Այսօր մեզ փոսից հանող է պետք, պրոֆեսիոնալների խումբ, որը կասի՝ կոնկրետ ինչ են անելու Նիկոլից հետո. Կարեն Քոչարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Էսպես որ շարունակվի, ոչ միայն Արարատ սարը, Արագած լեռն էլ չի լինի։ Խնդիրը ժողովրդի արթնանալ-չարթնանալը չէ, ոչ մեկը քնած չէ։ Ապացուցված է, որպես կանոն՝ հետպատերազմական շրջանում հասարակությունը շոկի մեջ է ընկնում, և շոկից հանող է պետք։ Հիմա մեզ պետք է էլիտա, լիդերներ, որ մեր հասարակությանը հանեն այդ վիճակից, և ոչ թե՝ ամեն քայլափոխին խորացնեն տրավմատիկ վիճակը։ Մարդկանց մոտ կա վախ, անընդհատ վատ, բացասական թեմաներից փախչելու ձգտում, որոշների մոտ նաև կա «ջայլամի սինդրոմ»՝ գլուխներս ավազի մեջ մտցնենք, չխոսենք, չտեսնենք, չնկատենք։ 

Ընթերցողին հիշեցնենք, որ օրեր առաջ Ալիևը հայտարարել է. 

Կարդացեք նաև

«Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է. ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ նման կետ կա:

Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ, սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց ազգային զինանշանն Արարատ սարով։ Նրանք Հայաստանում շատ սարեր ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»: 

  • Հայաստանում շատ քիչ են եղել մտավորականներ, որոնք ազատ ու անկաշկանդ խոսել են, 2018 թվականին մտավորականները սկսեցին խոսել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Մեզ մոտ մտավորականությունը միշտ եղել է կոմպրոմիսային, օրվա իշխանության տակ պառկող։ Այսօր մտավորականությունը շատ ավելի առողջ է, ավելի շատ են խոսում մտավորականները, շատ ավելի ակտիվ են, քան երբևէ եղել է Հայաստանում։ Թվում է, թե ավելի երիտասարդները պետք է վախենան, որ աշխատանք չկորցնեն, որ հարկայինը չգա, բայց որքան էլ տարօրինակ է, այսօր երիտասարդներն ավելի համարձակ են, քան, օրինակ՝ հանճարեղ երաժիշտ Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Մաթևոսյանը։ Չեմ հասկանում՝ ինչ պետք է անեն նրանց կամ այն բոլոր ակադեմիկոսներին, որ այսօր վախենում են կարծիք արտահայտել ու քծնում են իշխանություններին։
  • ՔՊ-ականներին թվում է, թե միայն իրենք կարող են բիզնես ունենալ, զբաղվել քաղաքականությամբ։ Իսկ ո՞վ է ասել, որ Վազգեն Գալստանյանը, նույն ինքը՝ Բագրատ սրբազանը, իրավունք չունի զբաղվել գործարարությամբ։ Արդեն չեն աշխատում իշխանության այդ ստերը, սկանդալները, սպառվել են իշխանությունների կիրառած բոլոր միջոցները։
  • Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սինուսոիդի կորի նման պայքարն իջնում ու բարձրանում է։ Այսօր բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց  ամբիցիաները և մեկտեղեն ռեսուրսները, գաղափարները։ Նիկոլը չի թաքցրել, որ ինքը գաղափարախոսություն չունի, որ ինքը իզմ-երից զուրկ է, դրա համար ընդդիմությունը պետք է նոր գաղափարներ ու մոտեցումներ, այլընտրանք առաջարկի, այն, ինչը չի ասվել: Պետք է լինի առաջնորդություն, թիմ, և պետք է ասեն՝ ինչ են անելու Նիկոլից հետո: 
  • Ովքե՞ր պետք է լինեն լիդերները. այս վիճակից դուրս գալու հնարավորությունը տեսնող մասնագետները, որպեսզի ցույց տան այս փոսից դուրս գալու ելքերը: Այսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք։

  • Օբյեկտիվորեն հասկանալի է, որ այսօր պատասխանատվություն վերցնելու խնդիր կա, դրա համար պետք է մարդկանց խումբ լինի՝ առաջնորդություն, ինչպես 1988-ին կար Ղարաբաղ կոմիտե, որի անդամները բոլորն էլ մտավորականներ էին։ Իհարկե, հիմա երկրում փոքր-ինչ այլ վիճակ է՝ բոլոր ոլորտներն են կատաստրոֆիկ վիճակում, դրա համար մեզ պետք են իրավաբաններ, տնտեսագետներ, դիվանագետներ… պրոֆեսիոնալներ։ Պետք է լինի առաջնորդների, մասնագետների խումբ, որի անդամների  մասնագիտական կարողություններին  մարդիկ հավատում են։
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, թե առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ բանակցությունների սեղանի շուրջ նստած, սահմանազատման հարց են քննարկում. Նիկո՛լ, դու լավագույն դեպքում սեղանի տա՛կն ես, ի՞նչ սեղանի շուրջ, դու կարող է նույնիսկ սենյակում էլ չես, կողքի բանակցությունների սենյակում նստածները քեզ ուղղակի պատմում են, թե ինչ է կատարվում։ 
  • 2018-ին տեխնոլոգիաներ կիրառվեցին, ու մարդիկ հավատացին։ Հիմա փաստ է, որ ընտրողների 72 տոկոսը չի մասնակցել, դա նշանակում է, որ այդքան մարդ մերժում է Նիկոլին, բայց նրանք դեռ չեն գտել, թե ում պետք է իրենց ձայնը տան։ Այս ամեն ինչի հետ պետք է հաշվի նստել, հակառակ դեպքում պրոբլեմ է դառնում։ Մարդկանց հետ պետք է խոսել ոչ թե մեղադրելով, այլ քննարկելով, բացատրելով ու լսելով  նրանց:  
  • Մարդկանց ամեն ինչը պետք է բացատրվի ու կոնկրետ օրինակներով ցույց տրվի, որ 2018-ի հեղափոխությունից հետո հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետն այսօր զրահապատ մեքենաների ու հսկայաքանակ թիկնազորի ուղեկցությամբ է տեղաշարժվում, որ նրա կինը 1մլն դրամի տոմսով հանդիպումներ է կազմակերպում, տղան՝ ցուցահանդեսներ, թանկարժեք հագուկապով… 
  • Այս իշխանությունների տարածած սուտ տեղեկությունները, մարդկանց կալանավորելն իրենց իսկ վախի հետևանք է։
  • Ադրբեջանական գազ իրենց, այսպես թե այնպես, կտան, այսինքն՝ ռուսական գազը՝ ադրբեջանական փաթեթավորմամբ ու թանկ գներով։ Մի ժամանակ այս իշխանություններն ասում էին՝ Իրանից գազ կգնեն, հետո պարզեցին, որ դա շատ ավելի թանկ է, լռեցին, հիմա նույնն ադրբեջանական գազին է վերաբերում, դրանից հետո էլ կլռեն ու կանցնեն, ասենք, թուրքմենական գազին։
  • Ալմա Աթիում կայանալու է արտգործնախարարների հանդիպումը, վստահ եմ, որ դա ռուսական հարթակ է, և պատահական չէր, որ Տոկաևը Բաքվից հետո եկավ Երևան, վստահ եմ նաև, որ դա գիտի նաև Արևմուտքը։ Բայց սա էլ վերջը չէ. եղավ «Ֆրիդոմ հաուզի» («Freedom House») կոշտ զեկույցը, ու թեև իշխանություններն ասում են՝ «Ֆրիդոմ հաուզն» ո՞վ է, որ մեզ ասի՝ ժողովրդավա՞ր ենք, թե՞ չէ,  դրան հետևեց Պետդեպի խիստ զեկույցը։ Այսինքն՝ բոլորը զզվել են այս գեղցի շուստրիությունից։ Հասկանում են, որ աթոռից աթոռ են թռչում։ Պարզ է, որ սա չի ներվելու, կամ ներվելու է այնքան, քանի դեռ բխում է աշխարհաքաղաքական այս կամ այն  կենտրոնի շահերից։

  • Պետք է գալ ընդհանուր կոնսենսուսի, պետք է միավորվեն բոլոր նրանք, ովքեր դեմ են այս իշխանություններին, անկախ նրանից, թե որ թևից են։ Այս վիճակում ամենամեծ պրոբլեմն այն է, որ չեն մեկտեղվում բոլոր ռեսուրսները։ Օրհասական պահերին պետք է համագործակցել, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված։ Ռուսաստանը և Անգիան բոլոր ժամանակներում թշնամիներ են եղել, բայց 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ միաբանվեցին։
  • Ինչո՞ւ Աննա Հակոբյանն առանց ամուսնու, դստեր հետ գնաց Եղեռնի հուշահամալիր. կա՛մ սադրանքի նպատակով գնաց, կա՛մ մտածում էր, որ կգնա, հետո կասեն՝ տեսեք, Աննա Հակոբյանը ոչ մի խնդիր չունի հասարակության մեջ հայտնվելու…
  • Մինչև ե՞րբ պետք է մարդկանց բռնեն, կալանավորեն, քանի՞ հոգու պետք է բռնել… միջազգային կազմակերպություններից տարբեր զեկույցների տեսքով իրենց գլխին կախված դամոկլյան սրի տակից ո՞նց են դուրս գալու։
  • Նիկոլ Փաշինյանի դասախոսությունները, այո՛, աղանդավորական քարոզներ են և հենց նույն տեխնոլոգիաներով էին արվում և՛ ելույթները, և՛ դմփ-դմփ-հու-երը, և՛ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելը, ելույթի ժամանակ լացելը… դրանք բոլորն աղանդավորական տեխնոլոգիաներ են՝ նաև խրախուսելը՝ մարդկանց գայթակղելով աշխատանքի ընդունելով, աշխատավարձը բարձրացնելով, պարգևավճարներ շռայլելով։
  • Մինչ մենք պայքարում ենք, իշխանությունները մեր երկրի սահմանին սյուներ են տեղադրում, արդեն թվով 35 սյուներ։
  • Աշխարհը պետք է իմանա, որ այն, ինչ անում են այս իշխանությունները՝ որպես «սահմանազատում», լեգիտիմ չէ, պետք է բոլոր շահագրգիռ ատյաններում ֆիքսել, որ սահմանազատման այս գործընթացը լեգիտիմ չէ։
  • Սուտ է, որ Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, դա բլեֆ է, և դա արդեն զգացել են Արևմուտքում, յուրաքանչյուրն այս մեծ խաղի մեջ իր շահն ունի: Բոլորն իրենց շահերն ունեն, բացի Հայաստանից, Հայաստանում կամակատարներ են։ Այստեղ այլ խնդիրներ են լուծվում։
  • Հասարակությունը պետք է պայքարի, չհամակերպվի, յուրաքանչյուրն իր տեղում իր գործը պետք է անի։ Բայց մի՛ եղեք «Տիտանիկի» ջութակահարի դերում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս