Թուրքիայի դատարանը լրագրողին կալանավորել է սոցիալական ցանցում գրառման համար
Ստամբուլի դատարանը շաբաթ ուշ երեկոյան պաշտոնապես կալանավորել է թուրք լրագրող Ֆուրքան Կարաբային սոցիալական ցանցերում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) քաղաքապետի նկատմամբ դատախազական հետաքննության մասին նրա գրառումների համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լրագրողի փաստաբանին։
10 Huber լրատվական կայքի թղթակից Կարաբայը ձերբակալվել է ուրբաթ վաղ առավոտյան այն բանից հետո, երբ X էջում գրել է քաղաքապետի նկատմամբ հետաքննություն անվկացնող դատախազների անունները:
Ստամբուլի Էսենյուրթ շրջանի քաղաքապետ Ահմեթ Օզերը ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին այն բանից հետո, երբ դատախազները նրան մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ, որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Շաբաթ ուշ երեկոյան դատարանը որոշում է կայացրել կալանավորել Կարաբային մինչև դատավարությունը՝ պատճառաբանելով, որ սոցիալական ցանցերում նրա գրառումները «ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված պետական պաշտոնյաների դեմ», ասվում է դատական փաստաթղթում:
Դատարանին ուղղած իր հայտարարության մեջ Կարաբայը հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ դատախազների անունները հրապարակել են մի շարք լրատվամիջոցներ, իսկ CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը հենց ինքն է տվել դատախազի անունը։ Օզելն այն ժամանակ դատապարտել էր քաղաքապետի նկատմամբ հետաքննությունը՝ ասելով, որ դատախազը հրահանգներ է ստացել նախագահ Թայիփ Էրդողանից: Կարաբայի փաստաբան Էնես Էրմաներն ասել է, որ կալանավորումն անօրինական է։
Մամուլի ազատության պաշտպանության խմբերը և հիմնական ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել են կալանավորումը, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) խոսնակ Էրոլ Օնդերօղլուն ասել է, որ Կարաբայի նախնական կալանքը նախապատժի նպատակ է հետապնդում:
RSF-ի 2024 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Թուրքիան 158-րդն է 180 երկրների մեջ։