ԱԼԻԵՎԸ ԿԱՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ Ո՞Վ ԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ ՓԱԿԵՆ. ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախցիները կողմ են Հայաստանի այնպիսի իշխանության, որի համար Արցախի հարցը փակված չէ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց քաղաքագետ, Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ընտրություններին արցախահայության մասնակցության մասին։

Արցախցի գործիչը շեշտում է՝ ոչ մի իշխանություն չի կարող Արցախի հարցը փակել կամ բացել։ Հայ ժողովուրդն այն մեկ անգամ բացել է և անդրադառնալու է Արցախի հարցին այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել պատմական արդարությունը։
Իր կարծիքը հայտնելով Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիներին և զինվորական գեներալներին հասցեագրված հայտնի մեղադրանքների և այս թեմայի հետ կապված՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Ազգային ժողովում նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանին ի պատասխան ունեցած ելույթի և Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ դրան հաջորդած հայտարարության մասին՝ Հակոբ Հակոբյանն ընդգծում է՝ նման մեղադրանքներն Արցախում ցեղասպանության և բռնի տեղահանության ենթարկված արցախցիներին ընդհանրապես բարոյականության հետ որևէ աղերս չունեն։
«Կարծում եմ, որ մեր հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ եթե այնտեղ մոտ 150 հազար արցախցի էր բնակվում, ապա նրանք մինչև վերջին շունչը պետք է զոհվեին, մարդ չմնար, նոր Հայաստանում այս իշխանություններն ասեին, որ արցախցիները պայքարեցին, չփախան։ 2023 թվականի սեպտեմբերի մեկօրյա պատերազմն իր ինտենսիվությամբ գերազանցում է երևի թե աշխարհում շատ պատերազմների ինտենսիվությանը՝ մեկ օրվա ընթացքում արցախցիները տվել են ավելի քան 200 զոհ՝ չհաշված մոտ 1000 վիրավորները, և ովքեր ասում են՝ արցախցիները չեն պայքարել, իրենք պետք է այդ պահին լինեին Արցախում՝ Ստեփանակերտում, և տեսնեին՝ ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում հիվանդանոցները և հոսպիտալները, և այդ ժամանակ կհասկանային, և նման պարագայում չպայքարելու մասին խոսելը հերթական մանիպուլյատիվ գործողությունն է՝ մեղքն արցախցիների վրա գցելու նպատակով։ Խոսում են մի ժողովրդից, որը դարեր շարունակ իր բնակավայրից մեկ մետր չի տեղափոխվել, դարեր շարունակ պայքարել է իր բնօրրանում ապրելու համար, և պատկերացրեք՝ ինչպիսի վիճակ էր արդեն դարձել, որ ժողովուրդը ստիպված լքեց իր բնիկ տարածքները, և փոխարենն այս իշխանությունները խոսեն, որ Արցախի ժողովրդի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն, Արցախի ժողովրդին մահվան սպառնալիքի՝ զենքի ուժով բռնի տեղահանել են իր հայրենիքից, խոսում են այն մասին, թե արցախցիները, կարծես, ինքնակամ դուրս են եկել»,- ընդգծում է արցախցի գործիչը։

Հակոբյանի խոսքով՝ բոլոր այդ մեղադրանքներն ուղղակի ցուցիչ են, որ պետության ղեկավարը և պատերազմը վարող ղեկավարությունն իր տեղում չի եղել և չի կարողացել այնպես կազմակերպել, որ փախուստներ չլինեն։
«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դրանով ուզում է պատմական արդարությունը վերհանել, այլ պարզապես սա ևս մի թեմա է, որով նա փորձում է շեղել հասարակությանն իրական թեմաներից, բերել նրան, որ բոլորը մեղավոր են՝ բացի իրենից, և դրանով թոթափել իր ուսերից այն ամբողջ ծանր մեղքը, որը կա, քանզի մենք 2020 թվականի պատերազմից մինչ այսօր ունեցել ենք այնպիսի կորուստներ, որից հայ ժողովուրդը չի կարողանում ուշքի գալ»,- կարծում է Հակոբ Հակոբյանը։
Խոսելով արցախահայության՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին՝ Հակոբ Հակոբյանը շեշտում է. «Մենք պատերազմ չենք ուզում, մենք ուզում ենք տեր կանգնել մեր ունեցածին»։
Արցախցի գործիչն ընդգծում է՝ արցախահայության վերադարձի բնական իրավունքն անօտարելի իրավունք է, և այն չի կարող «փակվել». իրավունքը կա՛մ իրացվում է, կա՛մ ոչ։

