44-օրյա պատերազմին առնչվող հարցեր, որոնց պետք է պատասխանի Արգիշտի Քյարամյանը, կամ՝ պարտության պատճառները՝ ըստ Քննչական կոմիտեի

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:

ՔԿ ղեկավարն ասել է, որ այդ գործերի շրջանակում գրեթե բոլոր ուղղություններով ավարտական տեսք ունեն: Իսկ ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44-օրյա պատերազմի վարույթներն ըստ ուղղությունների բաժանվել են:

«Այն է՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 18-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 1-ին բանակային կորպուսի, Շուշիի պաշտպանության ուղղություն, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի խնդիրների հետ կապված առանձին ուղղություն և ևս մեկ ուղղություն: Սրանք են եղել հիմնական ուղղությունները, որոնցով մենք քննություն ենք կատարել: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է», – մանրամասնել է Քյարամյանը՝ նպատակահարմար չհամարելով գաղտնազերծել այն ուղղությունը, որով հիմնական քննությունը չի ավարտվել:

Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ անգամ ջոկի մակարդակով են քննություն իրականացրել, ըստ այդմ՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի ընդհանուր ծավալը հասնում է մի քանի հազար հատորի:

Կարդացեք նաև

«Եվ ես կարող եմ արձանագրել, որ ընդհանուր իրավիճակը գրեթե բոլոր ուղղություններով պարզ է»,- ընդգծել է Քյարամյանը՝ հավելելով, որ դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որից 99-ը սպաներ են:

 «Գործերի ճնշող մեծամասնությունը դեռ դատաքննության փուլում են: Մեծ մասն ուղարկվել է դատարան, բայց կան քննություններ, որոնք պիտի ամբողջացվեն: Շատ ուղղություններով առանձին դրվագներ էլ կան, որոնցով քննությունը կավարտենք, կհասկանանք՝ գործը դատարան կգնա՞, թե՞ այլ վախճան կունենա»,- նշել է ՔԿ ղեկավարը:

Հարցին՝ ի վերջո բացահայտվե՞ց, թե ինչի հետևանքով մենք պարտություն կրեցինք, արդյո՞ք բացահայտվել է այն անձանց շրջանակը, որոնց գործողությունները պարտության պատճառ դարձան, Քյարամյանն արձագանքել է, որ այս պահի դրությամբ 99 սպա կա, որոնց նկատմամբ կա քրեական հետապնդում:

«Այս անձանց վերաբերյալ գործերը դատարանում են, չխախտելով անմեղության կանխավարկածը, դատաքննությունը ցույ ց կտա՝ այս մարդիկ մեղավո՞ր են, թե՞ ոչ, բայց առնվազն նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, որոնք նաև հանրությանն են հետաքրքրել, իմ կարծիքով, մենք ունենք: Առնվազն ինձ համար պատկերը պարզ է: Պարտության պատճառներ ասվածը ոչ միանշանակ հասկացություն է, և 1, 2, 3 և նույնիսկ 10 հանգամանքից կախված չէ: Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունը կամ անգործությունն է նպաստել պարտությանը վրա հասնելուն: Եվ ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր պատկերը ՔԿի համար այդ մի քանի հազար հատորից բաղկացած քրեական գործի էջերից ներս, իմ կարծիքով, պարզաբանված և բացահայտված է»,- ասել է Արգիշտի Քյարամյանը, ով 2020 թվականի պատերազմի առաջին 10 օրը ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում և ազատվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին:

Հավելենք, որ 2023 թվականի փետրվարին Քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ «կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, որպեսզի բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք»:

Նա շարունակել էր, որ չնայած գործերի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնեն այս գործերի քննության հանգամանքում:

«Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն անսահման չէ, և այն ակնկալիքները, որ հանրությունն ու Քննչական կոմիտեն ունեն այս գործերի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն: Այնպես որ, պետք է ուժերի գերլարումով աշխատենք: Այն բոլոր դրվագները, որոնք արդեն ավարտական տեսք ունեն, պետք է իրացվեն, բոլոր ուղղությունները, որոնք այս ընթացքում պարզաբանվել են, պետք է իրացվեն»,- նշել էր Քյարամյանը:

Այս հայտարարության համատեքստում 168.am-ը համապատասխան հոդվածում հարցադրում էր արել՝ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Արգիշտի Քյարամյանը կա՞ն նույն այդ Քյարամյանի ցուցակում, ինչի համար կան որոշակի հիմքեր, որոնք ներկայացվել էին հոդվածում: Ի դեպ, Աշոտ Փաշինյանը ևս կարող էր լինել այդ ցուցակում, եթե խոսքն 1-ին բանակային կորպուսի ուղղության մասին է:

Մենք գրել էինք, որ պատերազմի օրերին Աշոտ Փաշինյանը եղել է Ջրականում (Ջաբրայիլ) և Որոտանում (Կուբաթլի), 2020թ. նոյեմբերի 9-ից հետո էլ ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում, և մարտական գործողությունների ժամանակ չի վիրավորվել: Իսկ 44-օրյա ռազմական գործողությունների մասնակցության ընթացքում այն զորամասի զինծառայողներից, որի կազմում պատերազմ էր մեկնել Աշոտ Փաշինյանը, զոհվել է 21 անձ:

Այլ հարց է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան՝ չէր գաղտնազերծել, թե երբ և որքան ժամանակով է Աշոտ Փաշինյանը եղել Ջրականում և Կուբաթլիում: Փոխարենը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից մեզ հայտնել էին, որ «2020թ. հոկտեմբերի 25-ին հանդեր­ձա­վորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթա­կայության տակ», և «Էրատո» ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում»:

Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում հիշատակել է նաև Շուշիի պաշտպանությունը, որի համար այս պահին միայն մեղադրվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, որին, ի դեպ, Քննիչ հանձնաժողովում չցանկացան լսել, որի անհրաժեշտությունն անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր շեշտել:

168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Արգիշտի Քյարամյանի դերակատարմանը Շուշիի պաշտպանությանը և հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ հաստատմանը: Իսկ Շուշիի և հակահարվածի օպերացիայի գործով իր հարցաքննվել-չհարցաքննվելու մասին տեղեկությունը, մեր հարցմանն ի պատասխան, Քյարամյանը համարել էր հրապարակման ոչ ենթակա:

Բավական է հիշեցնել, որ 2020թ. պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, մինչև հոկտեմբերի 8-ը Արգիշտի Քյարամյանը եղել է ԱԱԾ տնօրեն, այդ պաշտոնին նա նշանակվել էր 2020-ի հունիսի 8-ին, որից մեկ ամիս հետո սկսվեցին հուլիսյան մարտերը: Իսկ 44-օրյա պատերազմի 3-րդ օրն է նա մեկնել Արցախ:

«Ես որոշել և Արցախ եմ մեկնել պատերազմի 3-րդ օրը, շուրջ 8-9 օր եղել եմ Արցախում՝ որպես ԱԱԾ տնօրեն: Բավականին բարդ էր ԱԱԾ տնօրենի մնացած լիազորություններն Արցախից կատարելը, այնուամենայնիվ, ես նպատակահարմար գտա մնալ Արցախում»,- 2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր այդ ժամանակ դեռ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից:

Հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Քյարամյանը շարունակել է մնալ Արցախում:

«Երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, 2 օրով վերադարձել եմ Երևան, հանձնել եմ ԱԱԾն, հետո հասկացել եմ, որ, եթե ես հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների, և վերադարձել եմ Արցախ: Չեմ ունեցել որևէ պաշտոնական կարգավիճակ, բնականաբար, եթե մի օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, հաջորդ օրը ԱԱԾ տնօրեն չես, այդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Վերադարձել եմ Արցախ և սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն: Ւսկ պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց բավականին ծանրանալ, բազմաբնույթ գործունեություն եմ ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ  տարբեր տեղեր տանելով, տեղակայելով»,-  վերը նշված հարցազրույցում մանրամասնել էր նա և նշել, որ եղել է նաև Շուշիում՝ աշխարհազորի կազմում, որտեղից, ինչպես նաև Ստեփանակերտից դուրս է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Այս համատեքստում նշենք, որ Քյարամյանի վերջին հարցազրույցում հիշատակված հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, սակայն 2023 թվականի աշնանը 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել էր արդարացնող հիմքով։ Այդ ժամանակ մենք գրել էինք՝ հակահարձակման հայտնի օպերացիայի ձախողման համար այլ վճարող կլինի՞, հատկապես, երբ 2023 թվականի հունիսին 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը, որը հաստատել էր այդ օպերացիան, դրա ձախողման պատասխանատվությունը դրել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա:

