Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Արգիշտի Քյարամյանը կա՞ն նույն այդ Քյարամյանի ցուցակում

Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է 2020թ. 44-օրյա պատերազմին, տարբեր դրվագներով հարուցված քրեական գործերին և քննիչների առջև խնդիր դրել՝ չնայած գործերի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, ժամկետային որոշակի սահմանափակումներ դնել այս գործերի քննության հանգամանքում: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե լավ մտադրություն է, սակայն պետք է հասկանալ, թե իրականում ինչ նպատակով են դա անելու և ում՝ ինչից են ուզում «մաքրել»:

Քյարամյանը ցանկանում է 44-օրյայի պարտության պատճառ դարձած անձանց բացահայտել. Նիկոլ Փաշինյանը կա՞ այդ ցուցակում

«Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն անսահման չէ, և այն ակնկալիքները, որ հանրությունն ու քննչական կոմիտեն ունեն այս գործերի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն: Այնպես որ, պետք է ուժերի գերլարումով աշխատենք: Այն բոլոր դրվագները, որոնք արդեն ավարտական տեսք ունեն, պետք է իրացվեն, բոլոր ուղղությունները, որոնք այս ընթացքում պարզաբանվել են, պետք է իրացվեն»,- նշել է Քյարամյանը:

Արգիշտի Քյարամյանը հանձնարարել է նաև՝ բացահայտել պատերազմում պարտություն ապահոված հանգամանքներն ու անձանց:

Կարդացեք նաև

«Ձեր կատարած աշխատանքի արդյունքում պետք է վերջիվերջո բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք: Եվ դա ոչ միայն մեզ համար է կարևոր, ոչ միայն կառավարության համար է կարևոր կամ պետության, դա կարևոր է պատմության համար, դա կարևոր է մեր ազգի, մեր ժողովրդի համար: Կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, որպեսզի բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք»,- շարունակել է Քյարամյանը:

44-օրյա պատերազմի ցանկացած դրվագ պահանջում է մանրակրկիտ քննություն՝ խորքային պատճառներից մինչև հետևանքներ, ընդ որում, այդ պատճառները կարող են տանել դեպի նախապատերազմական շրջան, երբ ՊԲ-ում և ՀՀ զինված ուժերում կատարվել են սխալ և ոչ պատահական, ինչո՞ւ չէ՝ մտածված կադրային փոփոխություններ: Մյուս կողմից, այո, պատերազմից անցել է 2 տարի և որոշ դրվագներ և ուղղություններ, որոնք պարզաբանվել են քննչական մարմիններում, կամ ավարտուն տեսք ստացել, պետք է իրացվեն, հրապարակայնացվեն, այլապես ժամանակ առ ժամանակ մամուլում ինչ-ինչ տեղեկություններ են շրջանառվում պատերազմական այս և այլ դրվագի հետ կապված, իսկ գեներալները լռում են՝ ելնելով գաղտնիության սկզբունքից, զինվորական, այսպես ասած, գրված օրենքներից, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական մարմիններում ցուցմունքներ տալիս են:

Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, թե կա հասարակական պահանջ՝ բացահայտել պատերազմում պարտության պատճառ դարձած հանգամանքներն ու անձանց, և, որ դա անհրաժեշտ է կառավարությանը, ազգին և պատմությանը, նախ՝ արդյո՞ք նման մեսիջ կամ ձևակերպում ՔԿ նախագահը պետք է իրեն թույլ տար:

Երկրորդ, ինչի՞ց ելնելով կամ ինչի՞ հիման վրա է Քննչական կոմիտեն կարծում, որ կա հասարակական պահանջ՝ բացահայտել պարտության մեղավորներին:

Երրորդ, 44-օրյա պատերազմում զոհվածների որոշ ծնողներ պետական դավաճանության տարրեր էին տեսնում Նիկոլ Փաշինյանի՝ որպես գլխավոր հրամանատար, և նրա կնոջ, նույն Արգիշտի Քյարամյանի գործողություններում, արդյո՞ք հասարակության այս հատվածի պահանջը ևս հաշվի է առնվելու:

Չորրորդ, կան պարզ առանցքային հարցեր, որոնց պատասխանները լույս են սփռելու պատերազմի պարտության պատճառների վրա, օրինակ՝ ինչո՞ւ պատերազմի առաջին ժամերին ՊԲ-ն ամբողջովին պաշտպանության անցած չի եղել, երբ առնվազն 2020թ. սեպտեմբերի 25-ին հայտնի է եղել՝ պատերազմ է սկսվելու, ինչո՞ւ չի փոխվել ԶՈՒ կիրառման պլանը, երբ Հայաստանը շտապեց պատերազմի առաջին օրը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարել, արդյո՞ք եղել է ներքին հրաման:

Այս համատեքստում նշենք, որ 2021թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»:

Նույնը միտքը Փաշինյանն արտահայտել էր 2020-ի դեկտեմբերի 16-ին՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում.

«Եվ «պատերազմին պատրաստ չենք» արտահայտությունն այնքան էլ կոռեկտ արտահայտություն չէ: Որովհետև Զինված ուժերն ունենում են կիրառման պլան, և Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմին: Որովհետև եթե Զինված ուժերը պատրաստ չեն պատերազմի, ուրեմն իրենց գոյությունն անիմաստ է»:

Չորրորդ կետի տրամաբանության մեջ հավելենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր՝ «պարզվեց, որ 44-օրյա պատերազմին վատ ենք պատրաստվել»:

Հինգերորդ, արդյո՞ք քննության առարկա է դառնալու այն, որ գերագույն հրամանատարը չի ընդունել ԱԽ նիստում պատերազմի 4-րդ օրը այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի առաջարկը՝ օրերի ընթացքում քայլեր ձեռնարկել և կանգնեցնել պատերազմը: Կամ՝ այն, որ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում բոլորը միաձայն կողմ են եղել պատերազմը կանգնեցնելուն, և այն շարունակվել է:

Վեցերորդ, արդյո՞ք հասարակությունն իմանալու է՝ որքանո՞վ են ընդունվել և իրականացվել ռազմական ղեկավարության առաջարկները Նիկոլ Փաշինյանի կողմից, և որքանո՞վ է զինվորականության խոսքը որոշիչ և թելադրող եղել: Այսինքն, որքանով է իրացրել իր լիազորությունները ԳՇ պետը, Պաշտպանության նախարարը:

Յոթերորդ, գերագույն հրամանատարը պատերազմի պարտության պատճառ դարձած անձանց շարքում դիտարկվելո՞ւ է, ի վերջո, պետությունն է վարում պատերազմը, և գերագույն հրամանատարն այս դեպքում ամենամեծ պատասխանատվությունն է կրում պատերազմի պարտության համար:

Ի դեպ, 2021-ին «Sputnik Արմենիայի» հարցմանն ի պատասխան՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ասել էր.

«Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»:

Չմոռանանք, որ պատերազմից հետո էլ Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ Սյունիքից զորքերի հետքաշման հրամանն ինքն է տվել: Հետպատերազմյան շրջանը, սակայն, առանձին քննարկման թեմա է:

ԱԱԾ տնօրեն և ՀՀ քաղաքացի Արգիշիտի Քյարամյանի դերակատարումը 44-օրյա պատերազմում

Այս կետերն ու հարցադրումները կարելի է դեռ շարունակել, բայց հիշենք ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի դերակատարումը 2020թ. պատերազմում:

2020թ. պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, մինչև հոկտեմբերի 8-ը Արգիշտի Քյարամյանը եղել է ԱԱԾ տնօրեն, այդ պաշտոնին նա նշանակվել էր 2020-ի հունիսի 8-ին, որից մեկ ամիս հետո սկսվեցին հուլիսյան մարտերը: Իսկ 44-օրյա պատերազմի 3-րդ օրն է նա մեկնել Արցախ:

«Ես որոշել և Արցախ եմ մեկնել պատերազմի 3-րդ օրը, շուրջ 8-9 օր եղել եմ Արցախում որպես ԱԱԾ տնօրեն: Բավականին բարդ էր ԱԱԾ տնօրենի մնացած լիազորությունները Արցախից կատարելը, այնուամենայնիվ, ես նպատակահարմար գտա մնալ Արցախում»,- 2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր այդ ժամանակ դեռ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից: Հավելենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկը հենց այս օպերացիային է վերաբերում, որը հաստատել է Նիկոլ Փաշինյանը, և որի քննարկմանը ներկա է եղել Քյարամյանը:

Հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո այսօր արդեն ՔԿ նախագահ Քյարամյանը շարունակել է մնալ Արցախում:

«Երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, 2 օրով վերադարձել եմ Երևան, հանձնել եմ ԱԱԾ-ն, հետո հասկացել եմ, որ եթե ես հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների, և վերադարձել եմ Արցախ: Չեմ ունեցել որևէ պաշտոնական կարգավիճակ, բնականաբար, եթե մի օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, հաջորդ օրը ԱԱԾ տնօրեն չես, այդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Վերադարձել եմ Արցախ և սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն: Ւսկ պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց բավականին ծանրանալ, բազմաբնույթ գործունեություն է ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ, տարբեր տեղեր տանելով, տեղակայելով»,- Պետրոս Ղազարյանի վերը նշված հարցազրույցում մանրամասնել էր նա և նշել, որ եղել է նաև Շուշիում՝ աշխարհազորի կազմում, որտեղից, ինչպես նաև Ստեփանակերտից դուրս է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Սա 168.am-ի հետ զրույցում հաստատել էր նաև Սեյրան Օհանյանը:

«Տարբեր հատվածներում, ընդ որում՝ Շուշիում, ես տարբեր դրվագներում կարճ ժամանակահատվածներով առնչվել եմ Արգիշտի Քարամյանի հետ, միասին ենք եղել: Ինքը ճիշտ է ասում, որ Շուշիում վերջին օրերին միասին ենք եղել: Եվ Արգիշտի Քյարամյանը Շուշիի ուղղության հրամանատարին՝ գնդապետ Առուստամյանին, աջակցել է: Եվ նրա խնդրանքով, իմ խնդրանքով տարբեր դրվագներում Արգիշտի Քյարամյանը հանդերձավորվել է՝ հագել սաղավարտը, իր զրահաբաճկոնը, վերցրել զենքն ու կապի միջոցները, և պարտաճանաչ կերպով մեկնել այս կամ այն ուղղություն, նկատի ունեմ Շուշիի հատվածում՝ տարբեր ստորաբաժանումներ տեղակայելու, խնդիրները տեղում պարզաբանելու, բացատրական, ինժեներական աշխատանքներում աջակցելու: Մենք, իրոք, վերջին օրերին իր հետ ենք եղել: Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քյարամյանը:

Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու»,- պատմել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Ի դեպ, Քյարամյանն ասել էր, որ իրենց մեքենայի բեռնախցիկում եղել են քարտեզներ, ռացիաներ, զինամթերք:

«Ոչ թե ինկասացիայի մեքենայով եմ դուրս եկել, այլ ՄՈԲ-ով այնտեղ գտնվող և մի գնդապետի սպասարկող ոսկեգույն NIssan-ով։ Իսկ փողերի և ոսկիների փոխարեն՝ մեքենայի բեռնախցիկում եղել են քարտեզներ, ռացիաներ և զինամթերք, ընդ որում՝ զինամթերքի ողջ պաշարը, այդ թվում՝ բացած ցինկերի կիսատ փամփուշտները»,- մանրամասնել էր Քյարամյանը՝ Պետրոս Ղազարյանին:

Հիշեցնենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրանք է առաջադրված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին: Իսկ Սեյրան Օհանյանը, ըստ մամուլի հրապարակումների, վկայի կարգավիճակով է ցուցմունքներ տվել: Արդյո՞ք Քյարամյանն այս հարցում ասելիք չունի՝ ով կամ ովքեր են մեղավոր Շուշիի անկման համար, արդյո՞ք միայն Միքայել Արզումանյանը:

Ի դեպ, մինչև հիմա հայտնի չէ նաև 2020թ. հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատման պատճառը: Գուցե իրո՞ք այն ինչ-որ առնչություն ունի հակահարվածի օպերացիայի ձախողման հետ:

Հիշեցնենք, որ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է համապատասխան ինստիտուտներին պատերազմից առաջ իրեն սխալ տեղեկություն տալու կամ ապակողմնորոշելու մեջ, թե ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական:

«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: «Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- 2021-ի ապրիլի 14-ի ԱԺ-ում հայտարարել էր Փաշինյանը:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրել է կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ՝ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:

Այս մասով ևս ասելիք չունի՞ Արգիշտի Քյարամյանը, ով, ի դեպ, 2021-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հարցին, թե կարծիքներ կան, որ տարբեր գերատեսչություններում կատարել է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքը, արձագանքել էր, որ իրեն ճանաչողը գիտի՝ երբեք քմահաճույք չի կատարել:

Ստացվում է՝ 44-օրյա պատերազմում պարտության պատճառ դարձած անձանց բացահայտելը ի՞ր ցանկությունն է, այսինքն, ակնկալե՞նք, որ հոդվածում բարձրացված հարցերը հաշվի կառնվեն, այդ թվում՝ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի գործողությունների և լիազորությունների կատարման կամ չարաշահման հետ կապված: Սպասենք:

Տեսանյութեր

Լրահոս