Հակոբ Հակոբյանը հիշեցրեց՝ դեռևս 2023 թվականից Արցախի Ազգային ժողովի նախաձեռնությամբ ստեղծվեց Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ, որը գլխավորում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նկատելով, որ ի զարմանս բոլորի՝ ոչ միայն Բաքուն, այլև ՀՀ իշխանությունները չեն ողջունում արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությանը միտված Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը՝ փորձելով փակել Արցախի հարցը, Հակոբ Հակոբյանը հավելում է՝ միջազգային հանրությունն Արցախի հարցը փակված չի համարում։
«Ոչ մի իշխանություն չի կարող այդ հարցը փակել կամ բացել։ Այդ հարցը հայ ժողովուրդը բացել է մեկ անգամ և անդրադառնալու է այդ հարցին այնքան ժամանակ, քանի դեռ պատմական արդարությունը չի վերականգնվել»,- նշում է զրուցակիցը։
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները նույնպես հասկանում են, որ Արցախի հարցը փակված չէ։
Հակոբ Հակոբյանը հավելում է, որ ինչքան էլ այսօր աշխարհը շարժվում է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով, այդուհանդերձ, բոլորն էլ համոզված են, որ գալու է այն պահը, որ նորից վերադառնանք իրավունքի ուժին։
«Ուժի իրավունքով երկար ժամանակ հնարավոր չէ կառավարել աշխարհը։ Գալու է մի պահ, երբ մենք կրկին վերադառնալու ենք իրավունքի ուժին, գալու է մի պահ, որ կրկին դատապարտվելու են, թեև հիմա նույնպես դատապարտվում են որոշ կազմակերպությունների և երկրների կողմից այն ցեղասպանական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Արցախում և որոնք որևէ կերպ չեն տարբերվում ցեղասպանությունից։ Չիրականացված ցեղասպանությունը նույնպես հանցագործություն է։ Ցավոք սրտի, 2023 թվականի սեպտեմբերին աշխարհի աչքի առաջ Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունն ուժի իրավունքով կարողացավ նման հանցագործություն կատարել մի ողջ ժողովրդի նկատմամբ, բայց ես կարծում եմ, որ գալու է մի պահ, երբ այդ կատարողները պատասխան են տալու իրավունքի ուժով կառավարվող աշխարհում»,- հավելում է Հակոբ Հակոբյանը։

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահի խոսքով՝ այն, որ արցախցիները չեն ցանկանում «Ադրբեջանի ձեռքի տակ» ապրել, դա դեռ մեղմ է ասված, որովհետև Ադրբեջանն ինքն էլ չի ցանկանում, որ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայեր ապրեն։
«Հակառակ դեպքում Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները հրահանգ չէին տա սպանել խաղաղ գյուղացուն, որն իր հողում գործ էր անում։ Այսպիսի բազմաթիվ դեպքեր կան, որոնք ոչ թե նորություն են՝ ես նոր եմ ասում, այլ բոլորն են տեղյակ, այս իշխանություններն էլ են տեղյակ, և այդ պարագայում մեղադրել մարդկանց, որ՝ ինչի՞ չմնացիք, որ հերթը ձեզ հասներ, դա ուղղակի թյուրիմացություն է։
Այնպես չէ, որ մենք այնտեղ խաղաղ համակեցություն կարող էինք ունենալ՝ չենք ունեցել։ Տասնյակ տարիներ շարունակ ադրբեջանցիներն իրենց վարքագծով ցույց են տվել, որ անհնար է այնտեղ համակեցությունը, ուստի, երբ մենք խոսում ենք վերադարձի մասին, մենք պետք է անպայման դրա հետ մեկտեղ՝ խոսենք ինքնորոշ մեխանիզմների մասին։ Հակառակ դեպքում նույն պատմությունն է կրկնվելու։ Էդ մարդիկ ուղղակի էթնիկապես չեն ընկալում և չեն ընդունում հայ ազգին. նրանք սպանում են առանց որևիցե առիթի։ Քանի դեռ չկան այն մեխանիզմները, որոնք կզսպեն Ադրբեջանի հայատյաց ցանկությունները, արցախցիների վերադարձի մասին խոսելն ուղղակի արկածախնդրություն է»,- ընդգծում է նա։
Հակոբ Հակոբյանը կարծում է, որ այս ամենի դեմ պայքարելու միակ ձևը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելը և Հայաստանում ազգային ուժերի կառավարություն ձևավորելն է, որի համար պատմական հիշողությունն ու պատմական արդարությունը պետական ուղենիշ է։
«Արցախցիները հասկանում են, որ իրենց երազանքը, այն է՝ Արցախ վերադարձը իրականանա, դա պետք է լինի ուժեղ Հայաստանի առկայության դեպքում։ Ուժեղ Հայաստան նշանակում է՝ ուժեղ հասարակություն, ազգային իշխանություն, և միայն այդ պարագայում է հնարավոր իրականացնել արցախցիների հավաքական վերադարձը դեպի Արցախ։ Արցախցիները կողմ են լինելու այն իշխանություններին, որոնց համար Արցախի հարցը փակ չէ, ոչ թե այնպիսի իշխանություններին, որոնք կհայտարարեն, թե «արցախցիները փախան», կարծես թե Արցախում ամեն ինչ լավ էր, հանգիստ էր, ուղղակի արցախցիները չէին ուզում ապրել Ստեփանակերտում՝ որոշեցին գալ Երևան»,- նշեց Հակոբ Հակոբյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։