Ի դեպ, 2023 թվականի հունիսի 28-ին Արծրուն Հովհաննիսյանը 24TV-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր.

«Իսկ Ջալալ Հարությունյանին թողնված ճակատը, որ թողել էին անձամբ իր կառավարմանը, իր հրամանատարության ներքո, ինչի լիարժեք ՊԲ-ի պաշտպանության ճակա՞տ էր: Եկեք ազնիվ լինենք, ասենք, որ Քարվաճառը հանել էինք իր ենթակայության տակից, ինքը չէր վարում Քարվաճառի ուղղությամբ մարտական գործողությունները, այլ դա պատկանում էր ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսին, ՊԲ 9-րդ ՊՇն (ՋրականՋաբրայիլ) էլ լրիվ իր ենթակայությունից հանված էր, լրիվ այլ հրամանատարություն էր ստեղծված, և այլ մարդ էր կառավարում: Այսպես ասենք՝ 9-րդ ՊՇն և ՀՀ ԶՈՒ 1-ին կորպուսն իրար հետ միասնական հարավային ուղղություն էինք սարքել, որի հրամանատարը գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանն էր: Այսինքն, ակտիվ մարտական գործողությունների ինչքան ճակատ է վարել Ջալալ Հարությունյանը, եթե բոլոր կիլոմետրերը գումարենք, Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, վարում էր մաքսիմում մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ: Բոլոր մեղադրանքները պոպուլիստական են և անհիմն»:

Իսկ 168.am-ի հետ հարցազրույցում էլ Սեյրան Օհանյանը նշել էր, որ եթե ՊԲ-ն իր պաշտպանության գոտում որոշում է ընդունում, այդ որոշումը հաստատում է կա՛մ ԳՇ-ն, կա՛մ Արցախի Հանրապետության նախագահը: 

«Բայց այնտեղ, որտեղ մի քանի զորամիավորումներ են, իսկ զորամիավորումներ են և՛ ՊԲն, և՛ մնացած կորպուսները, այդ մի քանի զորամիավորումների միջև համագործակցությունն ապահովողը, որոշում կայացնողը, պատասխանատուն ԳՇն է, իսկ ԳՇի որոշումը հաստատողը ՀՀ ղեկավարն է՝ Գերագույն հրամանատարը: Իսկ հակառակորդը կարողացել է մխրճվել և առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը ՀՀ ղեկավարի պարտականությունն էր»,- շեշտել էր նա:

Իսկ 2022 թվականին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Ասրյանի հայրը՝ ՊԲ պահեստազորի սպա Արմեն Ասրյանը, նշել էր.

«Այդ հակահարվածը ի սկզբանե դատապարտված է եղել այդպիսի արդյունքների, իզուր չէ, որ տարիներ շարունակ մշակված կանոնադրություններով կետեր են նախատեսվել՝ ինչ պայմաններ պիտի բավարարվեն հակահարձակման համար: Ասում է՝ կար նախկինում հակահարձակման պլան՝ ուժերի 1:4,5 հարաբերակցությամբ: Այո, կար նման պլան, բայց դա չպետք է կատարվեր ՊԲ ուժերով, այլ առաջին կորպուսի կողմից պիտի իրականացվեր: Բայց այդ կորպուսը պատերազմի արդեն երկրորդ օրը բավականին կորուստներ էր կրել, նվազել էր մարտունակությունը»:

Ըստ ՊԲ պահեստազորի սպայի՝ կատարվել է հապճեպ պլանավորում, բավարար կերպով կազմակերպված չի եղել, մինչդեռ տարբեր զորամասերի միջև փոխգործողություն ապահովելը հենց Ջալալ Հարությունյանի պարտավորությունների մեջ է մտնում:

Ավելին, ըստ Արմեն Ասրյանի, օպերացիան նախատեսված ժամանակից ուշ է սկսվել, ինչը ևս հուշում է՝ հակահարվածին պատրաստ չէին, ավելին, ուժերը բավարար չեն եղել այդ օպերացիայի համար ի սկզբանե:

«Ջրականը գտնվում էր հակառակորդի ձեռքի տակ, Արա լեռը՝ հրետանային զորամասը, գտնվում էր հակառակորդի ձեռքի տակ, և այնտեղ հակառակորդի ռեզերվներ կային: Ընդ որում, Ջրականից արդեն հակառակորդը ոտքով և որոշ տեխնիկաներով բարձրանում էր դեպի Առաքել գյուղը, այնտեղից՝ Բանաձոր, Բանաձորից էլ՝ Հադրութի թիկունքային կողմից… Եվ հրամանատարի ունակությունը հենց նրանում է, որ ճիշտ գնահատի հակառակորդի հավանական գործողությունների բնույթը»,- շեշտել էր զոհված զինծառայողի հայրը՝ հավելելով, որ արդեն հոկտեմբերի 6-ին կար տեղեկություն, որ հակառակորդը բարձրանում է դեպի Առաքել գյուղ:

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Ջալալ Հարությունյանի փաստաբանի կողմից Կուր-Արաքս սահմանագծին հասնելու նախկինների պլանները հիշելու ժամանակ մոռացվել է այն, որ այս դեպքում լուրջ դերակատարում պիտի ունենար, ըստ էության, 1-ին բանակային կորպուսը, որը մինչև պատերազմն արդեն դադարել էր լինել մարտունակ ստորաբաժանում, իսկ պատերազմի առաջին օրերին դրա մնացորդներն էլ, ըստ էության, ջախջախվեցին: Ավելին, այդ ուղղությամբ նախկինում եղած 3 զորամասից մնացել էր մեկը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին այն ժամանակ գոյություն ունեցած ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատարը գեներալ Ժիրայր Պողոսյանն էր, ով այդ պաշտոնից ազատվել էր 2021 թվականի օգոստոսի 13-ին, իսկ նշանակվել էր 2018-ի հունիսի 18-ին:

Հավելենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր ՀՀ ԶՈւ-ի հիմնական ռեզերվ հանդիսացած 1-ին բանակային կորպուսի զորամասերի կրճատմանը:

«Այս հարցին կանդրադառնամ փակ նիստին, բայց բնական է, որ պաշտպանության նախարարին զեկուցվում են ԶՈւ-ի կողմից այս կամ այն առաջնահերթությունները, փոփոխությունները։ Կարող եմ ասել, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվի ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ տարբեր կորպուսներում: Դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ զինված ուժերի հիմնավորումը: Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումը և այլ հատուկ ստորաբաժանումների ձևավորումը շատ ավելի կարևոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր հարցաքննության ժամանակ ափսոսանք է հայտնել, որ իր նշանակվելուց առաջ այդպիսի որոշում է եղել, ինչը զարմացրել էր Դավիթ Տոնոյանին, սակայն վերջինս չէր մեկնաբանել Օնիկ Գասպարյանի հայտարարությունը:

Ինչ վերաբերում է 18-րդ հրաձգային դիվիզիային, նշենք, որ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը 168.am-ին, մասնավորապես, հայտնել էր, որ դրա հրամանատարին «մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով»:

Մամուլի հրապարակումների համաձայն, պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11-ին, Ջալալ Հարությունյանի հրամանով՝ Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, արդյունքում՝ զինվորներն ընկել են շրջափակման մեջ, ինչի արդյունքում, ցավոք, մեծ մասը՝ զոհվել, ոմանք էլ՝ անհետ կորել են։

Ըստ մեղադրանքի՝ Առստամյանն ըստ հրամանի՝ պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին:

Նշենք, որ Առստամյանը 2020 թվականի նոյեմբերի 8-ին ազատվել էր 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից: Ավելի ուշ գեներալը դատի էր տվել ՀՀ նախագահին, նրա պահանջն էր՝ իրեն տրամադրել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին 2020թ. նոյեմբերի 8-ի ՆՀ-288-Ա հրամանագիրը:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 26-ին ՊԲ-ից հայտնել էին, որ գեներալ Առստամյանն արժանացել էր «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի շքանշանի՝ մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար:

Իսկ 2023 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր՝ «երկուշաբթի մեզ մոտ այցելելու ցանկություն ունի ՊԲ դիվիզիայի հրամանատարներից մեկը, որը շատ կարևոր է, դա պետք է լինի Հադրութի դիվիզիայի հրամանատարը»:

Ավելի ուշ 168.am-ին Քոչարյանի հանձնաժողովից հայտնել էին, որ Հադրութի դիվիզիայի հրամանատարին չեն հարցաքննել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում, այնպես, ինչպես ՊԲ նախկին 2 հրամանատարներին և ոչ միայն: Եվ հիմա, երբ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ասում է, որ իր համար բոլոր ուղղություններով պատկերը պարզ է, մի կողմից՝ հնարավոր է, քանի որ քննչական մարմիններում ավելի շատ հարցաքննություններ են եղել, քան Քննիչ հանձնաժողովում, մյուս կողմից՝ և՛ հասկանալի չէ, և՛ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս, քանի որ այդ ամենից ինքը և այլ դերակատարներ դուրս են մնացել, թերևս: Եվ հետո տպավորություն է, որ Քյարամյանը ևս 44-օրյայում պարտության մեղավորության սլաքն ուղղում է միայն դեպի բանակը, մինչդեռ պատերազմը վարում է պետությունը, բանակը կռվում է: Չմոռանանք նաև, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը համապատասխան ինստիտուտներին մեղադրում էր, որ «մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական»:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրել է կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:

Էլ չասենք, որ մինչև հիմա հայտնի չէ՝ ինչո՞ւ պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատեցին Արգիշտի Քյարամյանին: Ավելին, նույն ժամանակահատվածում պաշտոնից ազատվել էր նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանը:

Իսկ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն անդրադարձել էր ՀՀ-ում լրտեսական ցանցի ԱԱԾ բացահայտումներին և այս համատեքստում առանձնացրել 44-օրյա պատերազմի մեկնարկից մոտ 10 օր անց՝ հոկտեմբերի 7-ին, ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանի ազատման փաստը:

«44-օրյա պատերազմի օրերին՝ պատերազմի մեկնարկից մոտ 10 օր անց՝ հոկտեմբերի 7-ին, աշխատանքից ազատվեց ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանը, իսկ ընդդիմադիր դաշտում հանդես եկող մի շարք լրատվամիջոցներ և անհատներ այդ ազատումը որակեցին՝ որպես վարչապետի կողմից «դավաճանների փնտրտուք»։ Թե որքանո՞վ էր այս ազատումը կապված ՀՀ-ում պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ լրտեսական գործունեություն ծավալած ցանցի հետ, ցույց կտա քննությունը, սակայն մի բան փաստ է՝ ՀՀ-ում հակապետական գործունեություն ծավալած ցանցի գոյության, դրա բացահայտման և գործունեության կասեցման համար պատասխանատու էր անձամբ ռազմական հակահետախուզության պետը՝ Լևոն Շահումյանը:

Կարծես ամենևին էլ պատահական չէր պատերազմի օրերին Փաշինյանի կողմից նրան պաշտոնից ազատելը, քանի որ ռազմական հակահետախուզության պետն առնվազն թերացել էր իր աշխատանքում, իսկ մնացածը, ինչպես նշեցինք, ցույց կտա գործի քննությունը»,- գրել է «Հայկական ժամանակը»:

Այնպես որ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շատ հարցերի պատասխաններ պիտի տա, որպեսզի 44-օրյա պատերազմի համատեքստում ինչ-ինչ դրվագներով և ուղղություններով պատկեր ամբողջացվի նաև հանրության համար:

Տեսանյութեր

Լրահոս