Փաշինյանը կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը

ՀՀ իշխանությունների՝ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական շրջադարձի կամ դրա դեմոնստրացիայի ֆոնին, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

Նախօրեին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չպատասխանեց Պուտինի երդմնակալության արարողությանը Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցության մասին հարցին՝ հորդորելով հարցն ուղղել Երևանին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ երդմնակալության նախնական ամսաթիվը մայիսի 7-ն է։ Զախարովան չասաց, որ հայկական կողմին հրավեր է ուղարկվել, չասաց, որ Ռուսաստանում սպասում են Փաշինյանին, ինչպես դեկտեմբերին, երբ ռուսական կողմը կազմակերպել էր ԱՊՀ ոչ պաշտոնական տարեվերջյան գագաթնաժողովը։ Ավելին, նա ասաց, որ այդ հարցերին կպատասխանի ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ազատության» հարցին ի պատասխան, այսօր Փաշինյանն ասել է, որ այս պահին չի կարող ասել, որոշում դեռ չունի։

Կարդացեք նաև

Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվեցին մարտի 15-17-ը։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան 76 միլիոն քվե ստացավ, ինչը կազմում է ընտրություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 87,28 տոկոսը։

Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն ՌԴ մյուս գործընկերների, որոնք զանգով շնորհավորեցին Պուտինին, այդ թվում՝ Իլհամ Ալիևը, շնորհավորական ուղերձ հղեց Վլադիմիր Պուտինին՝ վերընտրվելու առիթով։

Ուշագրավ է նաև, որ այս տարի Փաշինյան-Պուտին ձևաչափով որևէ ուղիղ շփում տեղի չի ունեցել, նույնպիսին են հայ-ռուսական շփումները նաև ԱԳ նախարարների մակարդակով։

Ինչպես վերջերս պարզաբանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, վերջին հանդիպումը նախաձեռնել էին իրենք ամիսներ առաջ։ Իսկ այս ընթացքում, ինչպես հայտնի է, ՀՀ իշխանություններն է՛լ ավելի են ինտենսիվացրել շփումներն Արևմուտքի հետ։

Ուշադրության արժանի հանգամանք է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա հունիսին մասնակցեց Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը, այդ ֆոնին Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելն իսկապես աննախադեպ իրադարձություն կդառնա։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը չի բացառում, որ հայկական կողմը չմասնակցի այդ արարողությանը, թեև վստահություն հայտնեց, որ ռուսական կողմը, ինչպես հարկն է, հրավերներ կուղարկի նաև ՀՀ իշխանություններին՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր։ Սակայն, նրա խոսքով, հայ-ռուսական վերջին շրջանի զարգացումները որևէ հույս չեն ներշնչում, որ արարողակարգային այդ ավանդույթները կպահպանվեն, և հայկական կողմը կմասնակցի դրան։

«Կարծում եմ՝ շատ բան կախված է ՀՀ արևմտյան գործընկերներից և այն հարցից, թե ինչպես են նրանք վերաբերվում այդ հարցին։ Իսկ նրանք, բնականաբար, կտրականապես բացասական դիրքորոշում կունենան և չեն ողջունի հայկական կողմի մասնակցությունը ՌԴ նախագահի երդմնակալությանը։ Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ Արևմուտքը երևի թե կուլիսներում ողջունել էր, որ ՀՀ իշխանությունը մասնակցում էր Էրդողանի երդմնակալությանը, ինչը ոչ միանշանակ ընկալվեց հայաստանյան հասարակության կողմից։ Ռուսաստանի դեպքում Արևմուտքը կտրուկ դիրքորոշում ունի, թեև հարցը նման նշանակություն չունի հայ ժողովրդի համար, և հայ-ռուսական հարաբերություններն այնուամենայնիվ բարեկամական են և համարժեք չեն հայ-թուրքական հարաբերությունների որակին»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ըստ նրա, հայ-ռուսական բարձր մակարդակի շփումների բացակայության և արևմտյան ղեկավարների հետ ինտենսիվ շփումների դեպքում քիչ հավանական է սպասել մասնակցություն։

Մյուս կողմից, նրա խոսքով, հայկական կողմը պահպանում է հարաբերությունների մակարդակը, չի լքում ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։

«Բայց բոլորը հասկանում են, որ իրավիճակը բարդ է, ու այդ իրավիճակի համար կան՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ մի շարք ոչ օբյեկտիվ պատճառներ»,- ասաց Լուկիանովը։

Սակայն, փորձագետի կարծիքով, չի բացառվում նաև, որ հայկական կողմը խուսափի մեծ աղմուկից՝ փորձելով պահպանել հավասարակշռություն Թուրքիայի երդմնակալության և ՌԴ երդմնակալության միջև։

Նա գտնում է, որ ՌԴ-ում սպասում են տարբեր զարգացումների։

«Դատելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքից՝ այս հարցում ռուսական կողմն առանց հատուկ անդրադարձերի կսպասի ՀՀ քայլին։ Կարծում եմ՝ ՀՀ ոչ մի որոշում առանձնապես չի փոխի հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս