
Թե՛ ուղղափառ բյուզանդացիները, թե՛ կաթոլիկ լատիններն ամեն ինչ արել են մեզ Հայ Առաքելական Եկեղեցուց հեռացնելու, և, ընդհանրապես, Լուսավորչի գահի գերակայությունը մեզանում սասանելու համար. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը գրում է. «Իբրև քրիստոնյա, ես մեծագույն հարգանք և ակնածանք ունեմ կաթոլիկ եկեղեցու, Սուրբ Պետրոսի գահակալի՝ այն է Հռոմի պանտիֆիկոսի, մեր քույր եկեղեցու պատմության, կանոնների նկատմամբ: Կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասվածներին համարում եմ նաև բոլոր քրիստոնյաներինը:
Սակայն իբրև հայ ու պատմություն մի քիչ ուսումնասիրած մարդ, ես գիտեմ, որ պատմության տարբեր շրջաններում թե՛ ուղղափառ բյուզանդացիները, թե՛ կաթոլիկ լատիններն ամեն ինչ արել են մեզ Հայ Առաքելական Եկեղեցուց հեռացնելու, և, ընդհանրապես, Լուսավորչի գահի գերակայությունը մեզանում սասանելու համար:
Նայելով, թե ինչպես են ողջունում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած մեկին հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդները, ակամայից մտածում եմ, որ այս քստմնելի արշավը նրանք կա՛մ ողջունում են, կա՛մ, որն ավելի զարհուրելի է, աջակցում:
Դրա հետ մեկտեղ վստահ եմ, որ մեր Եկեղեցին պաշտպանելու գործը մեր որդիական պարտականությունն է, անկախ այն ծրագրերից, որ կարող են լինել պայմանական Բյուզանդիայում, պայմանական Հռոմում, թե պայմանական Պարսից աշխարհում»: