞ւ չի զանգահարում։ Այդ անգամ նրան զորամասում չեն ընդունել՝ պատճառաբանելով, թե հրամանատարը լավ վիճակում չէ, ի վիճակի չէ որևէ մեկի հետ զրուցել։ Այդ ժամանակ տիկին Նվարդը գլխի չի ընկել, թե ի՞նչ է կատարվում, տուն վերադառնալուց հետո ամբողջ գիշեր չի քնել, մտածել է, թե ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ որևէ մեկն իր հարցերին չի կարողանում պատասխանել։
«Միանգամից հարցրեցի՝ Գարիկս որտե՞ղ է, նա էլ թե՝ շրջափակման մեջ է ընկել»
«Առավոտյան կրկին գնացի զորամաս, ասացի՝ մինչև ինձ հրամանատարը չընդունի, զորամասից դուրս չեմ գա։ Ինձ տարան հրամանատարի մոտ՝ Արսեն Աբգարյանի, նա նստած էր, ձեռքերը քերծված։ Միանգամից հարցրեցի՝ Գարիկս որտե՞ղ է, նա էլ թե՝ շրջափակման մեջ է ընկել։ Հարցրեցի՝ իրար հե՞տ եք եղել, պատասխանեց, թե՝ հա, ասացի՝ բա դու այստեղ ի՞նչ գործ ունես։ Սկսեց հեքիաթ հորինել, թե անսպասելի է եղել, միանգամից հարձակում է տեղի ունեցել իրենց վրա, և այլն։ Պատասխանն ինձ չբավարարեց, ասում էր, թե հրաշքով է փրկվել, Անդրանիկ Մակարյանն իրեն մի քանի անգամ հրահանգել է երեխաներին հանել դիրքեր, ինքը հրաժարվել է, որ քիմիկներն ի վիճակի չեն դիրքերում կռվել, մի քանի անգամ հաջողվել է, սակայն չորրորդ անգամ՝ հոկտեմբերի 20-ին՝ լուսադեմին Անդրանիկ Մակարյանը հայտնվել է ու հրահանգել, թե պետք է Կովսականի հատվածում գնան գործողությունների, մի քանի ադրբեջանցիներ կան, որոնց ուղղակի պետք է տարածքից մաքրեն, հետո նրանց հետևից օգնող ուժ կհասնի։ Գնացել ու հայտնվել են շրջափակման մեջ՝ զինված ադրբեջանցիների հատուկջոկատայինների ու վարձկանների կողմից։
Պատկերացրեք, գործողությունների գնացող տղաներին ինչ կարգի են տրամադրել, որ տղաները ավտոբուսի մեջ քնել են։ Սա հրամանատարական անփութության պատճառով է եղել, Անդրանիկ Մակարյանը գիտակցաբար հրամանը տվել է, մինչդեռ գիտեին, որ տարածքն ադրբեջանցիները հոկտեմբերի 18-ին գրավել էին։ Պատերազմի օրերին ամեն երեկոյան նստում էինք հեռուստացույցի դիմաց, որպեսզի տեսնենք, թե ինչ է ասում Արծրուն Հովհաննիսյանը։ Տեսանյութում ադրբեջանական դրոշը Կովսականի դպրոցի տանիքին ծածանվում էր, հատուկջոկատայինները շարված էին, սա Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանում էր, թե ֆեյք է, չկա նման բան։ Մինչդեռ իրականություն էր, որովհետև «Քիմիկների զորամասի» գործով դատական նիստի ընթացքում վկաներից շատերն ասել են, որ ֆեյք չէ, Անդրանիկ Մակարյանը լավ էլ իմացել է, որ այդ տարածքը գրավված է եղել, ու մտածված հոկտեմբերի 20-ին զորքին հրամայում է մտնել այդ տարածք։ Մտել ու ընկել են շրջափակման մեջ, խուճապ է առաջացել, ու մենք չգիտենք՝ տղաներից ով ինչ ճակատագրի է արժանացել»,- պատմում է տիկին Նվարդը։
Այն օրը, երբ Գարիկը հայտնվել է շրջափակման մեջ, տիկին Նվարդի ինքնազգացողությունն աշխատավայրում ամբողջ օրը վատ է եղել։ Ասում է՝ ամբողջ մարմինն ու սիրտը ցավել է՝ այդ ցավից նույնիսկ չի կարողացել կենտրոնանալ ու հաշվարկ անել։ Մտքով չի անցել, որ որդին վտանգի մեջ է, ամիսներ անց է միայն գլխի ընկել, թե ինչու էր ամբողջ օրը սիրտը ծակում, մարմինը ցավում։
Տիկին Նվարդի համար կյանքը միշտ է դժվար եղել, կյանքում թե՛ իրեն, թե՛ որդուն որևէ բան հեշտությամբ չի տրվել, ինչի էլ հասել են, հասել են աշխատասիրության, նպատակասլացության ու համառության շնորհիվ։ Գարիկի նպատակներից մեկը եղել է տան կառուցումն ավարտին հասցնելը։
«Փողոցով զինվորների մեքենա է անցել, Գարիկս կանգնեցրել ու արկղով դեղձը տվել է զինվորներին, որ տանեն ուտեն»
«Գարիկս հիմա 30 տարեկան է, 2020 թվականին 26 տարեկան էր, անսահման բարի էր, անսահման։ Մի անգամ Գարիկիս մի սվիտեր էի գնել, գնաց գործի՝ մեքենաներ էր սարքում, երեկոյան վերադարձավ առանց սվիտեր, հետո իմացա, որ մի չունևոր երեխայի է տվել, որովհետև այդ երեխան մի մարդու հետ մեքենան սարքելու է տարել, Գարիկս տեսել է՝ երեխան մրսում է՝ վրայից սվիտերը հանել ու տվել է երեխային։ Մինչև պատերազմը դեղձի դաշտեր ունեի, տղայիս ու աղջկաս հետ էի մշակում։ Մի տարի դեղձը հավաքեցինք, բերեցինք բակ, ասացի՝ Գարիկ ջան, արկղով դիր փողոցում վաճառիր, շուկա չտանենք, որովհետև մեր փողոցում այդպես էին անում՝ բերքը դնում վաճառում էին։ Գարիկս արկղով դեղձը տարավ, որոշ ժամանակ հետո վերադարձավ՝ ո՛չ դեղձը կար, ո՛չ գումարը։ Փողոցով զինվորների մեքենա է անցել, Գարիկս կանգնեցրել ու արկղով դեղձը տվել է զինվորներին, որ տանեն ուտեն։ Որդուս բարությունը սահմաններ չունի, չափից դուրս նվիրված մարդ է»,- հիշում է տիկին Նվարդը։
2020 թվականի նոյեմբերի 27-ին տիկին Նվարդն ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով տեսանյութ է տեսել, որտեղ կանգնած է եղել բեռնատար մեծ մեքենա՝ 10-15 հոգի հայ զինվորներ, որոնց ձեռքերը հետևում կապված են եղել, նրանց հերթով բարձրացրել են բեռնատար մեքենա։ Տղաներից մեկին նա Գարիկին է նմանեցրել, ասում է՝ քայլվածքը, կեցվածքը որդունն է եղել, նրա կրած սև գլխարկն էլ, որը միշտ գլխին է եղել։ Այս տեսանյութը տիկին Նվարդը տրամադրել է գրեթե բոլոր գերատեսչություններին, այդ թվում՝ ՄԻՊ-ին, ՀՀ դեսպանատներին, ՄԱԿ գրասենյակին, իրավապաշտպաններին, սակայն որևէ արձագանք չկա։
Տիկին Նվարդը խոստովանում է՝ օրեր են եղել, որ մտածել է, թե խելագարվում է, այլևս ապրելու ուժ չունի, բայց միանգամից հիշել է 6-ամյա թոռանը՝ Գարիկի դստերը, ում համար պատասխանատու է, որովհետև երբ Գարիկը վերադառնա, դստերն ու կնոջը լավ պետք է տեսնի։
«Երբեք չի եղել, որ ես պետական դռներից վերադառնամ հույսով»
«Օրեր են եղել, որ ինքս ինձ մի կերպ եմ հավաքել, ուժ տվել, ամիսներով աշխատանքի չեմ գնացել։ Իհարկե, Աստված է ինձ ուժ տվել, հավատս, աղոթքը, ֆիզիկապես ու հոգեպես ինքս ինձ ուժ տալով՝ փորձել եմ ոտքի վրա մնալ, որ Գարիկիս ընտանիքին լավ նայեմ, սա է ինձ ուժ տվել։ Հետո էլ մտածել եմ, որ իրավունք չունեմ թուլանալու, որովհետև եթե թուլանամ, խելագարվեմ, որդուս հարցերը ո՞վ պետք է լուծի, ո՞վ պետք է նրան որոնի։
Երբեք չի եղել, որ ես պետական դռներից վերադառնամ հույսով, միշտ տուն եմ վերադարձել առանց հույսի, թևաթափ, կոտրված։ Բայց այս չորս տարիների ընթացքում այնքան բաների միջով եմ անցել, որ վախս կորցրել եմ, չեմ վախենում որևէ մեկից։
Նիկոլ Փաշինյանը մեզ չի ընդունել, փոխանցել է, թե COP29-ը կավարտվի, կընդունի, բայց ավարտվել է, նա չի էլ ընդունել։ Ինքս հույս ունեի, որ երկրի ղեկավար է, ասում է, ուրեմն՝ մի բան կլինի, բայց չէ։ Մի անգամ, երբ մեզ ընդունեց՝ 2020 թվականի պատերազմը նոր էր ավարտվել, գլուխը հենած ձեռքին՝ մեզ էր լսում, պատմեցինք այն, ինչ գիտեինք։ Լսելուց հետո զարմացած՝ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցրեց, թե նման բան հնարավո՞ր է, նա էլ, թե՝ չէ, հնարավոր չէ։ Մենք ենք այդ ամենի միջով անցել, մենք գիտենք, ինքն ասում է՝ նման բան հնարավո՞ր է։ Այդ մարդն առհասարակ պատերազմից տեղյակ չէ, որպես երկրի ղեկավար՝ որևէ բանից տեղյակ չէ։ Մեզ ասում էր՝ դուք լավ գիտեք՝ մեր դիմաց ինչ թշնամի է, մենք իրեն չենք կարող որևէ բան ստիպենք ու ակնկալենք։ Բա դու երկրի ղեկավար ես, ինչի՞ համար ես։ Ամռանը Բաղրամյան-Պռոշյան փողոցն էինք փակել՝ պահանջով, որ Փաշինյանը մեզ ընդունի, բայց չընդունեց, չլսեց մեզ, գոնե ընդուներ ու խաբեր, ինչպես խաբում է չորս տարի»,- ասում է նա։
Նվարդ Պետրոսյանի համար վիրավորական է, երբ հասարակության մի մասը ոչ ադեկվատ է արձագանքում իրենց վշտին, բողոքին։
«Տեսա, որ այս ցավով միայն ես չեմ տառապում, շատ ծնողներ կան, մի դարդի տեր ենք, զրուցում ենք միմյանց հետ, թեթևանում»
«Այս ամբողջ տարիների ընթացքում մեզ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակն է աջակցել, մեզ՝ ծնողներիս, ցուցաբերել են հոգեբանական աջակցություն։ Ծնողներին մի տեղ են հավաքել, ես տեսա, որ այս ցավով միայն ես չեմ տառապում, շատ ծնողներ կան, մի դարդի տեր ենք, զրուցում ենք միմյանց հետ, թեթևանում։ Շատ հարցեր կան ԴՆԹ-ի հետ կապված, որոնց պատասխանները ստանում ենք Կարմիր խաչի մասնագետներից»,- ասում է տիկին Նվարդը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի կողմից Նվարդ Պետրոսյանը ներառվել է տնտեսական ծրագրում, կարողացել է գոմ կառուցել, հավեր գնել ու պահել՝ զբաղմունք է, որով կարողանում է օրն անցկացնել ու որոշ չափով սոցիալական հարց լուծել։ Նվարդ Պետրոսյանի տան համար ցանկալի ու սպասված մարդկանցից մեկը վերջին 4 տարիներին դարձել է Կարմիր Խաչի հոգեբաններից մեկը՝ նրան ընդունում են սիրով, զրուցում, կիսվում առօրյայով, իսկ Գարիկի փոքրիկ դուստրը հոգեբանին ամեն անգամ ճանապարհում է իր նկարած գեղեցիկ ու գունավոր նկարներով։
Զրույցի ավարտին տիկին Նվարդը մեզ ցույց է տալիս բակում փոքրիկ ծաղկանոցը, ասում է՝ Գարիկը սիրում էր այն, հատկապես վարդերը։ Հիմա տիկին Նվարդն ուզում է ծաղկանոցը բարեկարգել, մեծացնել ու ավելացնել որդու սիրելի վարդերը, որպեսզի, երբ Գարիկը վերադառնա, սեփական բակը գեղեցիկ ու ծաղկաշատ տեսնի։