ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ՝ ՄԻՐԳ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՄԵՋ. ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ, Ո՞ՐԸ ԳՆԵԼ, Ո՞ՐԸ՝ ՈՉ. ՄԱՍՆԱԳԵՏ
Վերջերս հրապարակում եղավ այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել են թունաքիմիկատներ։ Արդյո՞ք այդպես է։ Ինչպե՞ս պետք է օգտագործել թունաքիմիկատները, ի՞նչ քանակով։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի հետ։
– Թունաքիմիկատների հարցը, կարծում եմ, Ագրարային համալսարանի ուսումնասիրության տիրույթում է։ Ինչպե՞ս, ի՞նչ քանակով պետք է դրանք օգտագործել։
– Հարցը բավականին արդիական է։ Խնդիրն առկա է ոչ միայն ՀՀ-ում, այլև հետխորհրդային և այլ երկրներում։ Այսօրվա դրությամբ բույսերի պաշտպանության հետ կապված գործընթացները շատ կարևոր են։ Առանց դրա հնարավոր չէ բերք ստանալ, բայց այդ արտադրության շղթայում յուրաքանչյուր գործընթաց ունի իր կարևորությունը, ճիշտ կիրառությունը։ Որպեսզի հողօգտագործողները ստանան առողջ, որակյալ բերք՝ բնականաբար, անհրաժեշտություն է առաջանում իրականացնել նաև բույսերի պաշտպանության աշխատանքներ։ Սա իրենից ներկայացնում է հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի գործընթացներ։
Հայաստանում այսպիսի խնդիր ունենք. հողատարածքները փոքր մակերեսներով են, և ամեն մի հողօգտագործող իրականացնում է աշխատանքներ՝ առանց գիտական հենքի, խորհրդատվության, որը շատ դեպքերում հանգեցնում է նաև խնդիրների։
Ինչ վերաբերում է բույսերի պաշտպանությանը, ապա նշեմ, որ մեծ ֆերմերային տնտեսություններն ունեն մասնագետ-խորհրդատուներ, բույսերի պաշտպաններ, կազմվում է տեխնոլոգիական քարտեզ, որը ենթադրում է վեգետացիայի ընթացքում իրականացվող ամբողջ աշխատանքների մի շարք։ Նշված են ժամկետները, չափաքանակները, կիրառման առանձնահատկությունները և այլն։ Բայց ունենք նաև այնպիսի տարածքներ, որտեղ բացակայում է խորհրդատվությունը, և մարդիկ իրենց իմացածով իրականացնում են պայքարի աշխատանքներ։

Բույսերի պաշտպանության միջոցները ներկրվում են՝ ՀՀ ինչպես եվրոպական, այնպես էլ՝ ասիական երկրներից։ Բնականաբար, ունեն տարբեր որակական ցուցանիշներ, ազդող նյութեր։ Վերջին տարիներին շուկան բավականին ազատականացվել է, ներկրողների քանակը՝ ավելացել, որը նպաստել է նաև բույսերի պաշտպանության միջոցների՝ պեստիցիդների, տեսակային կազմի կտրուկ ավելացմանը։ Մի կողմից՝ մրցակցություն է առաջանում, որը նպաստում է որոշակի գնանկմանը, ներկրված պատրաստուկների ցուցանիշների դրական դինամիկային։ Այլ խնդիր է դրանց կիրառությունը։
Պեստիցիդներն այսօր վաճառվում են բույսերի պաշտպանության և ագրոքիմիկատների վաճառասրահներում, որտեղ նաև պետք է իրականացվեն որոշակի խորհրդատվական աշխատանքներ, որովհետև ոչ բոլոր հողօգտագործողներն են ճանաչում հիվանդությունները, վնասատուներին, և վաճառասրահների աշխատակիցները չէի ասի՝ խորը գիտելիքներ պետք է փոխանցեն, բայց գոնե բուժանյութի կիրառման առանձնահատկությունները, կիրառման չափը, կրկնությունները, սպասման ժամկետները, անվտանգության կանոնները պետք է ասեն։
Հանրապետության մասշտաբով խորհրդատվական ծառայություն գոյություն չունի, անհատների օգնությամբ են իրականացնում։ Դերակատարություն ունի նաև Ագրարային համալսարանը, որտեղ կան բույսերի պաշտպանության հմուտ մասնագետներ։
– Եթե գյուղացին որոշել է, օրինակ, լոլիկ աճեցնել, սակայն չգիտի, թե որքան թունաքիմիկատ պետք է օգտագործի կամ վնասատուին ինչպես վերացնի, Ագրարային համալսարան դիմելու դեպքում անվճար խորհրդատվություն կտա՞ն։
– Առ այսօր չի եղել որևէ դեպք, երբ դիմեն համալսարան ոււ ծառայությունը վճարի դիմաց մատուցվի։ Մեր կոչումն է՝ օգնել հողագործին, ուղղորդել նրան՝ ճիշտ վարելու գյուղատնտեսությունը։ Այն, որ արտադրանքի մեջ առկա է պեստիցիդների որոշակի քանակություն, կարծում եմ, քանի դեռ շուկայում գտնվող ամբողջ արտադրանքի փորձաքննություն չի արվել, չեն բացահայտվել մնացորդային քանակությունների արգելված չափաքանակներ, կհորդորեի այդպես չարտահայտվել։
Եթե կան թիրախային ուսումնասիրություններ՝ բնականաբար, դա խնդիր է ազգաբնակչության համար։ Ապագայում արտահայտվող վտանգ է։
Պեստիցիդների մնացորդային քանակությունները, ոչ ճիշտ կիրառությունը, կրկնության սահմանափակ լինելը հաշվի չառնելը, նորմաների անհամապատասխանությունը հետագայում բերելու է կոնցերագենության, ալերգոգենության, սպառնալու է մեր ազգաբնակչության առողջությանը։
– Քաղցկեղածին նյութե՞ր է պարունակում։
– Միանշանակ։ Չարորակ քաղցկեղները կանցերոգեն են։ Չկա որևէ պատրաստուկ, քիմիական ծագման բուժանյութ, որը չի ունենա թունավորության որևէ աստիճան։ Ցանկացած բուժանյութի հետ աշխատելիս պետք է գիտակցենք, որ պոտենցիալ թույն է։ Բայց եթե դա մենք կիրառում ենք կանոնակարգված, ճիշտ, թիրախային, համապատասխան ժամկետներով, գիտական հենքի վրա, մինչև բերքահավաք այդ բուժանյութը կամ թույնը բույսի մեջ ենթակա է քայքայման՝ տարբեր ազդակների ազդեցությամբ․ բույսերի ֆերմենտների, միկրոօրգանիզմների օգնությամբ, բնակլիմայական պայմանների ազդեցությամբ և այլն։
Դրա համար յուրաքանչյուր բուժանյութի տարափաթեթավորման վրա հստակ գրված է սպասման ժամկետ, որը բուժանյութի վերջին կիրառությունից մինչև բերքահավաք ընկած ժամանակահատվածն է։ Այդ ընթացքում տվյալ ազդվող նյութը ենթարկվում է քայքայման, այլևս որպես թույն չի կարող ազդել։ Բայց, ցավոք, շատ դեպքերում առաջնորդվում ենք «որքան շատ, այնքան լավ» ասույթով։ Այսինքն, մտածում են՝ որքան շատ և հաճախակի կիրառեն բուժանյութ, այնքան ավելի առողջ բույս կունենան և բուսական արտադրանք։ Ճիշտ չէ։ Պետք է պահենք ժամկետները։
Շատ դեպքերում մեր հայրենակիցները տալիս են կրկնակի ծախսի նորմա։ Եթե նախատեսված է հեկտարին 1-2 կգ, նրանք տալիս են 2-4կգ՝ մտածելով, որ որքան շատ է, այնքան ավելի արդյունավետ։ Այստեղ մենք ունենում ենք հակառակ արդյունքը։ Գյուղացին, ֆերմերն ունենում է ֆինանսական հավելյալ ծախսեր, մենք ունենում ենք էկոլոգիական խնդիր, բույսերի մեջ մնացորդային քանակության գերակշռություն, իսկ բերքի որակական ցուցանիշները չեն ավելանում։
– Շուկայում առկա արտադրանքը հիմնականում ջերմոցի է։ Չգիտեմ՝ հողի ինչ-որ բանջարեղեն կա՞։
– Մի տեսակ տպավորություն կա, որ երբ ասում են ջերմոցի լոլիկ՝ նկատի ունեն որակը։ Իհարկե, ջերմատանն արտադրված լոլիկը վիզուալ ավելի գեղեցիկ է, հարթ, սակայն բաց գրունտի պայմաններում աճեցված լոլիկի հոտը, համը, հյութեղությունն ու բուրմունքն առավել է։ Ջերմատներում արտադրելն ավելի հեշտ է՝ վնասատուների դեմ պայքարելու առումով, որովհետև սահմանափակված է արտաքին միջավայրից, և հիվանդությունների, վնասատուների ներթափանցումը շատ հարցերում ավելի դժվար է։ Իսկ բաց գրունտում մշակելը դժվար է, ենթարկվում են բացասական ազդակների ազդեցությանը, և տեսքի առումով, բնականաբար, դաշտի աճեցված բույսը զիջում է ջերմատանն աճեցվածին։

Ասեմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բաց գրունտում աճեցված բանջարեղենը շատ անգամ ավելի մաքուր է պեստիցիդների առկայության առումով, որովհետև այդ ժամանակ ֆերմերները գրեթե բուժման աշխատանքները դադարեցնում են, որովհետև գնում է դեպի վեգետացիայի ավարտ։
– Հետևաբար՝ բանջարեղեն կերեք օգոստոս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում․․․
– Մեր երկիրն ունի հիանալի բնակլիմայական պայմաններ, գարնան երկրորդ ամսից արդեն սկսում ենք համտեսել բնության բարիքները՝ մինչև ուշ աշուն։ Այդպես հստակ սահմանազատում, բնականաբար, չեմ կարող անել։ Բայց բանջարեղենի՝ լոլիկի, վարունգի առումով այդպես է։ Աշնանային լոլիկն ավելի բուրավետ է, համային առումով հետաքրքիր, քան ամռան սկզբում արտադրված լոլիկը։
– Փաստորեն ճիշտ է տարածված կարծիքը, որ՝ եթե բանջարեղենի մեջ որդ կա, ուրեմն քիմիա չկա։
– Դեռ փոքր էի, երբ մեծերն ասում էին, թե եվրոպական երկրներում վաճառվում են այնպիսի մրգեր, որտեղ որդ կա, ու դրանք ավելի թանկ են, քանի որ մաքուր են։ Ոչ, մեր շուկայում դա ճիշտ չէ։ Օրինակ, եթե խնձորի այգում բուժման սխալ աշխատանքներ են կատարում, բուժումներ իրականացնելու անհրաժեշտ ժամկետները չեն ֆիքսում, վնասատուն կարող է ներթափանցել պտղի մեջ։ Վեգետացիայի ընթացքում կարող են 10-յակ անգամ սրսկել, որպեսզի ոչնչացնեն տվյալ վնասատուին, բայց այն արդեն պտղի մեջ է։ Հետո այդ պտուղը կարող է գալ շուկա, մենք էլ կտեսնենք ու կասենք՝ որդ կա, ուրեմն մաքուր է։ Ոչ, այդպես չէ։ Սխալ բուժման աշխատանքի դեպքում պտղի մեջ կարող են լինել տարբեր վնասատուներ, միջատներ։
– Ժամանակին շրջաններում եղել են սանէպիդկայաններ, որ հսկել են, թե գյուղացիներն ինչպես են օգտագործում հողը, ինչքան են քիմիական նյութեր օգտագործում, և այլն։ Հիմա դրանք չկան, ո՞ր մարմինն է հսկում։
– Հետխորհրդային տարիներին ունեցել ենք գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոններ, որտեղ կային հմուտ մասնագետներ, որոնք իրականացնում էին խորհրդատվական աշխատանքներ։ Դրանից առաջ կային հիվանդությունների և վնասատուների զարգացման և կանխատեսման կայաններ, և մասնագետները դիտարկում էին դաշտերն ու այգիները, ֆիքսում հիվանդությունների առկայությունը կամ պոտենցիալ զարգացման հնարավորությունները և ահազանգում էին ամբողջ հանրապետությունով մեկ։ Եվ այդ ժամանակ արդեն մարդիկ իրականացնում էին բուժման աշխատանքներ։ Հիմա համաձայնեցված բուժման աշխատանքներ չեն իրականացվում։
Շատ դեպքերում տարերայնորեն են իրականացվում՝ ըստ իրենց իմացության կամ չիմացության։ Եվ վերահսկողություն, թե որքան բուժանյութ, պարարտանյութ կիրառեց հողօգտագործողը, չի իրականացվում, հնարավոր էլ չէ, որովհետև բուժանյութերը, պարարտանյութերն ազատ վաճառքում են գտնվում։ Հիմնական վերահսկող մարմինը պետք է լինի ՍԱՏՄ-ն, բայց նրանք էլ մարդկային ռեսուրսի, հնարավորությունների խնդիր ունեն։
Բայց մեր երկրի համար անհրաժեշտ է բույսերի պաշտպանության ռազմավարական ծրագիր, որն իրենից պետք է ներկայացնի բույսերի պաշտպանության մի ամբողջական համակարգ, որտեղ կանոնակարգվելու են՝ սկսած բույսերի պաշտպանության միջոցների ներկրումից, մեծածախ ներկրողների պահեստներից սկսած՝ մինչև խորհրդատվական կենտրոն և վաճառքի սրահներ և այնտեղից՝ մինչև վերջնական օգտագործող կամ շահառու։ Այս ամբողջ ճանապարհը պետք է լինի վերահսկողության ներքո։
Ցանկացած բուժանյութ, որը գնվելու է՝ պետք է արձանագրվի, ու իմանանք, որ տվյալ հողօգտագործողը որ գնեց իքս քանակության բուժանյութ, օգտագործեց ո՞ր մակերեսի վրա, ի՞նչ ծավալով, ո՞ր մշակաբույսի, ի՞նչ հիվանդության դեմ։ Եթե այսպիսի համակարգ ներդրվի՝ մենք զերծ կմնանք բուժանյութերի գերքանակությունների կիրառումից։ ժամանակի ընթացքում կներառվի նաև խորհրդատվական ծառայությունների մատուցումը, որը, իմ կարծիքով, այսօր է հնարավոր իրականացնել՝ մարզ առ մարզ, համայնք առ համայնք։ Նվազագույնը կիմանան բուժանյութի ճիշտ ընտրության, ժամկետի, ծախսի նորման, սպասման ժամկետը, պայքարի օբյեկտը, պատճառած վնասի ախտանիշները, անվտանգության կանոնները։
– Պարբերաբար թունաքիմիկատներ օգտագործելով՝ հողի որակը չի՞ ընկնում։
– Միանշանակ։ Հողը կենդանի օրգանիզմ է։ Կան օրգանական նյութեր, տարբեր օրգանիզմներ, միկրոօրգանիզմներ, որոնք քայքայում են հողում առկա օրգանական միացությունները՝ դրանք դարձնելով բույսի համար ավելի հասանելի։ Ցանկացած բուժանյութ կարող է փոխել հողի միկրոօրգանիզմների տեսակային կազմը, կառուցվածքը, ջրաթափանցելիությունը, օդաթափանցելիությունը։ Բացի այդ՝ բուժանյութեր՝ հերբիցիդներ ենք կիրառում մոլախոտային բույսերի դեմ պայքարում, որոնց քայքայման ժամկետներն ամիսներ, նույնիսկ տարիներ են տևում։ Այսինքն, այդքան ժամանակ նրանք գտնվում են հողում և, բնականաբար, մեր մշակաբույսերն «օգտվում» են դրանցից։ Բուժանյութի որոշակի քանակություն նաև բույսի արմատ է մտնում։

– Պարարտանյութի շատ օգտագործումը և՞ս խնդիր է առաջացնում։
– Ամեն ինչի շատն էլ վտանգավոր է։ Պետք է տրվի այնքան, որքան անհրաժեշտ է տվյալ բուսատեսակի համար։ Հիմա նիտրատների, ազոտական պարարտանյութի հետ կապված խնդիր ունենք։ Հայաստանում շատ դեպքերում գնում է միակողմանի պարարտացում։ Ազոտ պարունակող պարարտանյութերն ավելի էժան են, ավելի հասանելի, և մարդիկ միակողմանի պարարտացում են իրականացնում, որը բերում է և մնացորդային քանակության ավելացման, հիվանդությունների նկատմամբ բույսերի դիմադրողականության անկման։ Բավականին սակավ ֆոսֆորի և կալիումի քանակություն ենք օգտագործում, իսկ դրանք պետք է լինեն համաչափ։ Բույսի համար սահմանված պահանջները պետք է կարողանանք բավարարել։
– Հայաստանում ԳՁՕ սերմեր օգտագործո՞ւմ են։
– Միանշանակ չեմ կարող պատասխանել, որովհետև դրա բացահայտումը բավականին դժվար է։ Արդիական խնդիր է, ամբողջ աշխարհն է բարձրացնում խնդիրը, դրանց վտանգները։ Բայց փաստ, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներն ունեն որևէ բացասական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա՝ ինձ հայտնի չէ։
– Հիմա հասարակ քաղաքացին գնում է շուկա՝ առևտուր անելու, ինչպե՞ս հասկանա՝ այս միրգ-բանջարեղենի դեպքում թունաքիմիկատ շա՞տ է օգտագործվել, թե՞ քիչ։
– Հետաքրքիր հարց է, երևի մասնագետներն էլ կդժվարանան ասել, բայց կասեմ, որ օգտվեն երկու կարևոր առանձնահատկությունից․ առաջինը՝ վերցնելով պտուղը, փորձեն զգալ նրա բուրմունքը։ Եթե զգում են ուղեկցող այլ՝ քիմիական բուրմունքի առկայություն, իմ հորդորն է՝ չգնել։
Երկրորդը պտուղ, բանջարեղենի վրա այրվածքների կամ նեկրոզների առկայությունն է՝ ոչ խորը, այլ մակերեսային, որը կարող է լինել բուժանյութերի ծախսի նորմաների չարաշահման արդյունք։ Շուկա արտահանվող միրգ-բանջարեղենը պետք է լինի անձնագրավորված, դաշտում ստուգվի դրանց որակյալ լինելը։ Արդեն շուկայում վերահսկելը բարդ և ոչ իրականանալի պրոցես է։

– Ագրարային համալսարանը նման հետազոտություններ կատարո՞ւմ է։
– Ունենք հողի անալիզի լաբորատորիա, որտեղ հողի որակական ցուցանիշների կամ բաղադրության գրեթե բոլոր պարամետրերի ուսումնասիրություն կատարում ենք։ Մասնաճյուղերում կան արդիական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են նման փորձաքննություններ։
– Եվ հողի վիճակը վիճակ չէ՞։
– Հողի վիճակը լավ է, միայն պետք է մշտական միջոցառումներ իրականացնել։ Ոչ միայն քիմիական, այլև օրգանական պարարտացում պետք է իրականացնել, նաև մշակաբույսերի հերթափոխային կիրառություն, որը ժամանակի ընթացքում վերականգնում է հողի բերրիությունը, քիմիական, մեխանիկական կազմը։

