Պաղեստինի պետության ճանաչումը Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների մեղմացման փորձ էր, ինչը չի կարող չգնահատվել Պուտինի կողմից. Վարդան Խաչատրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- 30 տարիները Լեռնային Ղարաբաղում ազգային ինքնության վերականգնման և պահպանման տեսակետից բացառիկ վերելք են կարողացել ապահովել։
- Անվտանգության համակարգը հնարավոր չէ հընթացս փոխել. աշխարհում դա աքսիոմատիկ, անվիճելի ճշմարտություն է:
- Մեզ համար արհեստական են և վտանգավոր թե՛ Փաշինյանի՝ կղերաֆեոդալական, և թե՛ ԵՄ անդամ դառնալու մասին հայտարարությունները։ Դրանք վտանգավոր են մեզ համար: Իսկ ի՞նչ է նշանակում՝ գնալ Եվրամիություն: Ամենակարևոր խնդիրը անվտանգությունն է, իսկ արդյոք Եվրոպան ունի՞ անվտանգություն, որ կարողանա մատուցել Հայաստանին, իհարկե ո՛չ, Եվրոպան ինքն է անվտանգություն ներկրում Ամերիկայից։
- Սյունիքով բոլոր գերտերություններն են հետաքրքրված, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան… 44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան առաջարկ արեցին Հայաստանին, երկուսն էլ վերաբերում էին Սյունիքին: Մեծ Բրիտանիան առաջարկում էր ջրամբարներ կառուցել, իսկ ԱՄՆ-ը ուզում էր Սյունիքում արևային էներգետիկայի դաշտ կառուցել… Այս ամենը կատարվում է միայն մեկ բանի համար, որ աշխարհում գոյություն ունեցող բացառիկ նշանակության այդ կոմունիկացիան՝ Զանգեզուրի միջանցքը, որի ետևում կանգնած են բացառիկ քաղաքական նշանակություն ունեցող շահեր, իրենց վերահսկողության տակ վերցնեն։
- Եթե իսլամական գործոնն այսօր համաշխարհային տիրակալության վրա ի զորու է ազդել, այն պետք է վերացվի, դրա գլխավոր ճանապարհը՝ շիաների և սուննիների միջև միջիսլամական պատերազմ սկսելով, իսկ դա հնարավոր է միայն Սյունիքը ճեղքելով: Այսինքն՝ Թուրան ստեղծելով, թուրքալեզու երկրների զարգացումը կհանգեցնի այնպիսի շահերի հանրագումարի, որ դեմ կգնա շիայական երկրներին՝ Իրան, Իրաք, Սիրիա, Բահրեյն:
- Թուրքիայի մուտքը Հայաստան հղի է ինքնիշխանության բացարձակ կորստով: Ինքնիշխանությունը խարսխված է տարածքի վրա լիարժեք վերահսկողությամբ, եթե մենք զիջում ենք բանալու նշանակություն ունեցող հատված մեր ինքնիշխանությունից, նշանակում է՝ մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը: Եթե Հայաստանը կորցրեց իր Հայք լինելը, սփյուռքը երկու սերնդի ընթացքում հնարավոր է և վերանա, որովհետև չի ունենա այն սնուցող խողովակները, որ ստանում է Հայաստանից. մենք այսօր չենք պատկերացնում այդ աղետի մասշտաբները։ Չի կարելի խաբվել մակերևույթով և չտեսնել հրաբուխը: Ինչպես չինացիներն են ասում, երբ հազար վերք ես ստանում՝ այլևս նշանակություն չունի, թե դրանցից որն է մահացու, հիմա մենք այդ վիճակում ենք։
- Ո՞վ է ասել, որ մենք եվրոպական արժեհամակարգի կրող ենք: Եվ, ամենակարևորը, Եվրոպայում այլևս եվրոպական արժեքներ չկան, արժեքային վերարտադրությունը Եվրոպայի համար այլևս երկրորդային է։
- Կա արքետիպ՝ անհիշելի ժամանակներից եկող մեր արմատները, եթե խփես դրանց, ապա ատոմային ռումբի պայթյունի էֆեկտ կարող է լինել։ Արհեստականորեն բերված և մեր մեջ ներդրված արժեհամակարգերը մի օր փլվելու են։
- Մենք պետք է դասեր քաղենք Վրաստանում թուրքական էքսպանսիայի հետևանքով տեղի ունեցած իրադարձություններից:
Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է՝ ժողովուրդն ասում է՝ չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»: Նա նաև հավելել է, որ մեր իրականության մեջ լավ ապրելու մղմանն ազատություն տրված չէ, որովհետև լավ ապրելու համար, լավ ապրել ձգտելու համար մենք ունենք տասնյակ խոչընդոտներ, մենք ունենք «շեյմինգի» (ամոթանքի,- հեղ.) մթնոլորտ լավ ապրելու համար. «Ասում են՝ ինչո՞ւ ես կանաչ շոր հագել, ինչո՞ւ սև չես հագել, եթե մենք ուզում ենք մեր երկիրը և քաղաքականությունը ֆունդամենտալ հասկանալ, մենք պետք է այս շերտերի մեջ խորանանք, մենք խորացել ենք»։
