Նիկոլ Փաշինյանը մեզ չի ընդունել, փոխանցել է, թե COP29-ը կավարտվի, կընդունի, բայց ավարտվել է, նա չի էլ ընդունել։ Ինքս հույս ունեի, որ երկրի ղեկավար է, ասում է, ուրեմն՝ մի բան կլինի, բայց չէ։ Մի անգամ, երբ մեզ ընդունեց՝ 2020 թվականի պատերազմը նոր էր ավարտվել, գլուխը հենած ձեռքին՝ մեզ էր լսում, պատմեցինք այն, ինչ գիտեինք։ Լսելուց հետո զարմացած՝ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցրեց, թե նման բան հնարավո՞ր է, նա էլ, թե՝ չէ, հնարավոր չէ։ Մենք ենք այդ ամենի միջով անցել, մենք գիտենք, ինքն ասում է՝ նման բան հնարավո՞ր է։ Այդ մարդն առհասարակ պատերազմից տեղյակ չէ, որպես երկրի ղեկավար՝ որևէ բանից տեղյակ չէ։ Մեզ ասում էր՝ դուք լավ գիտեք՝ մեր դիմաց ինչ թշնամի է, մենք իրեն չենք կարող որևէ բան ստիպենք ու ակնկալենք։ Բա դու երկրի ղեկավար ես, ինչի՞ համար ես։
Նախորդ ամիս՝ հունիսի 9-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մուշեղ Արամյանի, մեկնարկեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը։