
Թբիլիսիում քաղաքացիական բողոքի երթ է ընթանում

Կիրակի օրը Թբիլիսիում քաղաքացիական բողոքի երթ է տեղի ունենում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Ի տարբերություն վերջին շաբաթների ակցիաների, որոնք իրականացնում էին կուսակցությունները, այսօր մարդկանց փողոց է դուրս բերել daitove սոցիալական հարթակը՝ ակցիան կազմակերպելով սոցիալական ցանցերի միջոցով։
Ըստ լրատվամիջոցի՝ սա Facebook սոցիալական ցանցի վրացական հատվածի ամենաակտիվ և ամենախոշոր սոցիալական խմբերից մեկն է։ Այն ստեղծվել է այս տարվա գարնանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ՝ բողոքի ցույցերին աջակցող մարզերից եկածներին տրանսպորտով և անվճար բնակարանով ապահովելու նպատակով։
Այժմ «daitove»-ում 200 հազարից ավելի մարդ կա, նրանց զգալի մասը երիտասարդներ են, սակայն ակցիայի են դուրս եկել տարբեր տարիքի մարդիկ։
«Daitove»-ն կոչ է արել բոլորին, ովքեր ցանկանում են Վրաստանը տեսնել Եվրոպայի մաս, գալ հանրահավաքի։
Ակցիայի կազմակերպիչների պահանջն անփոփոխ է՝ Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել կեղծված և ոչ լեգիտիմ, և նոր ընտրություններ նշանակել հատուկ միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո։