
«Իմ հասկանալով՝ ԱԱԾ պետը որևէ բան էլ չի անելու, եթե անելու լինի, պիտի Փաշինյանն անի, բարձրագույն ատյանները կատարում են իր հրամանը». Հռիփսիմե Հակոբյան

Նախորդ ամսվա վերջին 44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների ծնողները 2 օր շարունակ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վերադարձնել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, ով զբաղվում էր անհետ կորածների հարցերով, ընդունում ծնողներին, լսում նրանց պահանջները։ Բաղրամյան պողոտան փակած ծնողները մտահոգություններ էին հայտնում, որ Աբազյանին պաշտոնանկ անելուց հետո իրենց տղաների ճակատագրի հարցով որևէ մեկը չի զբաղվի։
Սակայն ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ հանդիպումից հետո ծնողները որոշեցին բացել պողոտան, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը նրանց կընդունի։
Պաշտոնին նշանակվելուց հետո Անդրանիկ Սիմոնյանն ընդունել է ծնողներին։
«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, 168.am-ին փոխանցեց, որ ԱԱԾ նոր տնօրենն ասել է, թե որտեղից որ գործը մնացել է, այնտեղից կշարունակի։
«Մեզ ասում էր, որ սա պետական աշխատանք է, այնպես չէ, որ քմահաճույք է, որտեղ գործը թողել է Աբազյանը, մենք այնտեղից կշարունակենք։
Մենք երբ գնացել ենք, ԱԱԾ նախկին տնօրենը մեզ ընդունել է, սիրով մեզ հետ խոսել, այսպես ասեմ՝ «քաղցր» լեզով հաճոյացել ու ճանապարհել է։ Ասել է՝ լավ է լինելու, բայց ոչ մի բան էլ լավ չի եղել, նույնը հիմա է։ Ասում էր՝ հասել ենք նրան, որ արդեն ամեն ինչ լավ է լինելու՝ խոստանում էր, բայց դե տեսանք՝ ինչ եղավ՝ գործից հանեցին ու ասացին՝ «հոգնել ես, գնա հանգստացի»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը՝ ասելով՝ արդեն չգիտի, թե ումից ինչ կարող են սպասել։
Թե ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումն ԱԱԾ տնօրենի հետ, հայտնի չէ, իրենց ասել են՝ երբ հարմար լինի հաջորդ հանդիպման համար, ծնողներին տեղյակ կպահեն։
«Իմ հասկանալով՝ ԱԱԾ պետը որևէ բան էլ չի անելու, եթե անելու լինի, պիտի Նիկոլ Փաշինյանն անի, որովհետև բարձրագույն բոլոր ատյանները կատարում են իր հրամանը։
Անդրանիկ Սիմոնյանն ասաց, որ աշխատում է, մեջն է եղել, գործերին ծանոթ է։ Բնականաբար, նոր էր, ինչպես էլ չլինի, պետք է գործերին ծանոթանա, բայց ծանոթանալու բան չկա, առավել ևս, որ ներսի աշխատող է եղել, այնպես չէ, որ այդ գործերն իր համար պետք է նորություն լինեն, 5 տարի է՝ դա է։
Սպասում ենք հաջորդ հանդիպմանը, տեսնենք՝ ինչ կլինի»,- շեշտեց Հռիփսիմե Հակոբյանը։
Տիկին Հռիփսիմեն նաև փոխանցեց՝ «Քիմիկների զորամասի» ծնողներով նամակներ են փոխանցել միջազգային տարբեր կառույցների, ընդհուպ՝ Եվրոպական դատարանին, ՄԱԿ-ին, որը չի թողնում, որպեսզի գործերը սառեն, հատկապես, որ նրանց զավակները համարվում են բռնի անհետացած, և ունեն փաստեր։
«Ունենք փաստեր, որ մեր տղաները բռնի անհետ կորած են, որովհետև անհետ կորածը կարող է և տարիներով չբացահայտվի, բայց Աստված ոչ անի, ուզում եմ՝ բոլորն էլ տուն վերադառնան, մենք այդ ցավն ապրում ենք, գիտենք՝ ինչ բան է դա։ Բայց բռնի անհետացածների գործերը բոլորովին այլ են, դրա համար էլ գործը այդ ատյաններում չի սառում, մշտապես քննվում է»,- ընդգծեց Հռիփսիմե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով դատաքննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում: