2015թ. ՀՀ-ն էր ՄԱԿ-ին դաշտային հոսպիտալի ներգրավմամբ հավակնոտ ծրագիր առաջարկում, այսօր ԵՄ-ն է մեզ այն առաջարկում՝ որպես «ոչ մահաբեր զենք»
Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ում որոշել են ավելացնել Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի:
Իսկ նոյեմբերի 1-ին Եղեգնաձորում լրագրողներին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն էլ հայտնել էր, որ այդ պահի դրությամբ դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից, և, որ նախատեսում են դրանց թիվը հասցնել 27-ի:
2023 թվականի հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում:
Նպատակը՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:
Այսինքն, ԵՄ-ն նպատակ է դրել աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եվրոպական կամ միջազգային դիտորդներին ինքն է հրավիրել և նշել պատճառները՝ պարզ և բարդ:
«Բարդ պատճառն այն է, որովհետև ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածության և պայմանագրերի, ՀԱՊԿ-ի արձագանքն ադրբեջանական օկուպացիային համարել եմ ոչ պատշաճ: Երկրորդ՝ արդեն երկար ժամանակ, չթաքցնեմ դա, Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաստան՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը: Եվ եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչի՞ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար: Եվ ես ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար ընդունելի կամ համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձևավորեք և եկեք, տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»,- պարզաբանել էր Փաշինյանը:
Արդեն 2023 թվականի օգոստոսի վերջին տեղեկացանք նաև, որ Հայաստանը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրել է աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվել էր Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով 2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը:
Թե զուտ անվտանգային առումով ինչ է տալիս ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ-ին, թեկուզև քաղաքացիական բնակչության հետ կապված, հարցերը շատ են, հատկապես, երբ ադրբեջանական կողմից մահվան ելքով հրադադարի խախտումներ շարունակվում են արձանագրվել: Մասնավորապես, նույն Վայոց ձորի մարզում, որտեղ բավարար ներկայություն ունի ԵՄ դիտորդական առաքելությունը, դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել էր, որ ՊՆ սպան հակառակորդի դիպուկահարի կրակոցից միջանցիկ գնդակային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, նույն օրը բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Երկրորդ, ցանկացած երկրում քաղաքացիական բնակչության անվտանգությունն առաջին հերթին ապահովում է բանակը, այլ դեպքերում՝ այն կոչված է անել ինչ-որ առումով խաղաղապահը: Հիմա եթե ԵՄ-ն ասում է, որ իր առաքելությունը քաղաքացիական է, իսկ նպատակը՝ սահմանամերձ շրջաններում կայունության ապահովումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ձևավորումը, ապա սա ենթադրում է նաև քաղաքական առաքելություն, և ոչ այնքան պասիվ: Եվ եթե նախկին իշխանությունների օրոք, երբ կար ԵԱՀԿ ՄԽ, ԵՄ-ն ժամանակ առ ժամանակ իր լիակատար աջակցությունն էր հայտնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, երբ արդեն չկար ԵԱՀԿ ՄԽ-ն, դեռ 2021-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հայտարարում էր, որ ԵՄ-ն պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այսօր Արցախը հայաթափված է, և ԵՄ-ն, փաստորեն, որոշակի ներգրավվածություն է ապահովում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և նրանց միջև փոխվստահության ստեղծման հարցում: Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ նախկին իշխանությունների օրոք 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել էր Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որտեղ հիշատակում կար նաև Արցախի հարցի հետ կապված:
«ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության կողմից հայտարարված հանձնառությունը….»,- նշված էր համաձայնագրում:
Սրան զուգահեռ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ՀՀ նախկին իշխանությունների ձեռքին էր նաև Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները սահմանին հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ:
Այսօր, ինչպես նշեցինք, ԵՄ-ն դիտորդական առաքելություն ունի Հայաստանում և ձգտում է այն ընդլայնել:
Իսկ «Իզվեստիա»-ին ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել:
Ստանոն նշել է նաև, որ հայ զինծառայողներին Եվրամիության անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր նույնպես չկան։
«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն քաղաքական և տնտեսական արժեքների համայնք է»,- ասել է նա։
Միաժամանակ նշվում է նաև, որ Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրելու այդ աջակցությունը, Ստանոն ասել է, որ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով հայ գործընկերների կարիքներն ու խնդրանքը։
«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է՝ որպես ամենահրատապ կարիքներ»,- մանրամասնել է Ստանոն։
Այս համատեքստում, թերևս, հարկ է հիշեցնել, որ 2015թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել էր ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ:
«Բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:
Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:
Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ»,- հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահը:
ՀՀ ՊՆ առաջարկած առաջին ստորաբաժանումը կամ միջազգային չափորոշիչներով ԴԵՐ-2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալն իրենից ներկայացնում էր շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ, որը տեղակայվելու էր վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունենալու էր առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն:
Այսինքն, խնդիր էր դրված հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումն անցնելու նպատակով:
Համակարգն ունենալու էր վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ:
«Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ-ի կողմից 2007թ. տրամադրված ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը դա ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորական գումարտակն է, որն այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:
Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից:
Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը:
Առաջին փուլում նախատեսում ենք վերապատրաստել գնահատող անձնակազմին, այնուհետև մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների:
Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի, այսպես կոչված, «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին՝ դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի՝ համաձայն ներպետական ընթացակարգերի: Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում»,- 2015-ին Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնել էր այդ ժամանակ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Այսինքն, այն, ինչ ԵՄ-ն ՀՀ-ին առաջարկում է, որը դեռ հաստատված էլ չի, ժամանակին հայկական կողմը նմանօրինակ, բայց շատ ավելի հավակնոտ ծրագիր առաջարկում էր ՄԱԿ-ի ամբիոնից: Այլ կերպ ասած՝ այսօր անվտանգության լավ կամ վատ արտադրող երկրից այսօր վերածվել են անվտանգության սպառող երկրի: Այս դեպքում ինքնիշխանության մասին խոսելը, մեղմ ասած, ծիծաղելի է:
Իսկ թե ԵՄ անդամ 27 երկրներից յուրաքանչյուրը, որոնց ներկայացուցիչների մեծ մասն ընդգրկված են ՀՀ-ում տեղակայված դիտորդական առաքելության կազմում, ի՞նչ տեսակետ ունի հայկական և թուրք-ադրբեջանական շահերի հետ կապված առանձին քննարկման, բայցև շատ կարևոր հարց է: Պակաս հետաքրքիր չէ նաև ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունների տրամադրումը: Սա նշանակում է, որ նախ պետք է հասկանալ՝ որը կամ ինչն է ԵՄ-ն համարում ապատեղեկատվություն:
Չմոռանանք, որ այս տարվա օգոստոսին ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների ներկայությամբ կրակոց էր արձանագրվել, ինչը, իհարկե, ԵՄ դիտորդական առաքելությունից փորձեցին հերքել, ընդ որում, հերքեցին ՀՀ ՊՆ-ին: