ՀՀ ԶՈՒ և ՊԲ ի՞նչ բարձրաստիճան զինվորականներ են անցնում պատերազմի հետ առնչվող քրեական գործերով. մանրամասներ

168.am-ը պատերազմի հանգամանքների և դրա շրջանակում հարուցված քրեական գործերի հետ կապված հարցեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

1․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս լրագրողներին հայտնել է, որ 2021 թվականի ընթացքում քննվել են պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ, տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձ այդ քրեական գործերով դատի է տրվել: Ավելի վաղ Դատախազությունը տեղեկացրել էր, որ, մասնավորապես, հարուցված քրեական գործերով քննության առարկա են՝ Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները, ինչպես նաև՝ «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող տվյալները, վկայությունները: Ըստ այդմ՝ արդյո՞ք Մատաղիսի ուղղությամբ գործողությունները որևէ գործով քննության առարկա են, և արդյո՞ք պատերազմի ժամանակ Մատաղիսի հրամանատար Սևակ Աբրահամյանն անցնում է որևէ գործով, որի անգործությունը կյանքեր է արժեցել: 

2. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ վերոնշյալ զրույցում ասել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել: Ավելին, նա ասել է, որ կարող է անուն առ անուն նշել՝ կոչումներով, պաշտոնով: Ըստ այդմ՝ կխնդրեինք գաղտնիության և քրեական գործերին չվնասելու սկզբունքի համատեքստում մի քանի բարձրաստիճան զինվորականի անուն տալ, նաև՝ նշել հրամանների բնույթը և ում կողմից է այն տրվել:

3. 168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք էր սկսել, որտեղ հստակ ապացույցներ կան, որ պատերազմի առաջին օրը ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմն ընդունելուն, զինվորները կարևոր հատվածներում զորամասերում են եղել, այսինքն, առաջին հարվածն այնտեղ են ընդունել: Մինչդեռ պատերազմից առնվազն 2 օր առաջ երկրի ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատերազմի սկսման մասին իմացել է: Արդյո՞ք այս փաստը քննության առարկա դարձել է, արդյո՞ք ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից եղել է համապատասխան հրահանգ, և ՊԲ-ն չի՞ կատարել այն, թե՞ չի եղել:

4. Շարունակելով հարցը՝ գուցե ԳՇ ղեկավարությունից եղել են հրամաններ, որոնք անտեսե՞լ է քաղաքական ղեկավարությունը:

5. Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը գաղտնիության տարրեր պարունակող հայտարարություններ է արել, ընթացքում գտնվող ռազմական օպերացիաների մասին տեղեկություններ տվել: Արդյո՞ք այս հանգամանքը քննության առարկա է:

6. Պատերազմից առաջ կատարվել են կադրային փոփոխություններ, և շատ դեպքերում զորամասերում, պաշտպանական շրջաններում տեղանքին ոչ ծանոթ հրամանատարներ են նշանակվել, ինչը չի կարող չազդել հրամանատարի գործողությունների և պատերազմի ընթացքի վրա: Այս հանգամանքը հաշվի առնվե՞լ է:

Նշենք, որ 168.am-ը, նշված հարցադրումներից բացի, դատախազություն է ուղարկել բաց աղբյուրների հիման վրա մեր ուսումնասիրությունների արդյունքները, որ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմն ընդունելուն, զինվորները կարևոր հատվածներում զորամասերում են եղել, այսինքն, առաջին հարվածն այնտեղ են ընդունել: Երկրորդ՝ պատերազմի առաջ և դրա ընթացքում Նիկոլ Փաշինյանը գաղտնիության էլեմենտներ պարունակող հայտարարություններ է արել:

Ինչևէ, Դատախազությունը մեր հարցմանն ի պատասխան՝ 5-օրյա ժամկետում իր գրությունն ուղարկել է, այլ հարց է, որ ոչ բոլոր հարցերին են պատասխանել:

«ՀՀ գլխավոր դատախազություն էլեկտրոնային փոստով ստացված Ձեր 29.04.2022թ. հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք հետևյալը:

1. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա են հանդիսանում 2020թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ժամանակ Մատաղիսի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում տվյալ հատվածի պաշտպանության կազմակերպման գործընթացում ներգրավված ԶՈՒ բոլոր պաշտոնատար անձանց, այդ թվում նաև հարցման 1-ին կետում նշված անձի գործողությունները: Նշված քրեական գործով վերջինս դատավարական կարգավիճակ չունի, նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են ակտիվ և լայնածավալ քննչական, դատավարական այլ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ քննության առարկա բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, ինչպես նաև համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու համար:

2. ՀՀ քննչական մարմիններում քննվող՝ 2020թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել բազմաթիվ անձանց այդ թվում նաև ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Նրանց թվում են, մասնավորապես՝

 ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝

  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ,
  • ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ
  • ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ,

ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով`

  • ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր,
  • ՀՀ ՊՆ երկու զորամասի հրամանատարներ, գնդապետ և փոխգնդապետ,
  • ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, մայոր,
  • ՀՀ երեք զորամասերի հրամանատարների տեղակալներ, փոխգնդապետեր,
  • ՀՀ ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր,
  • ՊԲ N զորամասի շտաբի պետ, մայոր,
  • ՊԲ N զ/մ համալրման բաժանմունքի պետ, շտաբի պետի տեղակալ, մայոր,
  • ՊԲ N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, մայոր,

ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով`

ՊԲ երկու զորամասերի հրամանատարներ, գնդապետեր,

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, սահմանային կոմիսար, գնդապետ,

ՀՀ ՊՆ երեք զորամասերի հրաձգային գումարտակների 3 հրամանատար, փոխգնդապետեր,

ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով՝

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ,

ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ,

ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով`

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ և այլն:

3. Ինչ վերաբերում է գրությամբ ներկայացված այլ հարցերին, ապա հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ դրանց վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ վերաբերում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներին»,- նշված է Դատախազության պատասխան գրության մեջ:

Դատախազությունը խուսափել է իր պատասխանում հիշատակված բարձրաստիճան զինվորականների անունները տալ, թեպետ, ըստ էության դրանք հայտնի են: Մասնավորապես, մեղադրանք կա առաջադրված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի նկատմամբ, ինչպես նաև՝ ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 26-ին գեներալ Առստամյանն արժանացել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի շքանշանի՝ մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար:

Ըստ մամուլի հրապարակումների, պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11-ին, Ջալալ Հարությունյանի հրամանով՝ Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, արդյունքում՝ զինվորներն ընկել են շրջափակման մեջ, ինչի արդյունքում, ցավոք, մեծ մասը զոհվել, ոմանք էլ անհետ կորել են։

Ըստ մեղադրանքի՝ Առստամյանն ըստ հրամանի՝ պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Պատերազմի ընթացքում այս և նմանօրինակ շատ այլ դեպքերից հետո գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, որը մարտական գործողությունների ժամանակ մեքենայի պայթյունի արդյունքում այրվածքներ էր ստացել, տևական բուժումից հետո պաշտոն ստացավ Երևանում՝ նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Իսկ Կարեն Առստամյանը նոյեմբերի 8-ին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ապա ամիսներ անց՝ նրան մեղադրանք առաջադրվեց։

«Հետքի» հրապարակման համաձայն՝ 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երևանում արտակարգ դրություն էր հայտարարված հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լևոնարխ գյուղի ուղղությամբ ներխուժել էին Առստամյանի գլխավորած զորամասի պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Մի քանի ժամ անց մերոնք թշնամուն հետ էին շպրտել:

«Հրամանատարն ու իր տեղակալը շատ դիպուկ նռնակներ էին նետում, ամենաշատը նռնակներ օգտագործեցինք, իսկ նրանք հիմնականում ծանր զենքեր` գրանատամյոտ ու մինամյոտ էին օգտագործում: Արդեն ժամը 3:40-ին փոխգնդապետ Առուստամյանից խնդիր ստացանք, որ պետք է մտնենք խրամատ ու դիրքն ազատագրենք:

Մեր ուժերն առաջադրանքը կատարել են փայլուն կերպով: Հաշված ժամեր անց ադրբեջանցիները, ծանր կորուստների գնով, սկսել են փախչել` տալով 30-ից ավելի վիրավոր և 11 զոհ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ»,- տեղեկացվում է «Հետքի» 2009-ին գրված վերոնշյալ հոդվածում:

Սա առաջին դեպքը չէ, երբ նախկինների ժամանակ մարտական գործողություններին իրենց լավ դրսևորած սպաներն ու հրամանատարները Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունեցած վերջին պատերազմում, այսպես ասած, սխալներ կամ անգործություն են թույլ տվել և քրեական գործերով են անցնում: Բայց սա առանձին խոսակցության և վերլուծության թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս