Հանդիպմանը քննարկվել է նաև Թբիլիսիի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու հարցը
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոն հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ. տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության էջը՝ մանրամասնելով. «Հանդիպմանը մասնակցում էին Թբիլիսիի քաղխորհրդի անդամներ՝ Միխեիլ Ռեխվիաշվիլին և Մամուկա Բալիաշվիլին։
Դեսպաններն ընդգծեցին երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի հետ, ինչն անդրադառնում է նաև մայրաքաղաք Թբիլիսիի հետ համագործակցությանն ու երեք ժողովուրդների միջև պատմական կապերի ու ավանդական բարեկամության զարգացմանը։

Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առկա սերտ համագործակցությունը ապագայում է՛լ ավելի կխորանա։ Հանդիպմանը քննարկվեց նաև Թբիլիսիի փողոցներից մեկը աշխարհահռչակ շանսոնյե, հայկական ծագումով, Վրաստանի հետ արմատներով կապված, ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու հարցը։

Զուրաբ Աբաշիձեն հայտնեց, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված հարցը»։




