Բաժիններ՝

Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել…

Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն երբեք քեֆի սեղաններին  «անտերուդուս»   դրված չի եղել,  որ դրա շուրջ նստողները գողանան, և ոչ էլ  կենացի բաժակների մեջ, որ տոնական կերուխումից  հետո քեֆի սեղանը  հավաքողները  վերցնեն «թափեն» ու էլ չլինի…

Հունվարի 28-ը ես չկորցրեցի անգամ, երբ տարիներ առաջ արցախյան «մարտական» հերթական գործուղումից հետո գողացան կամուֆլյաժս, որի գրպանում էնքան պատմություն կար, զինվորի անկեղծ զրույց, հերոսություն, սահմանի հոտ, կրակոցի ձայն… Այդ առաջին հայացքից բարակ թվացող, բայց թիկունքս տաքացնող կամուֆլյաժս գողացան, և ես էլ երբեք չկարողացա դրանով գնալ Արցախ, և ոչ էլ հագնել դրա հետ եղած սապոգներս, որը ո՛չ  այլ «կամուֆլյաժի» հետ համադրել եղավ, ո՛չ էլ առանձին հագնել կարողացա:

Այո, երկար ժամանակ թիկունքս ասես բաց լիներ,  բայց ոտքերս ամուր էին՝ սապոգներս չէին հասցրել գողանալ, և ես շարունակեցի «մարտական» գործուղումներս այնտեղ, որտեղ այսօր գնալ չեմ կարող. գողացածը լոկ  մեկ կամուֆլյաժ չէ…

Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն գրեթե միշտ այնպես է սկսվել և անցել, ինչպես այսօր՝ ծանոթ սպաներին շնորհավորելով, բանակային երգեր լսելով, հանուն հայրենիքի զոհված զինվորներին և սպաներին հիշելով, որոնց մեջ ծանոթներ են եղել՝ թեկուզ մեկ անգամ զրույց ունեցած, մտերիմ դարձած զինվորներ, որոնց հյուրասիրած նրբերշիկով և սմբուկի խավիարով բուտերբրոդը հրաժարվեցի դիրքերում ուտել, իսկ հետո էս պատմություն ունեցող հացով, երշիկով և խավիարով բուտերբրոդը փոխարինվեց պատմություն չունեցող սննդով, և ես կորցրեցի հավետ  դիրքերում էս բուտերբրոդն ուտելու հնարավորությունն արցախյան դիրքերում՝ ականջներումս պինդ պահելով՝ «էս մեր ֆիրմային  ուտեստն է, կերեք, չեք փոշմանի հաստատ»-ը:

Բայց Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն իմ դեպքում մեկ օր չէ, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր՝ «բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում, բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի և գեղեցիկ օրերից, բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է»:

Եվ վերջապես Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև Բանակը կա, իմ Բանակը կա:

Պարզապես  այս տարի ուրիշ Հունվարի 28 է, իրականում, վերջին երեք տարին այլ Հունվարի 28 է, դրա համար ունենք այսօրվա այլ Հունվարի 28-ը. այսօր աշխատանքի չեմ գնացել «կամուֆլյաժով», ինչպես ամեն տարի բանակի տոնին, այս տարի առաջին հերթին  «կներեք, տղերք» եմ ասել, հետո նոր՝ «շնորհավոր», այս տարի Հունվարի 28-ս սկսվել է էս երգով.

Я – солдат
недоношеный ребенок войны
Я – солдат
мама залечи мои раны
Я – солдат
солдат забытой богом страны
Я – герой
скажите мне какого романа…

Ու հետո միայն՝ «Պատիվ ունեմ»-ը:

Պատերազմի օրերի  «Զոհվել չկա, տղերքը»-ը չկարողացա լսել այսօր. տղերքը զոհվեցին ու դեռ զոհվում են, այո,  թշնամուն տարածքներով հանձնված տղերքը…

Այս տարի ուրիշ Հունվարի 28 է. չկան ինձ ծանոթ ու մտերիմ սպաները, չեմ կարող զանգել ու շնորհավորել նրանց, այլ  միայն հպարտանալ, որ ճանաչել եմ՝ Վահագնին, Թաթուլին, Արմենին… էս տարի Վահագնին, Թաթուլին, Արմենին ճանաչած կամ նրանց ընկեր գեներալներից ոչ թե մաղթանք, պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսք եմ սպասել, այլ խոսուն պահվածք, որ կստիպի հավատալ՝ Հունվարի 28-ն ինձնից չեն գողանալու,  և մյուս տարի լրիվ ուրիշ Հունվարի 28 ենք ունենալու, էս տարվա ուրիշ Հունվարի 28-ից ուրիշ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս