«Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են «միջանցքային» տրամաբանությամբ հասնել այդ ծրագրի իրականացմանը». Արմեն Պետրոսյան

Ադրբեջանական կողմը շարունակում է իր քաղաքական օրակարգում պահել «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ հարցը, դրան զուգահեռ հայտարարելով, որ «Ադրբեջանի համար պատերազմի էջը փակվել է, քանի որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։ Մինչդեռ այսօր ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը Ներքին Հանդում ունի չորս զոհ և վիրավոր։

168.amի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ասաց՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը միանշանակ դուրս չի եկել ո՛չ ադրբեջանական, ո՛չ թուրքական ընդհանուր օրակարգից։

«Այդ հարցը կա և շարունակելու է մնալ, քանի որ ռազմավարական խնդիր է, այսինքն՝ որքան հնարավորություն կա, երկու դերակատարները՝ Թուրքիան և Ադրբեջանը, փորձելու են հենց «միջանցքային» տրամաբանությամբ հասնել այդ ծրագրի իրականացմանը։ Որպեսզի անխոչընդոտ կապ լինի Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև, սա նրանց համար առանցքային ծրագիր է։

Մյուս կողմից՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը պետք է տարանջատել առանձին ենթաբաժիններով, որովհետև այն շատ լայն ենթակառուցվածքային նախագիծ է, որը միաժամանակ կապելու է երեք երկրների տարածքներն իրար։ Այստեղ չպետք է դիտարկել, որ այս «Զանգեզուրի միջանցք» ասվածն ուղիղ առնչվում է միայն Հայաստանին։ Այսպես չէ՝ սա առնչվում է Հայաստանին, Ադրբեջանին, իհարկե, նաև Թուրքիային։ Հետևաբար, երբ Թուրքիան ու Ադրբեջանն այս մասին խոսում են, նրանք ակնարկում են, որ ծրագիրն իրենց օրակարգում է, ինչն իրականանալու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը կցանկանա՞ այդ ծրագրին մասնակցել, թե՞ ոչ, այն իրականանալու է։ Եթե անգամ Հայաստանը չցանկանա, ապա համապատասխան պայմանավորվածությունների կգա Իրանի հետ»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ՝ Ներքին Հանդում այսօր տեղի ունեցած միջադեպը գոնե այս պահին լոկալ բնույթի միջադեպ է։ Հետևաբար, որևէ կերպ այդ միջադեպը չի կապում «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի հետ։ Այլ հարց է, որ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները նպատակային կերպով լայն քարոզչական և քաղաքական ֆոն են ստեղծում այդ ծրագրի իրականացման համար։

«Գոնե այս պահին դրա ռազմական լուծումը նրանց օրակարգում չէ, որովհետև մենք մի կողմից՝ տեսնում ենք Ադրբեջանի կողմից նպատակային քայլեր Արցախի էթնիկ զտումը մարսելու ուղղությամբ, այսինքն՝ Ադրբեջանը շատ լուրջ հետևանքների է բախվում և բախվելու է՝ Արցախում իրականացրածը մարսելու առումով։

Խոսքն առաջին հերթին Արևմուտքի հետ հարաբերությունների համատեքստում է։ Եվ հիմա ակնհայտ ռազմական ինչ-որ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, երբ ամբողջ Արևմուտքը միավորվել է Ռուսաստանի դեմ, ով ագրեսիա է իրականացնում այլ պետության ինքնիշխանության դեմ, նշանակում է նույն Արևմուտքին, կամա թե ակամա, տրամադրել իր դեմ»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նույնը նաև Թուրքիայի պարագայում է,  քանի որ տեսում է նրա կողմից նպատակային քայլեր Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

«Կարծես թե Միացյալ Նահանգների հետ Թուրքիան մի քանի հարցերի շուրջ ձեռք է բերում պայմանավորվածություններ։ Լուծումների են գալիս ռազմատեխնիկական տարբեր հարցերի հետ կապված։

Վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ակնհայտ երևում է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու միտումներ։ Դրապատճառը,  իհարկե, պարզ է, առանցքում առաջնայինը  տնտեսական հարցերն են, որովհետև Թուրքիան տեսնում է հնարավոր ուղղություններով համագործակցության անհրաժեշտություն՝ կոնֆլիկտային միջավայրի բացառման անհրաժեշտություն, որպեզի կարողանա իր համար առանցքային տնտեսական խնդիրները լուծել։ Այս պարագայում, չեմ կարծում, որ Թուրքիան կդրդի Ադրբեջանին այնպիսի քայլերի, որի համար դժվար կլինի Ադրբեջանին պաշտպանել միջազգային հանրության հետ շփումները»,- շեշտեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե «պատերազմի էջն այլևս Ադրբեջանի համար փակվել է», Արմեն Պետրոսյանն ասաց՝ պարզ է, որ Ադրբեջանի հեռտորաբանությունը պետք է այդպիսին լինի, քանի որ բնական է, որ չի հայտարարելու, որ պատրաստվում են պատերազմի։

«Այս քաղաքական հայտարարությունները բնական են այն ժամանակահատվածի և պատմափուլի համատեքստում, որում հիմա գտնվում է Ադրբեջանը։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը հիմա լուրջ խնդիրներ ունի այս իրականացրածը դեռևս մարսելու տեսանկյունից։ Հետևաբար պարզ է, որ նրա այդ հայտարարությունները պետք է այդ ձևաչափում լինեն, զգույշ, ավելի խաղաղասիրական բառամթերքով։ Սակայն սա որևէ կերպ չի փոխում Ադրբեջանի ծրագրերն ու նպատակները, քանի որ ինքներս էլ լավ գիտենք, որ նա տարածքային հավականություններ ունի Հայաստանի նկատմամբ, գոնե իր երկրի ներսում դրա քարոզը տանում է։ Ներքին լսարանից բացի, արտաքին որոշ լսարանի համար էլ է այդ քարոզը տարվում։

Օրինակ, մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն Ադրբեջանը չէր հայտարարում չէ՞, որ տարածքները կվերցնի պատերազմի միջոցով»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս