ԳՆԱՑԵ՛Ք, ԸՆՏՐԵ՛Ք, ՁԱՅՆ ՄԻ՛ ՓՈՇԻԱՑՐԵՔ. ՓՈՂՈՑԸ ՏԱՔ ՊԱՀԵ՛Ք. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՇՎԻ Է ՆՍՏՈՒՄ ՄԻԱՅՆ ՈՒԺԻ ՀԵՏ. ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարում Դավիթ Սարգսյանի հյուրերը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Վարդան Պողոսյան.Որևէ տարբերություն չկա՝ քվեարկության օրը մնացել ես տա՞նը, թե՞ գնացել ես ընտրության ու փչացրել ես քո քվեաթերթիկը: Ընտրության արդյունքները որոշվում են վավեր քվեաթերթիկների քանակով:  

Կարդացեք նաև

Էդգար Ղազարյան.- Հարցումները ցույց են տալիս, որ Երևանում Փաշինյանն ակնհայտ պարտվում է ընդդիմությանը, և հենց երևանցիները չեն գնում ընտրության: Ես հատկապես երևանցիներին խնդրում եմ գնալ ընտրության:

Վարդան Պողոսյան.- Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ կատարել «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» պնդումը, այլապես քաղաքականությունը կխաղա քո ճակատագրի հետ: Հարգելի՛ ընտրող, ընտրությանը մասնակցելը ոչ միայն քո աբստրակտ քաղաքացիական պարտականությունն է, այլև քո, քո ընտանիքի ու երեխաների ճակատագրերի ամփոփումը քո մասնակցությամբ:

Եթե մենք գումարենք GALLUP-ի հարցման թվերը՝ արգելապատնեշները հաղթահարելու առումով, դրանք հաղթահարում են «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ», ՔՊ և «Բարգավաճ Հայաստան» ուժերը:

Էդգար Ղազարյան.– Եթե «Հայաստան» դաշինքը մասնակցի ոչ թե դաշինքով, այլ կուսակցությամբ, նրանք շեմ կհաղթահարեն:

Վարդան Պողոսյան.- Եթե 3 ընդդիմադիր կուսակցությունները գումարային ավելի շատ են, քան ՔՊ-ն, հնարավորություն կա կոալիցիա կազմելու: Անհրաժեշտ պայմանը վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնության գալն է: Բնականաբար, ընդդիմադիր այն կուսակցությունը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու: Դա պետք է տեղի ունենա 9 օրվա ընթացքում: Ես բացառում եմ, որ ընդդիմադիր ուժերը ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեն, բայց եթե որևէ մեկը նման ցանկություն ունենա, պետք է ՔՊ-ի հետ միասին ունենա 52%+1 մանդատ, և պետք է պայմանավորվի՝ ով է վարչապետը:

Էդգար Ղազարյան.– Ընտրություններից հետո ոչ թե պատգամավորները, այլ քաղաքական ուժերի ղեկավարներն են պայմանավորվում, թե ով է լինելու վարչապետը:

Վարդան Պողոսյան.– Եթե անցողիկ շեմը հաղթահարած 3 կուսակցությունները Փաշինյանի հետ չգնան պայմանավորվածությունների, Փաշինյանը չի կարող դառնալ վարչապետ, եթե ամենաշատ ձայներն ինքը հավաքած չլինի:

Ամենակարևորն այն է, որ արգելապատնեշները հաղթահարելու հնարավորություն ունեցող ընդդիմադիր ուժերը հնարավորինս շատ ձայն հավաքեն, որ գումարային առումով ավելի շատ լինեն, քան Փաշինյանը: Այդ դեպքում կոալիցիայի հնարավորություն կա: Եթե դա չի ստացվում, լինում է ընտրությունների 2-րդ փուլ:

Վարչապետի թեկնածուն կարող է ընդհանրապես չլինել ընտրական ցուցակում: Կարևորն այն է, որ այդ անձը բավարարի Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջները:

Երբ ավարտվում են առաջին փուլի ընտրությունները, այդ երեք ուժերը կոալիցիայի համաձայնության են գալիս իրենց գործադիր մարմինների միջոցով, ոչ թե պատգամավորներն են որոշում կամ համագումարը: Եթե համաձայնությունը կայանում է, արդյունքները ներկայացնում են ԿԸՀ-ին, դրանից հետո վերջնականորեն բաշխվում են մանդատները:

Կուսակցության գործադիր մարմնի անդամներին հավատափոխ անելն իշխանությանը որևէ բան չի տալիս, անիմաստ է դառնում, իսկ եթե ճնշումները տեղի են ունենում 9 օրվա ընթացքում, այլ կոնֆիգուրացիա կարող է լինել:

ՔՊ-ն կարող է խաթարել կոալիցիա կազմելու՝ ընդդիմադիր կուսակցությունների ցանկությունը: Այդ ժամանակ առաջ է գալիս ընտրությունների 2-րդ փուլի խնդիրը:

