Հիշելը մեր պարտքն է, պահանջելը՝ իրավունքը, պայքարելը՝ անհրաժեշտություն. Սերժ Սարգսյանի հղած ուղերձների շեշտադրումները՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2009թ.-ից ի վեր Սերժ Սարգսյանի հղած ուղերձների շեշտադրումներից.

📌 «Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն ո՛չ ժողովուրդների հիշողության մեջ, ո՛չ էլ պատմության դատարանի առաջ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է»:

📌 «Ոմանք մեզ առաջարկում են «100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ»: Մեր պատասխանը նման հորդորներին հետևյալն է՝ Օրհան Փամուկին և Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է և հրատապ»:

📌 «Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների»:

📌 «Ցեղասպանության իրականացումը հետևանք է ոչ միայն տվյալ պետության կամ հասարակության ներսում գրանցվող զարգացումների, այլ նաև ողջ միջազգային համակարգի ձախողման: Մեկ անգամ չէ ապացուցվել, որ անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալ է»:

📌 «Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին ու նրա զոհերին։ Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի և արդարության հաղթանակն է անհանդուրժողականության ու ատելության հանդեպ»։

📌 «Պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր»:

📌 «Կարևոր առիթներով ես մշտապես կրում եմ ցեղասպանության դեմ պայքարի խորհրդանիշ դարձած անմոռուկը: Այն շատ հստակ խորհուրդ և պատգամ ունի. մեր ժողովրդի հետ ավելի քան մեկ դար առաջ կատարված ոճրագործությունը երբեք չի կարելի մոռանալ»:

📌 «Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։ Հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն:

📌 «Ազգային շահերն ուրացող և պետության գոյությունը վտանգի տակ դրած իշխանությունները պետք է հեռացվեն, քանզի պետականության կորստի ամենակարճ ճանապարհն անցնում է սեփական իրավունքներից ու արժանապատվությունից, արդարության համար պայքարից հրաժարվելու և պատմական հիշողությունը ջնջելու միջով։ Հետևաբար՝

ՀԻՇԵԼԸ ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է,
ՊԱՀԱՆՋԵԼԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔԸ,
ՊԱՅՔԱՐԵԼԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930