Ոնց թե՝ ի՞նչ ենք հանձնել. Նաիրա Զոհրաբյանը թարմացնում է Արարատ Միրզոյանի հիշողությունը
2025 թվականի բյուջեի նախագիծն Ազգային ժողովում ներկայացնող Արարատ Միրզոյանն օրերս շատ զարմացած հայացքով ու ջղայն տոնայնությամբ ընդդիմադիր պատգամավորներին հարցրեց՝ մի հատ կասե՞ք՝ էդ ի՞նչ ենք զիջել։
Թե ի՞նչ են գործող իշխանությունները զիջել Ադրբեջանին, 168 TV-ի «Ռեվյու հաղորդաշարի եթերում Արարատ Միրզոյանին հատ-հատ հիշեցրեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նախքան Միրզոյանի հիշողության թարմացումը վերջինիս խորհուրդ տալով այցելել Հայաստանի լավագույն հոգեբույժներից մեկին։
«Ի՞նչ եք զիջել. Արարատ Միրզոյան, դու չէի՞ր ասում, որ Ադրբեջանը Հայաստանից զավթել է 400 քառակուսի կմ տարածք. Թե՞ դու անձի երկվություն ունես, գնա Հովհաննես Մորիսիչ Մանվելյանի՝ լավագույն հոգեբույժներից մեկի մոտ։ Կիրանցի կեսը տվել, տեղը պատ եք կառուցել. Նիկոլի ասած արժանապատվության պատը. բա դա հանձնել չի՞։ Կադաստրի 58 վկայական մարդկանցից վերցրել և նրանց տները հանձնել եք, Ադրբեջանին եք հանձնել 24 ռազմավարական դիրք, ինչից հետո Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովն ասաց, որ իրենք Տավուշում վերցրել են այնպիսի դիրքեր, ինչի շնորհիվ ամբողջ Հայաստանի ռազմավարական դիրքերն իրենց նշանառության տակ են. Ո՞նց թե՝ ի՞նչ եք հանձնել չի»,- ասաց Զոհրաբյանը։
Վերջինիս խոսքով՝ Փաշինյանի իշխանությունն առաջիկայում ևս շարունակելու է հանձնել. հանձնվելու է նաև Տիգրանաշենը, և նաև պատահական չէ, որ Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ստեղծել արդեն՝ խոսելով 180 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնելու մասին։
«Ադրբեջանի միգացիոն ծառայությունը հաշվառել է առաջին փուլով Հայաստանում բնակեցվող ադրբեջանցիներին՝ 180 հազար։ «Արևմտյան Ադրբեջանի» մաս են կազմում, ըստ Արդբեջանի, Սյունիքը, Վայոց ձորն ամբոջապես, Գեղարքունիքի, Արարատի և Շիրակի մարզերը մասնավորապես»,- Արարատ Միրզոյանին Արցախը հանձնելուց հետո նաև Հայաստանի դեմ վարվող աղետալի քաղաքականության կործանարար հետևանքների մանրամասները ներկայացրեց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։