Հադրութի դիվիզիայի հրամանատարին չեն հարցաքննել

Նոյեմբերի 24-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ Քննիչ հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մոտ 3 ժամ տևած հարցաքննությունից հետո ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր

«Ջալալ Հարությունյանին սպասում եմ: Եթե մինչև ամսի 3-ը նման հնարավորություն ունենանք, Ջալալ Հարությունյանը պատրաստակամ է գալ: Բայց ամսի 27-ին, ենթադրում եմ, որ կունենանք հրավիրյալ, ամսի 29-ին կունենանք հրավիրյալ: Ամսի 29-ի հրավիրյալը, կարծում եմ, ձեզ բոլորիդ կհետաքրքրի: Ես գիտեմ, որ երկուշաբթի մեզ մոտ այցելելու ցանկություն ունի ՊԲ դիվիզիայի հրամանատարներից մեկը, որը շատ կարևոր է: Դա պետք է լինի Հադրութի դիվիզիայի հրամանատարը: Պետք է ասեմ, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղարն էլ ցանկություն ունի Քննիչ հանձնաժողով գալու՝ Սամվել Բաբայանը»:

2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար աշխատած Սամվել Բաբայանը նոյեմբերի 29-ին, ինչպես տեղեկացվել էր, գնացել էր Քննիչ հանձնաժողով, և նրա «ճշմարտությունները» դարձյալ ոչ թե ի վնաս Նիկոլ Փաշինյանի էին, այլ՝ հօգուտ:

Իսկ թե Անդրանիկ Քոչարյանի ասած՝ Հադրութի դիվիզիայի հրամանատարին լսեցի՞ն հանձնաժողովում, 168.am-ը դեկտեմբերի 6-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, որտեղից մեկ օր հետո պատասխանել էին. «Հարկ ենք համարում նշել, որ Ձեր
կողմից հիշատակված անձի հարցաքննությունը տեղի չի ունեցել։ Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների
հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտված են»:

Կարդացեք նաև

Հարցաքննության չկայացման պատճառները, սակայն, չեն նշվել:

Իսկ Հադրութի հետ կապված բազմաթիվ հարցեր են: Օրինակ, թե ինչո՞ւ ընկավ Հադրութը, արդյոք Շուշիի օպերացիան և անկումը չպե՞տք է տեսնել այլ՝ արված և չարված գործողությունների համատեքստում, քանի որ, ինչպես 168.amի հետ հարցազրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար»:

Քննիչ հանձնաժողովն այդպես էլ չլսեց նաև ՊԲ նախկին հրամանատարներին: Եթե Ջալալ Հարությունյանի դեպքում, ինչպես Ադրանիկ Քոչարյանն էր մի առիթով լրագրողներին ասել՝ «իրավական մի փոքր խնդիր կա, եթե դա լուծվում է», ապա Ջալալ Հարությունյանին կլսեն Քննիչ հանձնաժողովում, կամ ինչպես դրանից առաջ ի պատասխան 168.am-ի հարցմանն էր նշել՝ «Ջալալ Հարությունյանը հանձնաժողով կհրավիրվի, եթե նրա նկատմամբ քրեական գործը փակվի», ապա 1 տարուց ավելի անազատության մեջ գտնվող Միքայել Արզումանյանին լսելու ցանկություն իշխանությունները նույնիսկ չդրսևորեցին:

Այս տարվա օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր անգամ առաջարկել լսել Արզումանյանին:

«Կարծում եմ, որ նրան անհրաժեշտություն կա լսելու, նույն ձևով կարելի է միջնորդել, ինչպես իմ դեպքում արվեց: Կրկնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, մասնավորապես փակ մասում: Այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, և կարծում եմ՝ ինքը պետք է խոսի»,- շեշտել էր Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 6-ին Արզումանյանը հայտարարություն էր տարածել և նշել, որ որպես թիրախ է ընտրվել:

«Ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։

Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։

Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։

Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա»,- իր հայտարարության մեջ նշել էր գեներալ Արզումանյանը:

168.am-ն այս թեմայի կարևորությունից ելնելով, մի քանի անգամ հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու՝ քննարկվե՞լ է Միքայել Արզումանյանին լսելու հարցը, նրա համաձայնել-չհամաձայնելն այլ հարց է, բայց այդպես էլ հստակ պատասխան չենք ստացել, ինչը հաստատում է մեր վերևում արված պնդումը՝ ցանկություն չի եղել, ձեռնտու չի եղել:

Ի դեպ, մենք մի քանի անգամ գրավոր հարցումների և հոդվածների միջոցով բարձրացրել ենք նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հարցաքննելու կարևորությունը: Բայց նրանք այդպես էլ չհրավիրվեցին Քննիչ հանձնաժողով, գուցե Անդրանիկ Քոչարյանն այլ տարբերակներով ինչ-ինչ հարցերի պատասխաններ ստացե՞լ է, բայց նշված անձանց թույլատրելի սահմանում բաց կամ դռնփակ լսելու անհրաժեշտություն, թերևս, կար:

Հավելենք, որ Քննիչ հանձնաժողով 2 անգամ կանչվել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը, այստեղ լսել են նաև ԳՇ գործող ղեկավար Էդվարդ Ասրյանին (ով 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր), ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին: Իհարկե, եղել են նաև հանձնաժողով գնալուն դեմ արտահայտվողներ, մասնավորապես, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Այսինքն, փաստ է, որ ռազմական տեսանկյունից կարևոր և պատասխանատու անձանց Քննիչ հանձնաժողովում չլսեցին, և սա միայն հրաժարվողների մեղքը չէ: Այլ կերպ ասած՝ այս առումով առանցքային կարելի է համարել միայն ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի երկօրյա կամ ավելի քան տասը ժամ տևած  հարցաքննությունը, որի մասին, իհարկե, մանրամասներ չգիտենք, և, թերևս, չենք էլ իմանա, անգամ, երբ 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ լինի, որի բովանդակության մասին կարելի է միայն ենթադրություններ անել՝ ելնելով որոշ պատասխանատուներին չհարցաքննելու փաստից:

Իսկ Հադրութի դիվիզիայի հրամանատարին առանձին կանդրադառնանք:

Տեսանյութեր

Լրահոս