Բանակին պարտված համարելն անթույլատրելի եմ համարում. Դավիթ Տոնոյան

Վաղը հունվարի 28-ն է՝ բանակի օրը: Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դժվար է խոսել կամ ինչ-որ բան գրել բանակի օրը, այս տարի նաև գոյություն չունի Արցախի ՊԲ-ն, և արցախյան դիրքերում մեզ զինվորներն այլևս չեն հյուրասիրելու նրբերշիկով և սմբուկի խավիարով բուտերբրոդ՝ ասելով՝ «էս մեր ֆիրմայինն է, կերեք, չեք փոշմանի հաստատ»:

Վաղը հունվարի 28-ն է, և հայկական բանակի երկու գեներալ՝ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը, Բաքվի բանտում են, հայաստանյան բանտերում էլ կան բարձրաստիճան զինվորականներ, կամ՝ անցնում են տարբեր քրեական գործերով, որոնք, այսպես ասած, նաև քաղաքական տարրեր են պարունակում: Զինվորականության մի մասն էլ վերցրեց ու ձախողվեց 44-օրյա պատերազմում՝ հետևում թողնելով ամաչելու առիթ չտվող անցյալն ու 2016-ի Ապրիլյան պատերազմի հաղթանակները: Վնասված կենսագրություն…

Իսկ բանակի դեմ գործող իշխանությունների քաղաքական արշավը շարունակվում է, որի ճանապարհին, ցավոք, նաև հաջողություններ են գրանցում, այդ թվում՝ հանրության վերաբերմունքի առումով առ բանակ, զինվորականություն և սպաներ: Գուցե դրանում նաև իրենք են մեղավոր, որի մասին վերևում մի փոքր ակնարկեցի:

Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեզանից գողանա Հունվարի 28-ը, գուցե շատերից անգամ հաջողվել է գողանալ 44-օրյա պատերազմից հետո կամ ավելի ուշ: Այո, հաջողվել է, որովհետև ինչպես վերջերս գրել էինք՝ հանրությունը նույնիսկ չնկատեց, որ այս տարի Նոր տարվա նախաշեմին Նիկոլ Փաշինյանը մարտական դիրքեր չայցելեց՝ շնորհավորելու զինվորների և սպաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, նրանք տարված էին Փաշինյանի մարզային «հյուրախաղերով»:

Կարդացեք նաև

2021 թվականի հունվարի 28-ին գրել էի՝ Հունվարի 28-ը ես չկորցրեցի անգամ, երբ տարիներ առաջ արցախյան «մարտական» հերթական գործուղումից հետո գողացան կամուֆլյաժս, որի գրպանում էնքան պատմություն կար, զինվորի անկեղծ զրույց, հերոսություն, սահմանի հոտ, կրակոցի ձայն… Այդ առաջին հայացքից բարակ թվացող, բայց թիկունքս տաքացնող կամուֆլյաժս գողացան, և ես էլ երբեք չկարողացա դրանով գնալ Արցախ, և ոչ էլ հագնել դրա հետ եղած սապոգներս, որը ո՛չ այլ «կամուֆլյաժի» հետ համադրել եղավ, ո՛չ էլ առանձին հագնել կարողացա:

Բայց Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն իմ դեպքում մեկ օր չէ, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր՝ «բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում, բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի և գեղեցիկ օրերից, բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է»:

Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև Բանակը կա, որովհետև ձյունապատ դիրքերում դեռ հայ զինվորներ կան կանգնած: Նիկոլ Փաշինյանի համար սահմանին զինվորի ներկայությունը խաղաղություն չունենալ է, ինձ համար՝ պետություն ունենալ: Սա չպետք է կորցնել:

Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն գրեթե միշտ այնպես է սկսվել և անցել, ինչպես այս տարիներին, ինչպես վաղը՝ ծանոթ սպաներին տարբեր կերպ շնորհավորելով, հանուն հայրենիքի զոհված զինվորներին և սպաներին հիշելով, որոնց մեջ ընկեր-հրամանատարներ կային…

Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, պարզապես վերջին տարիներին այլ Հունվարի 28 եմ դիմավորում՝ անփոփոխ ավանդույթով: Կան մարդիկ, որոնց բանակի օրը զանգում և շնորհավորում եմ:

Դավիթ Տոնոյանն արդեն պաշտպանության նախարար չէր, օրեր առաջ՝ 2021 հունվարի 25-ին, հարցազրույց էր տվել «Մեդիմաքսին», բանակի օրվա առիթով զանգում եմ, շնորհավորում, և մաղթանքի հետ, ինչպես միշտ, ասում եմ այն, ինչ մտածում եմ: Հարցազրույցը որոշում ենք թողնել հետոյի, բայց հարցազրուցային և ոչ հարցազրուցային «կռվարար» հարցերս տալիս եմ ու լսում պատասխանները: Այս մասին այսքան տարի հետո նոր որոշում եմ գրել, չգիտեմ՝ որքանով դա դուր կգա Տոնոյանին:

Նախ հիշեցնում եմ «Մեդիամաքսում» 2021-ին տպագրված Անահիտ Ադամյանի հոդվածը: Խոսքն այն պատմության մասին է, թե ինչպես են ՆԱՏՕ-ում ընդունել ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, և ինչպես է Տոնոյանն արձագանքել դրան. «Պատկերացնո՞ւմ ես՝ ՆԱՏՕ-ի գեներալները ձիգ կանգնած՝ պատիվ են տալիս իմ երկրի պաշտպանության նախարարին, որովհետև նա հաղթած նախարար է, ու որովհետև նա՝ Վազգենն է»:

Ոչ հարցազրույցի համար հարց եմ տալիս՝ փորձե՞լ եք լինել այնպիսի Պաշտպանության նախարար կամ ՊՆ առաջին տեղակալ, որ ՆԱՏՕ-ում կամ այլ միջազգային կառույցներում մերոնք եթե նման ոգևորություն չունենան, առնվազն չամաչեն, հետո ավելացնում եմ՝ երբևէ մտածե՞լ եք, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ինչ են զգացել միջազգային կառույցներում մեր ներկայացուցիչները, մենք զրկել ենք նրանց այս տեսակ պահերից:

Դավիթ Տոնոյանը նախ ասում է, որ 30 տարիների ընթացքում մեր ունեցած բոլոր պաշտպանության նախարարների՝ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի ժամանակ ինքն իրեն հաղթանակած ու հպարտ է զգացել՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու իրեն վստահված առաքելությունից, նույնը զգացել է, երբ ինքն է պաշտպանության նախարար եղել, հետո շարունակում է.

«Եկեք դուրս գանք ամաչել-չամաչելու զգացմունքային դաշտից: Սա նաև վերաբերում է միջազգային կառույցներում ու տարբեր պետություններում Հայաստանը ներկայացնող պաշտոնյաներին: Ադրբեջանը 30 տարի այդ զգացողությա՞մբ է ներկայացել, թե՞ պայքարելու ջանասիրությամբ»:

Եվ չնայած հարցազրույց անելը թողել էինք հետագային, որը դեռ մի օր կլինի, հակադարձում եմ՝ «Հիմա Դուք չպարտված բանակի պարտված նախարա՞ր եք Ձեզ համարում, թե՞ կարծում եք՝ երկուսդ էլ չեք պարտվել, գուցե երկուսդ էլ պարտվե՞լ եք»:

Դավիթ Տոնոյանն արձագանքում է, թե դեռ առիթներ կլինեն այս հարցերին պատասխանելու:

«Բայց բանակին պարտված համարելն անթույլատրելի եմ համարում»,- հավելում է նա:

Գրեթե նույն միտքն ավելի ուշ նա կրկնել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, որ չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր զոհեր ենք տվել, և «ամեն ինչ ավարտված է» ոճով ելույթներն անարգում են նրանց հիշատակը»»:

Ես շարունակում եմ նույն ոճով՝ «ո՞ւմ աչքերին կցանկանայիք նայել ու ասել», ինչին ի պատասխան՝ լռում է, հետո՝ հավելում. «Եռաբլուր եմ գնացել, մի քանի անգամ…»:

Բանակի զարգացման առումով իր կողմից գծված նշաձողին քիչ է կարողացել հասնել, համաձայնում է, որ հեռու ենք և՛ Ազգ-բանակ տրամաբանության մեջ բանակից, և՛ պրոֆեսիոնալ, բայց անընդունելի է համարում իմ դիտարկումը, թե 2018-ից ծրագրված բանակն անկման տարվեց:

Հարցնում եմ՝ եթե առիթ լիներ կամ լինի՝ կվերադառնա՞ք բանակ, պատասխանում է.

«Բանակ վերադառնալու համար ոչ թե առիթ, այլ պահանջ պետք է լինի, իմ անհրաժեշտությունը պիտի լինի: Եվ ես նոր պայմաններն անձամբ հաղթահարելի պիտի համարեմ: Համոզված եմ, որ անելիք ունեմ, պետքությունս դեռ լինելու է, այնուամենայնիվ: Իսկ մինչ այդ բանակին կմաղթեմ անսասան հավատ, ուժ, պատրաստվածություն ու պատրաստակամություն՝ կատարելու իր առաքելությունը, այն է՝ կռվել ու հաղթել… այս դժվար փուլն էլ կանցնի»:

Հ.Գ. Դավիթ Տոնոյանի հետ զրույցը, բնականաբար, այսքանով չավարտվեց, հարցրեցի՝ իր լռությունը պետության դեմ չէ՞, չհամաձայնեց, հիշեց պետական գաղտնիքի մասին, բայցև վստահեցրեց՝ «համբերատար գնալու եմ իմ սխալների ու բացթողումների շտկմանն ու ուղղմանը, ամեն ինչ իր ժամանակն ունի»:

Տեսանյութեր

Լրահոս