11 ամսվա տվյալներով` Վրաստանում գրանցվել է 436 հղի անչափահաս. զեկույց
Միայն 2025 թվականի 11 ամսվա տվյալներով գրանցվել է 436 հղի անչափահաս, իսկ ողջ տարվա ընթացքում հաշվառվել է 287 անչափահաս ծնող։ Այս տվյալների մասին խոսվել է Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) 2025 թվականի զեկույցում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Զեկույցի համաձայն՝ Պաշտպանի ուսումնասիրած գործերով կրկին ի հայտ է գալիս մանկահասակ տարիքում ամուսնության դեպքերին արդյունավետ արձագանքելու խնդիրը։
«Մանկահասակ տարիքում ամուսնությունը և նշանադրությունը շարունակում են մնալ լուրջ խնդիր։ Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում աճել է անչափահասների հղիության թիվը, սակայն նվազել է անչափահաս ծնողների թիվը։ Առողջապահության ազգային գործակալության տվյալներով՝ 2025 թվականի միայն 11 ամսում գրանցվել է 436 հղի անչափահաս, իսկ ողջ տարում հաշվառվել է 287 անչափահաս ծնող։
Հանրային պաշտպանի ուսումնասիրությունը վկայում է, որ վաղ ամուսնության դեպքերին արդյունավետ արձագանքելու խնդիրը դեռևս առկա է։ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ մատնանշել է անչափահասների նշանադրության կամ ամուսնության նպատակով կնքված գործարքների քրեականացման անհրաժեշտությունը, սակայն արդյունավետ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել նաև 2025 թվականին»,- ասված է զեկույցում։




