Տոնից տոն հիշվող Երևան․ Քաղաքապետարանն ամանորյա միջոցառումների համար հերթական մեկ անձից գնումն է կատարել
Տոնասեր քաղաքային իշխանություններն արդեն սկսել են Ամանորի նախապատրաստությունը։ Երևանի քաղաքապետարանը սկսել է վարչական շրջաններում ամանորյա մշակութային միջոցառումների կազմակերպման համար պայմանագրեր կնքել․ հերթականն Աջափնյակ վարչական շրջանում միջոցառման շրջանակում ծառայությունների մատուցման պայմանագիրն է։ Գնման ընթացակարգը ոչ մրցակցային՝ մեկ անձից եղանակով է։
Ըստ պայմանագրի՝ մատակարար ընտրված «Արսեն Խնգոյան Վալերիկի» ԱՁ-ն, որն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն, գրանցվել է 2018 թվականի հունիսին, 2 միլիոն դրամով համերգ-միջոցառում է կազմակերպելու վարչական շրջանի Բուենոս Այրեսի այգու տարածքում՝ երգչուհի Դլիթի և դիջեյի մասնակցությամբ՝ նվազագույնը 30 րոպե տևողությամբ և հեքիաթային հերոսների, Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ։
Ի դեպ, 2018 թվականից գրանցված «Արսեն Խնգոյան Վալերիկի» ձեռներեցը մեկ անգամ չէ, որ մանակցում է պետգնումներին․ 2018 թվականից սկսած՝ այս ԱՁ-ն հիմնականում Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է 7 պայմանագիր, և 1-ը՝ ԱԳՆ-ի հետ։
2023 թվականին, օրինակ, նա 7 միլիոն 700.000 դրամով ստանձնել է «Ջազի միջազգային օր» և «Մայրության ու գեղեցկության օր» միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցումը դարձյալ Աջափնյակ վարչական շրջանում ու դարձյալ մեկ անձից ոչ մրցակցային գնման եղանակով։