
«Նույն իշխանությունն է, ի՞նչը պետք է փոխվի, պետք է խաբեն, որ ժամանակ շահեն. Փաշինյանը վերևից ինչպես հրամայում է, այնպես էլ կատարում են». Անհետ կորած զինծառայողի մայր

Երեկ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է Պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած անձանց ծնողներին ու հարազատներին։ Հանդիպումը տևել է մի քանի ժամ։
Ինչպես հայտնել են ՊՆ-ից, ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ:
«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, նույնպես մասնակցել է Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը, սակայն ակնկալիք չունի, որ կարող է որևէ բան փոխվել։
«Նա խոստացավ, որ մեր երեխաների գործերը նորից կվերանայի, բայց սրանով նորից ժամանակ են ուզում շահել, ինչպես միշտ, ինչպես վերջին 5 տարիներին են անում։ Նույն ձեռագիրն է մեզ համար, որևէ նորություն չկար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հռիփսիմե Հակոբյանը։
Հարցին՝ նախկինում մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհետ կորածների հարցը Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության տիրույթում է, նաև անհետ կորածների ծնողների հետ հանդիպմանն էր նրանց ուղղորդել այդ գերատեսչություններ, հետևաբար՝ այս անգամ ինչո՞ւ էին բողոքի ակցիա իրականացնում ՊՆ-ի դիմաց, տիկին Հռիփսիմեն պատասխանեց.
«Մեր տղաները ՊՆ-ից են գնացել, այն ժամանակ, երբ հանդիպել էինք Սուրեն Պապիկյանի հետ, նա մեզ ասաց, որ պատերազմի օրերին նախարար չի եղել և որևէ բան չի կարող ասել։ Հիմա մի քանի տարի է անցել իր պաշտոնավարումից, ըստ երևույթին, այդ գործերին ծանոթացել է, եթե, իհարկե, մեր տղաների ճակատագիրն իրեն հետաքրքրում է, պետք է գործերին ծանոթացած լինի։ Այս անգամ ստիպված որոշեցինք գնալ ՊՆ»։
Հռիփսիմե Հակոբյանի խոսքով՝ 5 տարի է՝ իրենց որդիների վերաբերյալ որևէ տեղեկատվություն ՀՀ ամբողջ պետական համակարգը չի կարողանում տալ, հետևաբար՝ դժվար թե վերջին հանդիպումից հետո որևէ բան փոխվի։
«Նույն իշխանությունն է, ի՞նչը պետք է փոխվի, նորից պետք է խաբեն, որ ժամանակ շահեն։ Ես գնում եմ բոլոր հանդիպումներին, ակցիաներին, բայց, ինչպես տեսնում եմ, մինչև Նիկոլ Փաշինյանն այս գործին ընթացք չտա, որևէ բան տեղի չի ունենալու, ինքն է, չէ՞, գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա վերևից ինչպես հրամայում է, այնպես էլ կատարում են։
Ինչ գերատեսչություն մտել ենք, մեզ նույն պատասխանն են տվել՝ սպասեք»,- հավելեց Հ. Հակոբյանը։
Շարունակելով միտքը, մեր զրուցակիցը շեշտեց, որ երբեմն գալիս են այն եզրահանգման, որ գերատեսչություններում իրենց տղաների գործերը ո՛չ բացել, ո՛չ էլ ծանոթացել են։
«Հաջորդ հանդիպման հետ կապված որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ԳՇ պետն իր տեղակալի ու օգնականի հեռախոսահամարները տվեց ծնողներին, որ անհրաժեշտության դեպքում իրենց դիմենք, այսքան բան»,- ընդգծեց Հռիփսիմե Հակոբյանը։