Ըմբշամարտի բանակայինների առաջնության վերջնարդյունքում Թուրքիայի հավաքականը զիջել է ՀՀ ԶՈւ թիմին, կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն անտեսեց ՀՀ ԶՈՒ համար կարևոր օրերը

Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել էր բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որի նախօրեին հայտնի էր դարձել, որ հայ ուժեղագույն ըմբիշները չեն մասնակցելու:

Խոսքը ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշներ Մալխաս Ամոյանի, Արսեն Հարությունյանի, Վազգեն Թևանյանի, Արման Անդրեասյանի, Մանվել Խնձրցյանի, Վիգեն Նազարյանի, Գևորգ Թադևոսյանի, Կնյազ Իբոյանի մասին է:

Այս փաստը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր դարձել, որ ուժեղագույնները դիտմամբ փոխարինվում են թույլ ըմբիշներով՝ լավ իմանալով, որ Թուրքիան ուժեղ և չեմպիոն ըմբիշներով է մասնակցելու:

168.amանդրադարձել էր ստեղծված իրավիճակին և փաստեր էր ներկայացրել, որոնք հրավիրված ասուլիսի ժամանակ չէր գաղտնազերծել ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը, ով, թերևս, այս պատմության հիմնական մեղավորն է:

Կարդացեք նաև

Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը 2024 թվականի հունիսին խմբագրվել է, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող զորակոչվել զինված ուժեր ակտիվ ծառայության CISM մրցումներին մասնակցելու նպատակով:

Ավելին, ընդհատվող զինվորական ծառայության պարագայում կրկնակի զորակոչվող ատլետները ոչ մի պարագայում չեն կարող մասնակցել մրցումներին, եթե վերջին զորակոչի ավարտի և այս զորակոչի միջև տևողությունը 18 ամսից անցել է, բացառությամբ՝ 7.23 կետի դրույթների:

Իսկ բանակայինների աշխարհի առաջնությունից դուրս թողնված հայ ուժեղագույն ըմբիշները զորակոչվել են, ըստ էության, վերը նշված կանոնադրության խմբագրումից հետո՝ օգոստոսին, զորակոչի վերջին օրը:

«Զինուժի» տեսանյութից տեղեկանում ենք, որ այդ ժամանակ 10 ըմբիշ է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, այդ թվում՝ վերոնշյալ ուժեղագույնները՝ համալրելով մարզական վաշտը:

Տեսանյութում այդ նույն ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը նշում է.

«2024 թվականի նոյեմբերի 18-24-ը Հայաստանը հյուրընկալելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այս պարագայում մեր զինծառայողները, արդեն նորակոչիկները կկարողանան բարձր պահել մեր դրոշը ՀՀ-ում անցկացվող առաջնությանը»:

ԳՇ պաշտոնյան փաստորեն տեղյակ չի եղել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության մեջ հունիսին արված փոփոխության կամ խմբագրման մասին, և մեր ուժեղագույն ըմբիշներին, ըստ էության, զրկել է օգտվել տարկետման իրավունքից, որից օգտվել են նախկինում:

Ինչևէ, բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի ունեցավ, մեր մարզիկները նվաճեցին 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալներ:

Այսինքն, վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ՀՀ պաշտպանության նախարարության տարածած աղյուսակից տեղեկանում ենք, որ հունահռոմեական ոճում նրանց հավաքականը 4-րդ տեղում է, ազատ ոճում՝ 7-րդ:

Իհարկե, տհաճ, նույնիսկ զայրացնող է, երբ թուրքական հիմնը Մարզահամերգային համալիրում հնչելու առիթ եղել է, բայց մյուս կողմից, եթե պաշտոնական Երևանը հյուրընկալում է միջազգային սպորտային միջոցառում, նման բան ևս կարող է լինել: Այս պատմության մեջ, սակայն, չափազանց ուրախացնող է, որ առաջնության պաշտոնական բացմանը հայ զինվորականներն ու զինծառայողները, որոնք մինչ այդ ծափերով էին դիմավորում մասնակից երկրների ներկայացուցիչներին, Թուրքիայի անունը լսելիս՝ անարձագանք են թողել, ծափեր, ողջույններ չեն հնչել՝ ակնհայտ ցույց տալով այդ երկրի նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը:

Այսօր ավելի քան կարևոր է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողը ձերբազատված լինի պարտվողի կամ զոհի հոգեբանությունից, որում դեռ շատ երկար ուզում է նրան տեսնել երկրի գործող ղեկավարությունը:

Կարևոր է, որ ցանկացած հարթակում հայկական բանակի զինվորը բարոյահոգեբանական ճիշտ տրամադրվածության մեջ լինի՝ լինի դա սեփական հաղթանակի հարցում վստահությունը, թե մրցակից-թշնամու համարժեք ընկալումը, այդ թվում՝ աչքի առաջ ունենալով 44-օրյա պատերազմը: Ինչպես իր ելույթում նշել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է, առհասարակ, սպորտը պետք է խաղաղություն տարածի, բայց խաղաղության սպորտային և քաղաքական օրակարգերում կամ փնտրտուքներում չպետք է կորցնել իրականության զգացումը, և չպետք է մոռանալ, որ Հայաստանի կողքին ապրում է մի պետություն, ում մարզիկն օտար երկրում կարող է իջնել պատվո հարթակից, որովհետև հնչում է ՀՀ հիմնը, և հրաժարվել սեղմել ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդի ձեռքը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում է ՀՀ-ում անցկացվող բանակային խաղերին, ով մոտ երկու տարի առաջ ընտանիքով ներկայություն էր ապահովել Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը, ով ամիսներ առաջ մեկնել էր Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի 2024 թ. առաջնության եզրափակիչ խաղին Իսպանիայի և Անգլիայի հավաքականների միջև, ոչ մի օր ներկա չգտնվեց ՀՀ բանակի հավաքականի որևէ մարզիկի մրցմանը: Սա ևս մեկ անգամ արձանագրում է բանակի հանդեպ նրա վերաբերմունքը:

Իսկ արդյո՞ք ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը պատասխանատվության կենթարկվի՝ հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս