Հակառուսականության ալիքն ահավոր մեծ է. սա տանում է կործանման, հնարավոր է՝ ցնցումներից դուրս չգանք. Արամ Մանուկյան
Հայաստանում հակառուսական ալիքն ահավոր մեծ է. այդ մոլուցքը մասսայական է և շատ վտանգավոր՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ մեծ կախվածություն ունի. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Դժվար է լինելու այդ հակառուսականության ալիքը մարել։ Այս քաղաքականությունը տանում է կործանման. հնարավոր է՝ ցնցումներից դուրս չգանք, հատկապես, որ պարզագույն ուսումնասիրություն անգամ չի արվում, թե ի՞նչ է կատարվում այդ մեծ դաշտում։
Տեսեք՝ արևելյան թևն ուժեղանում է, ԲՐԻԿՍ-ը՝ ընդլայնվում, արդեն 30 երկիր է ներառում իր կազմում, փոխարենը՝ խարխափում է Արևմուտքը։ ԲՐԻԿՍ-ի հետ այնքան պայմանագրեր են ստորագրվում՝ միլիարդավոր դոլարների՝ Միջին միջանցք, Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք, սրանցից որևէ մեկում մենք չկանք»,- ասաց Մանուկյանը։
Դիտարկմանը՝ այդ միջազգային նախագծերի փոխարեն՝ Հայաստանի զարգացման համար Փաշինյանն էլ «Խաղաղության խաչմերուկ» է առաջարկում, Արամ Մանուկյանն արձագանքեց.
«Իսկ ինչո՞ւ դա իրականություն չի դառնում, իսկ ո՞վ է լուրջ ընդունում Նիկոլին կամ իր նախագիծը։ Դու չես կարող դառնալ միջազգային նախագծերի մաս, եթե այսքան թույլ ու անսկզբունքային ես։ Երկրի առաջ դրված խնդիրները լուծելու համար հարկավոր է ունենալ շատ փող, հզոր տնտեսություն և շատ բարեկամներ, ի՞նչ ունի Հայաստանը»։
Մանուկյանն ընդգծեց՝ ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետևանքով է, որ այսօր Հայաստանի կողքին որևէ կարևոր երկիր կանգնած չէ։
«Չկա մի երկիր, որը, օրինակ, Սյունիքի հարցում հայկական շահի կողմնակիցն է»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։