Փաշինյանը շարունակում է մերժել բանակը. Նոր տարվա նախաշեմին նա չայցելեց մարտական դիրքեր. հասարակությունն անտեսեց այդ փաստը

Այս օրերին մամուլում և սոցցանցերում ակտիվ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու և Արմավիրի մարզերում արկածները: Բայց անտեսվեց մի շատ կարևոր փաստ. Փաշինյանը 2023 թվականի ավարտին՝ Նոր տարվա նախաշեմին, մարտական դիրքեր չայցելեց՝ շնորհավորելու զինվորների և սպաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Ի դեպ, դեկտեմբերի 30-ին Ջերմուկում Փաշինյանը, ըստ նախնական պայմանավորվածության, հանդիպում էր ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ, նախաճաշել նրանց հետ, սակայն չի այցելել Ջերմուկի դիրքեր կամ 5-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող որևէ մարտական դիրք, այն դեպքում, երբ իր վարած քաղաքականության պատճառով է ադրբեջանական զորքը գտնվում Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի վերջին՝ Ամանորին ընդառաջ, Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել էր սահմանագծում մարտական ծառայություն իրականացնող մեր զինծառայողներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին, այնուհետև Փաշինյանը խրախուսել էր ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորների։

Կարդացեք նաև

«Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ծառայության համար և մաղթում բարի ծառայություն: Պետք է հասկանանք, որ հեշտ չի լինելու, մենք այսօր այս դժվարությունը պիտի կրենք, որ վաղվա սերնդի համար հեշտ լինի: Սա էլ մեր ճակատագիրն է, և պետք է այն պատվով, կամքով տանենք ու մեր խնդիրը լուծենք: Իսկ մեր խնդիրն ուժեղ պետություն ունենալն է, և այսօր, այո, մենք այդ հնարավորությունն ունենք: Դա քաղաքական խնդիր է, մենք պետք է այն լուծենք՝ քաղաքական ղեկավարությունը: Զինվորականությունը մեզնից պետք է պահանջի, մենք էլ՝ իրենից»,– նշել էր Փաշինյանն իր շնորհավորական խոսքում:

Իսկ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանց Փաշինյանի էր այցելել մարտական դիրքեր, կոնկրետ դեպքում՝ հանրապետության արևելյան սահմանագոտի: Նա, մասնավորապես, շրջել էր առաջնագծի բարձրադիր հենակետերով, բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով, իսկ նույն օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին անձամբ հանձնել զինվորական գրքույկները։

Նիկոլ Փաշինյանի՝ Նոր տարվա նախաշեմին մարտական դիրքեր չգնալը հերթական անգամ ցույց է տալիս նրա՝ որպես երկրի ղեկավարի, գերագույն հրամանատարի վերաբերմունքը բանակի հանդեպ:

Սա՝ այն դեպքում, երբ 2023 թվականին ևս ժամանակ առ ժամանակ լարված է եղել ՀՀ սահմանին, տարվա ընթացքում զերծ չենք եղել ադրբեջանական սադրանքներից, դրանց հետևանքով զոհերից, 2023-ին դադարել է ՊԲ-ի գոյությունը, իսկ թշնամին սպառնում է նաև ՀՀ զինված ուժերի լինելիությանը:

Ավելին, Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով 2024 թվականին ՀՀ զինված ուժերի համար ևս հեշտ չի լինելու, եթե չասենք, որ բանակը նոր մարտահրավերների և սպառնալիքների առջև է կանգնած: Նիկոլ Փաշինյանն ասելիք չունե՞ր, շնորհակալություն հայտնելու առիթ չունե՞ր, ինչո՞ւ չէ՝ ներողություն հայցելու։

Փաշինյանը հայկական բանակին, հայ զինվորին և հայ սպային առանձնահատուկ չի հիշել անգամ իր ամանորյա ուղերձում, ուստի զարմանալի չէ, որ՝ «սիրո՞ւմ ես հայրենիքդ» իր իսկ հարցադրմանը Փաշինյանը, ըստ էության, չի պատասխանում՝ «պաշտպանիր այն, պահիր նրա սահմաններն ու դիրքերը»:

Փոխարենը՝ ՀՀ իշխանությունը շարունակում է պնդել զորքերի հետքաշման վտանգավոր առաջարկը, որի արդյունքում հայկական կողմը, մասնավորապես, կորցնելու է Երասխի, Տավուշի հատվածում ունեցող բազմաթիվ դիրքեր, որոնք ռազմավարական առումով առավելություն ունեն թշնամու դիրքերի նկատմամբ: Մինչդեռ Ադրբեջանը մերժում է զորքերի հետքաշման հայկական առաջարկը միայն այն հնարավոր փաստից, որ կարող է կորցնել ՀՀ ինքնիշխան տարածքում 2021-2022 թվականներին օկուպացրած և գրաված կարևոր բարձունքները:

Բանակի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքի և քաղաքականության մասին, 5 տարի է՝ անդրադառնում ենք, և դեռ առիթ կունենանք, այդ թվում՝ բանակի օրը՝ հունվարի 28-ին:

Իսկ այս հարցում մտահոգիչ է նաև հանրության վերաբերմունքը։ Ինչպես նշեցինք, հանրությունը ջանասիրաբար օրեր շարունակ քննարկեց Փաշինյանի Լոռու և Արմավիրի մարզային արկածները, դպրոցներում արած արտահայտությունները բասկետբոլի վահանակի չափի և «դուշի» մասին, բայց անտեսեց երկրի ղեկավարի՝ Նոր տարվա նախաշեմին մարտական հենակետեր չգնալու փաստը: Այս անտարբերության ֆոնին ողջունելի էր, որ հանրությունը բուռն արձագանքեց Հանրային հեռուստաընկերությամբ դեկտեմբերի 31-ին Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակելու փաստին, կամ ՀՀ իշխանությունների քաղաքական որոշմանը, կամ դրան մղող համապատասխան քայլերին։

Բայց եկեղեցին և բանակը երկու կարևոր պետական ինստիտուտներ են, որի դեմ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գործում է Փաշինյանը, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերով, ուստի անկախ պատերազմից հետո բանակի, գեներալների նկատմամբ ունեցած օբյեկտիվ և սուբյեկտիվ վերաբերմունքից, հանրությունը չպետք է անտեսի բանակի նկատմամբ որևէ բացասական քայլ կամ անհրաժեշտ արարողակարգ:

Այս համատեքստում հարկ է նկատել, որ մարդիկ, որոնք օբյեկտիվորեն մեղադրանքներ են հնչեցնում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հասցեին, որ չօգտագործեց օրենքով իրեն վերապահված լծակները, կամ 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տակ ստորագրած գեներալների, որ սահմանափակվեցին միայն հայտարարությամբ, և անգամ ոմանք շարունակեցին իրենց ծառայությունը, պասիվություն են դրսևորում: Օրինակ, գեներալ Օնիկ Գասպարյանին մեղադրողները, չգիտես՝ ինչու, չկան ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի համար պայքարում, ով «ժամկետանց» փողերի լվացման գործով 2023 թվականի մարտի 16-ից մինչև դեկտեմբեր անազատության մեջ էր, և հիմա Գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին՝ վճռաբեկ բողոք ներկայացնելով: Այլ ռազմական գործերի դեպքերում ևս հանրությունը պետք է պահանջատեր լինի՝ անկախ տվյալ անձի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքից, եթե պարզ է, որ գործում քաղաքական հրահանգի տարրեր կան:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով համաձայն է եղել, որ նախորդ տարիներին բանակի կազմավորման օրը պաշտոնական միջոցառումներով չնշանավորվի, շարունակելու է մերժել բանակը և թիրախավորել այն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:

Ի դեպ, 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո նա չէր մեկնել դեպքի վայր, որի հետևանքով 15 զինվոր մահացավ, այլ դեպքից ժամեր անց կառավարության նիստի ժամանակ շտապել էր պաշտոնական վարկած առաջ քաշել, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը պիտի տեսնի, որ հանրությունը բանակի կողքին է՝ որպես առնվազն պետական կարևոր ինստիտուտ և անվտանգության միակ հուսալի երաշխավոր: Եվ տվյալ դեպքում, հասարակությունն ու իշխանության բոլոր թևերը, զինվորականությունը պիտի հասկանան՝ պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը:

Տեսանյութեր

Լրահոս