Ընտրության 2-րդ փուլին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժերը, բայց մյուսների մանդատները պահպանվում են: Այդ ուժերից որևէ մեկին կարող են միանալ այն կուսակցությունները կամ դաշինքները, որոնք հաղթահարելով արգելապատնեշները, ցանկություն են հայտնում նոր դաշինք կազմել կա՛մ առաջին, կա՛մ 2-րդ տեղը գրաված ուժերի հետ: Ով թեկուզ մեկ ձայն ավելի հավաքեց, հաղթում է ընտրություններում: Այստեղ արդեն կոալիցիայի հնարավորություն չկա: Այն հնարավոր է միայն առաջին փուլից հետո:

2-րդ փուլը նրա համար է, որ ուղղակիորեն որոշվում է՝ ով է երկրի վարչապետը:

Ընդդիմադիր ուժերն ավելի խելամիտ կլինեն, որ կոալիցիայի համաձայնության գան անմիջապես առաջին փուլից հետո, որովհետև երկրորդ փուլն ամեն դեպքում ռիսկային է:

Էդգար Ղազարյան.- 2021 թիվն արդեն փաստ է: 25 քաղաքական ուժեր են մասնակցել, անցել է 2 ուժ, «Պատիվ ունեմ»-ն անցել է իրավունքի ուժով: Եթե դու չունես շեմը հաղաթահարելու հնարավորություն, հաշվարկ չես արել, պետություն ո՞նց ես ղեկավարելու, ընտրության ինչի՞ ես գնում մասնակցես: Դրա համար հիմա քաղաքական ուժերը պետք է իրատեսություն ցուցաբերեն: 2021 թվին շեմը չհաղթահարած ուժերի ձայները գնացել են ՔՊ-ին:

Օրինակ՝ եթե Արման Թաթոյանը հավաքելու է իր 4%-ը, ոչ մի խնդիր, բայց եթե չի հավաքելու, ձայները փոշիանալու են: Բացառված է, որ նրան ընտրողը ՔՊ-ին ընտրի: Իմ ուզածն այն է, որ և՛ նա, և՛ «Հայաստան» դաշինքն անցնեն, որովհետև եթե նրանք չանցնեն, հա՛մ իրենք մանդատ չեն ստանում, հա՛մ Նիկոլին դարձնում են վարչապետ:

Վարդան Պողոսյան.– Ձայների փոշիացումը ողբերգական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Սա ճակատագրական ընտրություն է, Հայաստանի ճակատագիրն է դրված սեղանին: Հիմա ճիշտ կլինի, որ ընդդիմադիր բոլոր ուժերը գան քաղաքական համաձայնության միմյանց հետ: Ամեն դեպքում ժամանակ կա մինչև մայիսի 28-ը:

Էդգար Ղազարյան.- Ինձ համար պատգամավոր լինելը հարյուրերորդական հարց է: Հիմա ի՞նչ՝ եթե ես ցուցակում չլինեի, պետք է դադարեի՞ Նիկոլի դեմ պայքարել:

Վարդան Պողոսյան.- Հուլիս ամիսը պետք է օգտագործեն նրա համար, որ իշխանություն ձևավորած ընդդիմադիր ուժերը համադրեն իրենց ծրագրերը կառավարության ծրագիր կազմելու համար: Դա պետք է լինի քրտնաջան աշխատանքի արդյունքում:

Ես մտավախություններ ունեմ հնարավոր անպատասխանատու գործողություններից, որոնք կարող են կատարել այս իշխանությունները, բայց պարտվելու դեպքում Փաշինյանը չի ունենալու իրավապահ մարմինների այն մահակը, որն ուներ հունիսի 7-ից առաջ: Իմ մտահոգությունները վերաբերում են մինչև հունիսի 7-ը ժամանակահատվածին: Փողոցը պետք է տաք պահել, պատրաստ լինել պարբերաբար դուրս գալ փողոց: Նիկոլ Փաշինյանը հաշվի է նստում միայն ուժի հետ:

Էդգար Ղազարյան.– Մի վտանգ կա. եթե ՔՊ-ն պարտվի ընտրություններում, կարող է դրա արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Վարդան Պողոսյան.– Ես այդ վտանգը չեմ տեսնում, որովհետև այդ դեպքում ՍԴ-ն միաձայն հավանություն կտա այն իշխանությանը, որն ընտրվել է, որովհետև իրենք ցույց են տվել, որ պատրաստ են անշեղորեն ծառայել ցանկացած իշխանության: Սա ցույց է տալիս, որ Փաշինյանի համար Սահմանադրություն գոյություն չունի, որի 10-րդ հոդվածն ամրագրել է աշխարհիկ պետության սկզբունքը և պետության ու եկեղեցու անջատ լինելը: Վեհափառին փոխելու կետը ՔՊ-ի նախընտրական ծրագրում ընդգրկելը հակասահմանադրական է, բայց ԿԸՀ-ն չի կարող այդ հիմքով չգրանցել ՔՊ-ին՝ ըստ «Ընտրական օրենսգրքի»:

ՔՊ-ն իր կուսակցության ծրագրում ամրագրել է դրույթներ, որոնք հակասում են Սահմանադրությանը և «Հայաստանյաց սուրբ եկեղեցու մասին» օրենքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930