Ո՞վ է ցուցում տվել… Ջալալի՝ «մերոնք են, նայեք չկրակեք» չարաբաստիկ հրամանի ճակատագրական հետևանքները

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն են՝ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողներ Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը, Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը:

Նահատակված տղաները ծառայում էին Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի Դ-20 հրետանային դիվիզիոնում (ՑՈՐ), որը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, 21 զինծառայող անհետ կորել էր: 2020թ. հոկտեմբերի 12-ից նրանք անհետ կորած էին:

Ծնողները մասնագիտական փաստերով հակադարձել են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած մտքերին:

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել պատերազմական 2 դրվագով, որոնցից մեկը վերաբերում է հոկտեմբերի 7-ի հայտնի օպերացիային, երկրորդը՝ հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այսինքն, «Ցորի» զորամասի զինվորների պաշտպանությունը պատշաճ չի կազմակերպվել:

Կարդացեք նաև

Մեղադրանքի առաջին դրվագի՝ հակահարվածի հայտնի օպերացիայի մասով փաստաբանը նշել է, թե այն համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռևս տարիներ առաջ։

«Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը»,- շարունակել է նա:

Ինչ վերաբերում է «Ցորի» զորամասի պաշտպանությանը, Արսեն Սարդարյանն ասել է, թե իբր Ջալալ Հարությունյանի մեղադրանքը կառուցվել է մարդկանց, ծնողների հույզերի վրա, ուստի դա իրավաբանություն չէ:

Ըստ փաստաբանի՝ ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն ՊԲ հրամանատարը չէ, պաշտպանությունը պետք է պատշաճ կերպով կազմակերպվեր դիվիզիոնի հրամանատարության կողմից:

Զոհված զինծառայողի հայր, հրետանավոր, ՊԲ պահեստազորի սպա Արմեն Ասրյանը նախ խոսել է հոկտեմբերի 7-ի Փաշինյանի կողմից հաստատված հակահարվածի հայտնի օպերացիայից:

«Այդ հակահարվածը ի սկզբանե դատապարտված է եղել այդպիսի արդյունքների, իզուր չէ, որ տարիներ շարունակ մշակված կանոնադրություններով կետեր են նախատեսվել՝ ինչ պայմաններ պիտի բավարարվեն հակահարձակման համար: Ասում է՝ կար նախկինում հակահարձակման պլան՝ ուժերի 1:4,5 հարաբերակցությամբ: Այո, կար նման պլան, բայց դա չպետք է կատարվեր ՊԲ ուժերով, այլ առաջին կորպուսի կողմից պիտի իրականացվեր: Բայց այդ կորպուսը պատերազմի արդեն երկրորդ օրը բավականին կորուստներ էր կրել, նվազել էր մարտունակությունը: Այսինքն, պլանը կար, բայց ոչ այն ուժերով, որով արվեց: Ովքեր էին հակահարվածի մեջ ներգրավված ուժերը, երկու տարբեր զորամասերից մեկական գումարտակներ, որոնք մեծ երթ են կատարել, այսինքն, Արցախի արևելյան ուղղությունից տեղափոխվել են հարավային ուղղություն՝ 100-ավոր կիլոմետրեր»,- շեշտել է զոհվածի հայր Արմեն Ասրյանը՝ հավելելով, որ որքան էլ տեխնիկան սարքին է եղել, բայց դրանք նախորդ դարի տեխնիկաներ են եղել և նման ծանրաբեռնվածությամբ երթ չեն կատարել:

Ըստ ՊԲ պահեստազորի սպայի՝ կատարվել է հապճեպ պլանավորում, բավարար կերպով կազմակերպված չի եղել, մինչդեռ տարբեր զորամասերի միջև փոխգործողություն ապահովելը հենց Ջալալ Հարությունյանի պարտավորությունների մեջ է մտնում:

Ավելին, ըստ Արմեն Ասրյանի, օպերացիան նախատեսված ժամանակից ուշ է սկսվել, ինչը ևս հուշում է՝ հակահարվածին պատրաստ չէին, ավելին, ուժերը բավարար չեն եղել այդ օպերացիայի համար ի սկզբանե:

«Ջրականը գտնվում էր հակառակորդի ձեռքի տակ, Արա լեռը՝ հրետանային զորամասը, գտնվում էր հակառակորդի ձեռքի տակ, և այնտեղ հակառակորդի ռեզերվներ կային: Ընդ որում, Ջրականից արդեն հակառակորդը ոտքով և որոշ տեխնիկաներով բարձրանում էր դեպի Առաքել գյուղը, այնտեղից՝ Բանաձոր, Բանաձորից էլ՝ Հադրութի թիկունքային կողմից… Եվ հրամանատարի ունակությունը հենց նրանում է, որ ճիշտ գնահատի հակառակորդի հավանական գործողությունների բնույթը»,- շեշտել է զոհված զինծառայողի հայրը՝ հավելելով, որ արդեն հոկտեմբերի 6-ին կար տեղեկություն, որ հակառակորդը բարձրանում է դեպի Առաքել գյուղ:

«Այսինքն, մի կողմով դու մխրճվել ես, մի կողմով թիկունքդ կտրել են: Մենք ռեալ պատկերացում չենք ունեցել, թե ինչ է կատարվում հարավային մասում»,- ընդգծել է Արմեն Ասրյանը:

Ինչ վերաբերում է մեղադրանքի երկրորդ դրվագին, ապա Արմեն Ասրյանը համաձայն է Ջալալ Հարությունյանի փաստաբանի հետ՝ ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն ՊԲ հրամանատարը չէ, պաշտպանությունը պետք է պատշաճ կերպով կազմակերպվեր դիվիզիոնի հրամանատարության կողմից: Բայց խնդիրն այն է, որ դիվիզիոնի հրամանատարը չի կարող իմանալ, թե ինչ է կատարվում բոլոր ուղղություններով, իսկ բանակի հրամանատարը պարտավոր է դրան տիրապետել:

«Եվ ունենալով համապարփակ տեղեկություններ, ոչ թե պիտի ասեր՝ կարող է մերոնք են, ինչպես փաստաբանի փոխանցմամբ, ասել է Ջալալ Հարությունյանը, այլ… իհարկե, ես չեմ հավատում, որ Ջալալ Հարությունյանն ասել է՝ «կարող է՝ մերոնք են»: Գենադի Բաղդասարյանը չէր կարող ՊԲ հրամանատարի ասած՝«կարող է՝ մերոնք են»-ը փոխել և դարձնել՝ մերոնք են: Ես իրեն լավ եմ ճանաչում, ինքը շատ խելացի է: Էնքան է խելացի, որ մինչև հիմա կարողանում է պլստալ պատասխանատվությունից՝ օգտագործելով կանոնադրության բացերը: Ինքը հակված չէ խեղաթյուրել ՊԲ հրամանատարի խոսքերը: Տեսնելով շարժվող խումբը, հրաման են տվել՝ թողնել կրակային դիրքը, եթե հանկարծակի ներխուժում լիներ, պիտի ինքնապաշտպանությունով ստիպված զբաղվեին: Բայց երբ կասկածում ենք և ասում՝ թողնել կրակային դիրքերը, դա նորմալ որոշում է: Բայց այդ ընթացքում հրամանատարական կետից գալիս է տեղեկություն՝ մերոնք են, դիվիզիոնի հրամանատարը չհավատալով հրետանու պետից պահանջեց ճշտել և նորից մերոնք են: Այս չարաբաստիկ «մերոնք» բառը հանգեցրեց մնացած սխալներին: Եթե գիտեք, որ կա ներթափանցում, ինչո՞ւ չեք տվել տեղում կողմնորոշվելու հնարավորություն»,- ասել է Արմեն Ասրյանը:

Արմեն Ասրյանը նաև նշել է.

  • Ջալալն ասել է՝ «մերոնք են, նայեք չկրակեք». մեր տղաները զոհվել են հակահարվածի ձախողված հրամանի պատճառով:
  • Պահանջում եմ դատարանից՝ պարզել՝ եղե՞լ են հակահարվածի որոշում կայացնելու համար համապատասխան հիմքերը:
  • Բանակի ողնաշարը ջարդել էինք, վերջին ռեզերվը չկար… դեմոկրատական բանակ էր՝ «չեմ ուզում կռվել, գնում եմ»… պատերազմի առաջին օրերին ունեցել ենք հազարավոր մարդկանց հոսք և անկառավարելի վիճակ:
  • Ջուրն էին լցրել լցրել 30 տարվա մեր բանակաշինության արդյունքները:
  • Վիրավորների շրթունքները ճաքել էին, ջուր չէին գտնում…
  • Ջալալ Հարությունյանի փաստաբանի ասուլիսից տպավորություն ստացա, թե հաղթած հրամանատարին են մեղադրանք առաջադրել:
  • Հապճեպ պլանավորում են իրականացրել, տարբեր զորամասերի փոխգործակցություն չի իրականացվել, այնինչ դա Ջալալ Հարությունյանի պարտավորությունն էր:
  • Զորամասերը որևէ կիրառման պլանում նախատեսված չեն եղել, տարածքն անծանոթ էր, տեղանքն ուսումնասիրված չէր, դրա համար մեկ շաբաթ էր պետք. մենք ականատես ենք եղել՝ ինչպես են շփոթվել զինվորները, տանկերը, հենց սկզբից ձախողել են, պատրաստ չէին հակահարվածին…
  • Մենք ռեալ պատկերացում չենք ունեցել՝ ինչ է կատարվում, Ջալալը պատասխանատու էր ստրատեգիական հարցերը կռահելու համար:
  • Ավանտյուրայի են գնացել, չգիտեմ՝ ինչ մտահղացում է եղել այն պաշտոնյա անձի մոտ, և այդ մտահղացումը մինչև պատերազմն է եղել, բայց հրամանատարը պարտավոր էր գնահատել իրավիճակը, բանակի հրամանատարը պարտավոր է տիրապետել ընդհանուր իրավիճակին:
  • Այն ռազմական գործիչը, որ պատասխանատու է որոշում կայացնելու համար, նա պիտի պատասխան տա:
  • Մեր տղաները բոլորը զոհվել են դիպուկահարի գնդակից և մեծաքանակ կրակահերթից:
  • Հրամանատարության՝ իրավիճակը ոչ ճիշտ գնահատելու հետևանքով է ձախողվել հակահարվածը:
  • Հակահարվածից 3 օր անց Հադրութ ենք տվել. էս ինչի՞ մասին եք խոսում, պահող էիք՝ Հադրութը պահեիք…
  • Զորամասը բարոյալքված էր, թողնված ճակատագրի քմահաճույքին…
  • Ադրբեջանական հատուկջոկատայինների խմբի դեմ մեր հրետանավորները հակադիվերսիոն գործունեություն չէին կարող անել, նրանք նման ուսուցում անգամ չէին անցել, դասակի հրամանատարն անգամ դրան պատրաստ չի եղել…

Զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը նշել է.

  • Պատահականություն չեմ տեսնում, ամեն ինչը դիտավորություն էր, սա պետական դավաճանություն է:
  • Ինչո՞ւ էին ամեն ինչ հապճեպ անում, երբ հստակ գիտեին անգամ պատերազմը սկսելու օրը…
  • Ամեն ինչի մասին շատ լավ պատկերացում ունեին և մեր տղաներին տարել էին՝ որպես մատաղացու գառներ…
  • Այդ ամենն ահասարսուռ ծրագիր էր՝ ժողովրդին ցավի տակ դնելու, ողնաշարը կոտրելու…
  • Նիկոլը քաղաքական որոշում էր կայացրել՝ հանձնել Արցախը, իսկ խամաճիկներն իրականացրել են. ամբողջությամբ պետական դավաճանություն է:

Արմեն Ասրյանը շարունակելով միտքը՝ ասել է.

  • Հակված չեմ ասելու, որ զինվորականության կողմից պետական դավաճանություն է եղել, բայց եղել է հանցավոր անփութություն, տգիտություն:
  • Պետական դավաճանության էլեմենտներ դիտարկվում է, իսկ թե ո՞ւմ ցուցումով, պետք է պարզվի: Ո՞վ է ցուցում տվել, որ չբացազատվեն զորքերը…
  • Շուշիի ազատագրման համար 1.5-2 ամսվա զինծառայողների են տարել, ավելի քան 260 զինվորի գլուխը կերան…
  • Գերագույն գլխավոր հրամանատարը պատասխանատու է, բայց նա զինվորական չի եղել, վստահել է գեներալիտետին, ինքը քաղաքական որոշում կարող էր ընդունել, բայց ինչո՞ւ որոշումները խորհրդակցությունների արդյունքում չեն ընդունել, ինչո՞ւ փորձառու գեներալներին, զինվորականներին չեն ընդգրկել, վախեցե՞լ են, որ հաջողությունների պտուղները նրանց մնան…
  • Մեր տղաները զոհվել են ձախողված հակահարվածի որոշման պատճառով:
  • Մեր իշխանությունը չպետք է դրդի, որ ծնվեն թեհլերյաններ…
  • Ջալալին արդարացնեք, բա ո՞ւմ եք մեղավոր դարձնելու՝ ժողովրդի՞ն:

Տեսանյութեր

Լրահոս