
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռ ժամանած ուխտավորներին

Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց «Մեր ձևով» շարժման կողմից դեպի համայն հայության հոգևոր կենտրոն կազմակերպված ուխտագնացության հազարավոր մասնակիցներին։
Միածնաէջ Մայր Տաճարում Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվեց միասնական աղոթք, որից հետո Վեհափառ Հայրապետն իր պատգամը բերեց ներկա ուխտավոր ժողովրդին։
«Սիրելի ուխտավոր զավակներ,
Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղից սերնդեսերունդ հայոց կյանքին փոխանցվել են տերունաշնորհ հավատքը, հայրենանվիրումն ու ազգային ոգին:
Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո և անսակարկ նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի հոլովույթում միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։
Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որն ավելի է խորանում անհանդուրժողության ու ատելության սերմանումով՝ առաջ բերելով նոր բաժանումներ։
Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ՝ Տ․ Միքայել արք․ Աջապահյանը, Տ․ Բագրատ արք․ Գալստանյանը, Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանը, Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, ազգային մեծանուն բարերար Տիար Սամվել Կարապետյանը և այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթքները նրանց հետ են, և հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։
Սիրելիներ, Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր Մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ, թե՝ «Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ` զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ. 1.7)։ Միասնաբար, համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում։ Համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները։
Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին՝ աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները։ Թող Տերը ապահովություն ու բարօրություն պարգևի ազգիս հայոց ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։
Ձեր ուխտն ի կատար, սիրելիներ»։