- Այն, ինչ այս օրերին ասում է Նիկոլ Փաշինյանը, դա կարող է ասել միայն այն իշխանությունը, որը վերելքի մեջ է, բայց իրականում այսօր իր իշխանությունը մայրամուտի մեջ է, նա ժողովրդի անունից չպետք է նման ձևով խոսի։ Երբեք չի կարելի ժողովրդին ցածրացնել և նրա ճնշվածությունը վերածել շահագործման գործիքի։ Սա Փաշինյանի կողմից պարզ մանիպուլյացիա է։
- Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ մեր երեխաները մեզանից լավ պետք է ապրեն, բայց ոչ ստորացված, չի կարելի դրա վրա հենվել և որպես բյուրեղացած արժեքներ՝ թողնել վաղվա սերունդներին։
- Մի հայտնի խոսք կա. «Հայ ժողովուրդը ֆիզիկական և հոգևոր հզորության կենտրոնացում է, որը ստեղծել է մշակութային արժեքներ, որոնք կշարժեն ամենաքաղաքակրթված ժողովուրդների նախանձն անգամ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը միգուցե և չլինի»: Մեր ժողովուրդը պետք է կայանա հենց այս առանցքի վրա, և մարդիկ պետք է հասկանան, որ եթե այն, ինչ մեր նախորդ սերունդները հասցրել են այստեղ, մենք հանձնենք, ուրեմն մենք դավաճաններ ենք:
- Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե արտաքինից ներմուծվեն այնպիսի արժեքներ, որոնք կարող են ջարդել մեր ինքնությունը։ Մենք գնում ենք դեպի սատանիզմ, բայց մեր դիմաց կանգնած է լինելու ոչ թե սատանան, այլ Նեռը… Իսկ Նեռը մարդ է, որը մարդկային ամենաբացասական որակների քվինտէսենցիան է:
- Հայաստանում կան երեք ճյուղի սատանիստներ, բացի դրանից, կան բազմաթիվ դեստրուկտիվ ուղղություններ, որոնք կարող են վնասել մեր քաղաքացուն։
- Եթե մոռանում ես պատմությունդ, դու զրկվում ես ուղեղից. այսօր մեզ ուզում են զրկել ուղեղից, մեզ ուզում են զրկել, այսպես ասած, «անպայման ինստիտուտներից»՝ պարտադիր ինստիտուտներից, մեզ ուզում են բթացնել։
- Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի գլխավոր պատասխանատու, ճզմվել է, որովհետև պատրաստ չի եղել այդպիսի պատերազմի, տեղի է ունեցել crash syndrome, իսկ ճզմվելուց հետո ռեաբիլիտացիան անհնար է։ Դա այն է, որ Փաշինյանը մնացել է փլատակների տակ՝ որպես գլխավոր պատասխանատու։
- Պետք է լայն քննարկումներ լինեն, որպեսզի հանրությանը ցույց տրվի, որ այսպես շարունակվելու դեպքում մենք կընկնենք անդունդի մեջ: Այդ վիճակից դուրս գալու համար պետք է լինենք մեկ միասնական ազգ: Ժողովուրդը պետք է միավորվի, և նրան պետք չէ տանել այն ճանապարհով, որը տանում է դեպի անդունդ։ Եվ միավորվելուց հետո միայն կարող են լինել նոր ընտրություններ:
- Իրավիճակն ավելի է ծանրացնում այն հանգամանքը, որ ՔՊ-ի հենարանը Նիկոլն է, և ոչ թե՝ հակառակը, ինքը չունի քաղաքական հենարան։ Ժողովուրդը ևս վաղուց նրա հենարանը չէ։
- Որպես կանոն՝ գերտերությունները Փաշինյանի նման՝ իրենց կողմից հովանավորյալ անձանցից աշխատում են ազատվել այնպես, ինչպես Սահակաշվիլիից ազատվեցին ժամանակին։
- ՀՀ իշխանությունների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, իմ կարծիքով, Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների մեղմացման փորձ էր, ինչը չի կարող չգնահատվել Պուտինի կողմից, որովհետև Ռուսաստանը միշտ գործ է ունենում տվյալ երկրի իշխանությունների հետ։
- Հայաստանը չստորագրեց «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը, որովհետև հասկացավ, որ չարժե ռուսական արջին բնից դուրս բերել: Իսկ արջին մեր հարցով դեռևս դուրս չեն բերել։
Մանրամասները՝ տեսանյութում.