5,6 % աճը խախուտ բազայի վրա է կառուցված, պետական պարտքի համար քաղաքացին բարձր գին է վճարում․ տնտեսագետ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։ Արդեն հաջորդ շաբաթ այն պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ։
2025թ. բյուջեով կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, որից 55.8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին՝ 20.0%-ով գերազանցելով 2024թ․-ի ցուցանիշը։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 2025 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթղթում թեև կարևորեց պաշտպանական ոլորտին ուղղվող կապիտալ ծախսերի ավելացումը, սակայն նշեց՝ դրանք պետք է նպատակային ու ծրագրային հստակ վեկտորներ ունենան և իրականացվեն միջանկյալ հաշվետվություններով, որպեսզի տարեվերջին դարձյալ չթերակատարվեն։
168․am-ի հետ զրույցում Ատոմ Մարգարյանն անդրադառնալով, առհասարակ, Բյուջե 2025-ին, նկատեց՝ խնդիրներ է տեսնում կանխատեսումների իրատեսականության հետ կապված։
«5,6 տոկոս տնտեսական աճը շատ խախուտ բազայի վրա է կառուցված․ նկատի ունեմ գործոնները, որոնք պայմանավորել են վերջին 2 տարիների տնտեսական աճը՝ հատկապես վերարտահանումները, շինարարական բումը և ռելոկանտների մեծ հոսքերը, նվազող հետագծեր են ունենալու առաջիկա տարիներին, հետևաբար, այդ գործոնների վրա կանխատեսումներ կառուցելը, մակրոտնտեսական շրջանակ ուրվագծելը, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամտային ու ծախսային մաս պլանավորելը բավականաչափ ռիսկային է,- մանրամասնեց տնտեսագետը, ապա անրդադարձավ մտահոգիչ մեկ ալ ցուցանիշի,- մյուս աղբյուրը պարտքն է․ դեֆիցիտի շատ մեծ ռիսկային ծավալներ են պլանավորված, ինչն աննախադեպ է. այդպիսի ռիսկեր, որոնք ծրագրային իրականացում են ենթադրում, բավականին խնդրահարույց են նախ ներքին ռեսուրսներից պարտքեր ներգրավելու տեսանկյունից (այն իմաստով, որ պետական պարտքի մեջ, փաստորեն, ներքին պարտքը սկսել է գերակշռել, ինչը թանկ հաճույք է)։
Ընդհանրապես, պետական պարտքի միջին տոկոսադրույքը՝ 7-7,5, աննախադեպ բարձր գին է։ Այդ գինը վճարում է հասարակութունը, և ոչ միայն ներկա սերունդը, այլև հատկապես ապագա սերունդը, որովհետև պարտքը փոխանցվում է ապագա սերունդներին, ու ժամկետայնության առումով՝ այդ ինտերվալը կրճատվում է։ Այսինքն՝ և՛ պարտքն է թանկանում, և՛ հորիզոնն է կրճատվում, ինչը նշանակում է՝ ինչ-որ պահից սկսած՝ այդ պարտքի սպասարկումը դառնալու է լուրջ պրոբլեմ»։
Մասնագետը նաև մտահոգություններ ունի բյուջեի սոցիալական կոմպոնենտի վերաբերյալ, քանի որ իր տպավորությամբ՝ կարծեք իշխանությունների համար սոցիալական խոցելի խմբերի պրոբլեմ գոյություն չունի։ Մինչդեռ, ըստ նրա, պետության կարևորագույն հանգուցային ֆունկցիաներից մեկը սոցիալական խնդիրների լուծումն է։
«Սակայն կենսաթոշակների, պետական ծառայողների աշխատավարձերի լուրջ աճի․․․ մասին խոսակցություն ընդհանրապես չկա,- նշեց նա՝ նաև այս համատեքստում ցավով արձանագրելով նաև, որ բացարձակապես հաշվի չի առնվում կանխատեսվող աճի ներառականության և անհավասարության խորացող պրոբլեմը,- Մեր հասարակությունը շարունակում է և այս բյուջեի գործածության պայմաններում դառնալ գերբևեռացված, ծայրահեղ հարուստ փոքրաթիվ ընտանիքների, աղքատ մեծամասնության, օրեցօր կրճատվող միջին խավի հասարակություն։ Սա ևս լուրջ խնդիր է, որի պատասխաններն այս կաբինետը տարիներ շարունակ չի տվել»։
Հիշեցնենք, որ պետական բյուջեի նախագծի հիմքում 2025թ. ՀՆԱ-ն կանխատեսվել է 11,050.1 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.6%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3.5%, միջին գնաճը՝ 3.5%, պետական բյուջեի եկամուտները՝ 2,873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2,759.9 մլրդ դրամ:
Նշվում է, որ հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր՝ հասնելով կառավարության ծրագրով սահմանված 25% թիրախին։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3,482.4 մլրդ դրամ, պակասուրդը՝ 609.4 մլրդ դրամ: