Բաքուն ընտրել է խաղաղության իմիտացիայի ճանապարհը. Նա շարունակում է դիտարկել ուժի գործածման հնարավորությունը. Վիտալի Մանգասարյան

168.amգրել էր, որ Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականի համար ավելացնել պաշտպանության և անվտանգության ծախսերը։ Մասնավորապես, երկրի Ֆինանսների նախարարության հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ գալիք տարում պաշտպանության և անվտանգության ծախսերը հնարավոր է, որ կազմեն 8 միլիարդ 714,8 միլիոն մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար), ինչը 3,8 տոկոսով ավելի է 2025 թվականի հաստատված կանխատեսումների համեմատ։ Թե ինչ պատկեր կստացվի վերջում՝ ցույց կտան զարգացումները։

Իսկ մինչ այդ Ադրբեջանի ռազմական փորձագետները փորձում են հիմնավորել, որ երկրի ռազմական բյուջեի ավելացման մտադրությունն արդարացի է՝ լրացուցիչ միջոցները նոր շունչ կհաղորդեն ՆԱՏՕ-Ադրբեջան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին՝ համատեղ զորավարժությունների անցկացումից մինչև համատեղելի ռադարների ձեռքբերում:

Բացի այս, ըստ ադրբեջանական կողմի, ռազմական ծախսերի ավելացումն անհրաժեշտ է ՀՕՊ միջոցների և անօդաչու թռչող սարքերի արդիականացման համար, և այլն:

Թե ինչ այլ նպատակ կարող է հետապնդել Ադրբեջանի ռազմական բյուջեի հնարավոր ավելացումը, 168.amը քննարկել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում:

Կարդացեք նաև

– Կարծում եմ՝ այս որոշումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնց հիմքում առաջնայինը տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներն են։ Պաշտոնական Բաքուն փորձում է ցույց տալ, որ պատրաստ է ցանկացած սցենարի՝ հատկապես հաշվի առնելով հետպատերազմյան շրջանի անկայունությունը և տարածաշրջանային մրցակցությունը։

Ռազմական բյուջեի ավելացումը նաև հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել բանակի տեխնիկական արդիականացումը։ Բաքուն ձգտում է ձեռք բերել նոր զինատեսակներ, հարվածային անօդաչուներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և ժամանակակից հրետանի։ Սրանք այն միջոցներն են, որոնք պահանջում են մեծ ծախսեր, և որոնց ձեռքբերումը հնարավոր չէ փոքր բյուջեի պայմաններում։ Այս քայլը նաև ուղղված է տեխնոլոգիական հավասարակշռությունը պահելու կամ գերազանցելու տարածաշրջանի մյուս դերակատարների նկատմամբ։

Բացի տեխնիկական գործոնից, ռազմական բյուջեի ավելացումը լուծում է նաև ներքաղաքական խնդիր։ Իլհամ Ալիևի վարչակարգը փորձում է հանրությանը կերակրել «ուժեղ բանակի» գաղափարով, որն իր հերթին՝ ամրապնդում է իշխանության լեգիտիմությունը։ Նավթագազային եկամուտների մի մասն ուղղելով բանակին՝ իշխանությունը հասարակության մեջ ստեղծում է այն պատկերացումը, թե պետության գլխավոր առաջնահերթությունն անվտանգությունն է։

Իսկ տնտեսական տեսանկյունից բյուջեի աճը նաև հնարավորություն է տալիս ակտիվացնել ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։ Ադրբեջանը վերջին տարիներին փորձում է ոչ միայն ներմուծել, այլև տեղական արտադրությամբ զբաղվել՝ անօդաչուների հավաքումից մինչև զինամթերքի արտադրություն։ Այս ռազմավարությունը նպատակ ունի նվազեցնել կախվածությունն արտաքին մատակարարներից և ապահովել ինքնաբավություն։

Բյուջեի մեծացումն Ադրբեջանի համար կարևոր է նաև արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ Ուժեղ բանակի ցուցադրումը դառնում է դիվանագիտական գործիք՝ թե՛ հարևանների, թե՛ միջազգային դերակատարների հետ հարաբերություններում։ Բաքուն փորձում է ցույց տալ, որ առանց ուժեղ ռազմական բաղադրիչի տարածաշրջանում որևէ բանակցություն հնարավոր չէ վարել։

Հավելենք, որ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում կարևոր քայլեր են արվում, անգամ՝ գիտական կենտրոններ ստեղծելու նախագիծ կա։

– Որքան հասկանում եմ՝ նախատեսվում է ոչ միայն ռազմարդյունաբերական համատեղ նախագծերի իրականացում, այլև, այո, գիտական կենտրոնների ստեղծում, որոնք կդառնան նոր տեխնոլոգիաների մշակման և փորձարկման հարթակ։ Սա վկայում է այն մասին, որ Բաքուն ձգտում է ամրապնդել ռազմական և տեխնոլոգիական հիմքերը՝ միաժամանակ օգտվելով Թուրքիայի փորձից և գիտական ներուժից։

Գիտական կենտրոնների ստեղծումը կարևոր է նաև այն առումով, որ դրանք կծառայեն որպես գիտնականների, ինժեներների և տեխնոլոգիական նորարարների հավաքման վայր։ Ադրբեջանը փորձում է ոչ միայն սպառող լինել, այլև դառնալ տարածաշրջանային կենտրոն պաշտպանական նորարարությունների ոլորտում։ Այս տեսլականը չի կարող իրագործվել առանց ֆինանսական մեծ ներդրումների, ինչի համար էլ ռազմական բյուջեի ավելացումը դառնում է անհրաժեշտություն։ Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը նաև թույլ է տալիս Ադրբեջանին ավելի արագ ինտեգրել ՆԱՏՕ-ի ստանդարտներին համահունչ տեխնոլոգիաներ։

Արդեն նշեցիք, որ Ալիևը փորձում է հզոր ռազմարդյունաբերական համալիր ունենալ, փորձելով նվազեցնել կախվածությունն արտաքին մատակարարներից, այս դեպքում, թերևս, հարկ է շեշտել, մասնավորապես, Թուրքիայից կախվածության նվազեցման ցանկությունը:

– Թեև այսօր Բաքուն սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ և մեծապես օգտվում նրա փորձից ու տեխնոլոգիական հնարավորություններից, սակայն Ալիևի ռազմավարական նպատակը միայն համատեղ ծրագրերով սահմանափակված չէ։ Նա փորձում է աստիճանաբար նվազեցնել կախվածությունն արտաքին գործընկերներից, այո, այդ թվում՝ Թուրքիայից, և ստեղծել ինքնաբավ համակարգ։

Այս փուլում Ալիևը որդեգրել է բավականին իրատեսական մոտեցում՝ հնարավորինս շատ «գողանալ» տարբեր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն զինատեսակների արտադրության տեխնոլոգիային, այլև՝ կազմակերպչական մոդելներին, կառավարման մեխանիզմներին ու գիտական կենտրոնների կառուցվածքին։ Այս գործընթացը թույլ է տալիս Ադրբեջանին կարճ ժամանակում ձեռք բերել այն փորձը, որն այլ դեպքում պահանջելու էր տասնամյակներ։

Անդրադառնանք ՀՀ իշխանությունների կողմից վարվող պաշտպանական և ՀՀ զինված ուժերի նկատմամբ քաղաքականությանը, օրինակ, 44-օրյա պատերազմից հետո միջազգային զորավարժություններին չմասնակցելու քաղաքական որոշումը բանակին ինչի՞ց է զրկում, ավելին, ըստ էության, ՀՀ ուժերով էլ մարտական նորմալ զորավարժություններ չեն եղել։

– Զորավարժությունները ոչ միայն տեսական պատրաստության ամրապնդման միջոց են, այլև գործնական դաշտ, որտեղ փորձարկվում են ԶՈւ տարբեր ստորաբաժանումների կարողությունները։ Դրանք հնարավորություն են տալիս ներդաշնակեցնել տարբեր զորատեսակների՝ հետևակի, հրետանու, զրահատանկային, օդային և կապի ստորաբաժանումների համատեղ գործողությունները։ Առանց նման վարժանքների, յուրաքանչյուր զորատեսակ շարունակում է գործել սահմանափակված շրջանակներում՝ զուրկ լիարժեք համագործակցության փորձից:

Բացի այդ, ժամանակակից պատերազմները պահանջում են տեխնոլոգիական առավելություն և նոր զինատեսակների արդյունավետ կիրառում։ Զորավարժությունները հենց այն հարթակն են, որտեղ բանակ մուտք գործած նոր զինտեխնիկան կարող է փորձարկվել իրական դաշտային պայմաններում։ Դրանք թույլ են տալիս ոչ միայն ստուգել զինատեսակի հարմարավետությունն ու հուսալիությունը, այլև ապահովել անձնակազմի արագ ադապտացիան ու տիրապետումը։ Կարճ ասած՝ զորախաղեր չանցկացնելը զրկում է ՀՀ զինված ուժերին ավելի արագ ու համակարգված կարողությունների աճի հնարավորությունից։

– Ի դեպ, ՀՀ ղեկավարության՝ բանակին առնչվող հատկապես վերջին հայտարարություններից հետո կարո՞ղ ենք ասել, որ սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիայի խոստումը կամ պնդումներն այլ նպատակ են հետապնդել, հետապնդում, արդյո՞ք դա տեղի ունեցավ և որքանո՞վ։ Կամ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մենք բոլոր տեսակի սպառազինություն ձեռք բերելու ձգտում չունենք, բայց մի՞թե դա հնարավոր է, մի՞թե սպառազինության ձեռքբերմանը չպետք է հաջորդի պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց, հստակ հաշվարկներ, սպառնալիքների գնահատում և այլն: Այսինքն, այնպես չէ՝ որոշում ես ունենալ կամ չունենալ այս կամ այն զենքը: Իսկ այսօր ի՞նչ սպառազինություն է պետք Հայաստանին ներկա դիրքային և ժամանակակից պատերազմների պայմաններում, եթե վերանանք փաշինյանական պահանջներից:

– Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում զինված ուժերի արդիականացման և սպառազինության ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացիայի մասին: Սա առաջին հայացքից կարող է թվալ, որ դրական քայլ է՝ Հայաստանի պաշտպանական կարողություններն ամրապնդելու և մեկ մատակարարից կախվածությունը նվազեցնելու համար: Սակայն վերլուծելով Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակահատվածների հայտարարությունները և դրանց հաջորդող գործողությունները, կարելի է եզրակացնել՝ այս քաղաքականությունը, թերևս, ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում, մասնավորապես, Ռուսաստանին տարածաշրջանային գործընթացներից աստիճանաբար դուրս մղելը: Դիվերսիֆիկացիան այս պարագայում կարող է ծառայել որպես ծխածածկույթ՝ թաքցնելով իրական քաղաքական շարժառիթները:

Փաշինյանի տարբեր ժամանակների հայտարարություններում նկատելի է հռետորաբանության փոփոխություն: Եթե ժամանակին նա հայտարարում էր, որ Հայաստանը, ՄԱԿ-ի համապատասխան դրույթների համաձայն, զինվելու իրավունք ունի, ապա այս փուլում նմանատիպ հայտարարություններ գրեթե չենք լսում:

Արդի պատերազմները նաև ցույց են տալիս, որ պաշտպանության, առավել ևս՝ հաղթանակի համար բավարար չէ միայն նորագույն սպառազինություն ունենալը: Ժամանակակից պատերազմների փորձը ցույց է տալիս, որ պետության ղեկավարները պետք է ունենան բավարար կամք, գիտելիքներ և ցանկություն՝ սեփական երկրի դեմ ցանկացած ոտնձգություն կասեցնելու, համախմբելու հասարակությանը երկրի պաշտպանության գործի շուրջ: Առանց այս կարևորագույն բաղադրիչների, ցանկացած տեսակի զենքի ձեռքբերումը կկորցնի իր իմաստը։

Իսկ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի սպառազինություն, որը կկարողանա դիմակայել հավանական հակառակորդի՝ Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի զինված ուժերի կողմից կիրառվող տեխնոլոգիաներին: Սա ներառում է ժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաև՝ հարվածային ԱԹՍ-ներ և արդիական հետախուզական միջոցներ:

– Նիկոլ Փաշինյանի անվտանգային տեսլականում բանակն ամենավերջին տեղում է: Օրերս նա հայտարարել է՝ «եթե մեր ռազմավարությունն այն է, որ մենք ուժեղ բանակ պետք է ունենանք համեմատաբար մեկ պայմանական հակառակորդից, իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մեկ պայմանական հակառակորդն ունի իր հետ ևս 3 կամ 4 գերուժեղ ներգրավված կողմ, ստացվելու է, որ մեր ռազմավարությունը զրո է, ոչ մի բան չարժի»:

Պետականության ողնաշարը բանակն է, և երբ երկրի ղեկավարը վերջին պլանում է դնում այն, դա ոչ միայն վտանգավոր ուղերձ է զինվորին ու սպային, այլև ողջ հասարակությանը, որը պետք է վստահություն ունենա սեփական պաշտպանական ուժերի նկատմամբ։ Աշխարհում չկա որևէ պետության ղեկավար, որը նմանօրինակ միտք ասած լինի։ Անգամ փոքր երկրները, որոնք գիտակցում են իրենց սահմանափակ ռեսուրսները, առաջնահերթություն են տալիս բանակի հզորացմանը։ Դա նույնն է, որ ասենք՝ «ի՞նչ կարիք կա ֆուտբոլ պարապելու, միևնույն է՝ աշխարհում գոյություն ունի այնպիսի թիմ, որը մեզ կհաղթի»։

Եվ վերջում. իրականում պատերազմի հնարավորություն կա՞, և որքանո՞վ է այն ձեռնտու հենց Ադրբեջանին։

– Կարծում եմ՝ այս պահին պաշտոնական Բաքուն ընտրել է խաղաղության իմիտացիայի ճանապարհը։ Ռազմական ծախսերի պարբերական ավելացումը հստակ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է դիտարկել ուժի գործածման հնարավորությունը՝ որպես վերջնական գործիք։ Հետևաբար, չի կարելի ենթադրել, որ Ադրբեջանը հրաժարվել է իր նպատակներից։ Ընդհակառակը, ռազմական բյուջեի պարբերական բարձրացումը ցույց է տալիս, որ ռազմական լուծումը դեռևս մնում է օրակարգում։

Տեսանյութեր

Լրահոս