«ՔՊ-ում Բաքու գնալու կռիվ է. հայրենադարձության հնարավորություն է ստեղծվել». Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ նախընտրում է ուղիղ երկխոսել՝ առանց միջնորդների, որովհետև ըստ նրա՝ Փաշինյանը չի կարող միջնորդների ներկայությամբ ադրբեջանական շահերի սպասարկում իրականացնել:

«Եթե նկատել եք՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջան ճանաչելուց հետո Շառլ Միշելն էլ եռակողմ հանդիպումներ չի կազմակերպում: Այսինքն՝ իրենց հիմնական խնդիրն Արցախն Ադրբեջանին հանձնելն էր՝ հանձնել են: Հիմա, միջնորդները որ գալիս են այս պրոցեսի մեջ, սկսում են սրան ասել՝ չի կարելի, միջազգային իրավունքն այլ բան է նախատեսում, ձեր Սահմանադրությունն այլ բան է նախատեսում: Ինքն էլ ասում է՝ պայմանավորվել ենք, որպեսզի մեր երկիրը հանձնենք, որպեսզի այս տարածաշրջանում խաղաղություն լինի, հիմա, օրինակ, Ստեփանակերտում չե՞ք տեսնում՝ ինչ խաղաղություն է, Արցախում պատերազմի վտանգ կա՞, չկա, բա մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանում այդպիսի խաղաղություն հաստատվի. Այստեղ հաստատվի թուրք-ադրբեջանական իշխանություն, մեզ էլ ի՞նչ է պետք՝ լավ ապրել, մի կյանք ենք ապրում՝ հեծանիվ քշենք, ման գանք, համերգ, ֆեստիվառ, քեֆ-ուրախություն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նկատելով՝ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է սկսել, որի հիմնական մեխն է՝ մեզ պետք է միայն ֆիզիկական գոյություն:

Անդրադառնալով COP29-ից առաջ Բաքու մեկնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, նա նկատեց. «Այդ միջոցառումն ամեն տարի մի երկրում կազմակերպվում է. 2018 թվականին COP-24-ը հյուրընկալվել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում. Համաժողովը դեկտեմբերին էր, ես արդեն նոյեմբերին հետ էի կանչվել, բայց կազմակերպչական աշխատանքներն իրականացվել էին իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում, այսինքն՝ թե ով գա մասնակցի: Ի վերջո, որոշվեց, որ Հայաստանից այդ համաժողովին մասնակցելու է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը: Հիմա, քանի որ դա Բաքվում է, կռիվ է, թե ով պետք է գնա: Փաշինյանն ինքն է ուզում գնա, Արարատ Միրզոյանն ինքն է ուզում, Հովիկ Աղազարյանն ասում է՝ ես եմ ուզում: ՔՊ-ում կռիվ է, տուն են գնում, էլի, հայրենադարձության հնարավորություն է ստեղծվել: ՔՊ-ում կռիվ է, թե ով գնա տուն: Կռվում են, թե ինչ մակարդակով մասնակցեն, երբ Կատովիցեում մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի մակարդակով: Պարզ է, չէ՞՝ պետք է գնան մի մայրաքաղաք, որի բանտում ապօրինաբար պահվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և հայ գերիներ, որոնց ո՛չ թիվը գիտենք, ո՛չ անունները, ո՛չ տեղեկություններ ունենք նրանց մասին»:

Կարդացեք նաև

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Արցախը Հայաստանի շահին հակադրող իշխանությունները հետո էլ կասեն, թե հայկական շահին հակասում է հայոց պետականությունը. «Նրանք կասեն, որ պետական շահը դա հայ ժողովրդի ապրելու, կուկուռուզ ուտելու, հեծանիվ քշելու, պոնչիկ ուտելու և ֆեստիվառին մասնակցելու շահն է, որին պետականությունը խանգարում է: Եթե պետության ռազմավարությունը չի փոխվել, օրենսդրությունը չի փոխվել, իրենց նախընտրական ծրագիրը չի փոխվել, կառավարության ծրագիրը չի փոխվել, ոչինչ չի փոխվել, բայց իշխանության մտածմունքները, քաղաքական հայացքները և գործունեությունը փոխվել է և համապատասխանում է թշնամու շահերին, ՔՕ-ն դա նկարագրում է՝ որպես պետական դավաճանություն: Հիմա, եթե Ալեն Սիմոնյանը 2021 թվականին մտածել է, որ Արցախի Հանրապետության հետ պետք է բարեկամություն անել, 2021-2022թթ. ընդունել է «Պետական բյուջեի մասին» օրենք, որի 7-րդ հոդվածում ասվում է՝ Արցախի Հանրապետությանը տրամադրել բյուջետային վարկ… Այսինքն՝ ընդունել է, օրենքով քվեարկել է, որ դա Արցախի Հանրապետություն է, և փող է տվել, հիմա ասում է՝ Արցախի Հանրապետություն չկա, այդ տարածքն էլ պատկանում է Ադրբեջանին, ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը ֆինանսավորել է Ադրբեջանին»:

Դիտարկմանը՝ հիմա էլ ասում են՝ դեռ 2018-ին պետք է անկեղծ լինեին և ասեին, որ Արցախը Ադրբեջան է, նա արձագանքեց. «Այսինքն՝ իմացել են, գիտակցված կերպով, հիմա էլ անցել են թշնամու կողմը, թշնամու շահերը… Դա պետական դավաճանություն է, իսկ պետական դավաճանության համար ՔՕ-ն նախատեսում է ցմահ ազատազրկում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս