
Կազմակերպեցինք տեսակոնֆերանս ակումբների հետ, հավաքեցինք ֆուտբոլիստներին, նրանք խոսեցին, հաշտվեցին․ ՌՊԼ-ի նախագահը՝ Սպերցյանի և Նդոնգի միջև կnնֆլիկտի մասին

ՌՊԼ-ի նախագահ Ալեքսանդր Ալաևը մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև կոնֆլիկտային իրավիճակի ավարտը։ Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական վերահսկողության կոմիտեն դադարեցրել էր գործի քննությունը՝ «ցուլերի» ավագին տուգանելով 150 հազար ռուբլով: Այս մասին գրում է ArmSport.am-ը։
«Ինչ վերաբերում է Էդուարդ Սպերցյանի և Ուսման Նդոնգի հետ կապված իրավիճակին, մենք կարողացանք ճիշտ որոշում կայացնել։ Կազմակերպեցինք տեսակոնֆերանս ակումբների հետ, հավաքեցինք ֆուտբոլիստներին, նրանք խոսեցին, հաշտվեցին, հեռակա կարգով սեղմեցին միմյանց ձեռքերը և անպայման կկրկնեն դա հանդիպման ժամանակ: Սա ամենաճիշտ որոշումն էր այս իրավիճակում: Միշտ պետք է լսել և լսելի լինել միմյանց համար»,-Ալաևի խոսքերը մեջբերում է ТАСС-ը։
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 11-րդ տուրի թիմերի միջև կայացած դիմակայության 85-րդ րոպեին Նդոնգը հեռացվեց խաղադաշտից՝ Սպերցյանին ուսով հարվածելու համար։ Հանդիպումից հետո պաշտպանը հայտարարել էր, որ Սպերցյանը ռասայական հիմքով վիրավորել է իրեն: Իր հերթին, «Կրասնոդարի» խաղացողն ընդգծել էր, որ նման արտահայտություններ չի օգտագործել մրցակցի հասցեին, և նշել, որ Նդոնգը վիրավորել է իր մորը: