Ադրբեջանն ասում է՝ ցանկացած պահի գնալու է պատերազմի. Հարավային Կովկասում այսօր պատերազմից մեկ է պակաս. Հովիկ Ավանեսով

2020 թվականի 44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմի առջև ծառացած մարտահրավերներն ավելի մեծացան, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական օկուպացիայից հետո մարտահրավերները բազմապատկվեցին։

Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովի կարծիքով՝ այդ մարտահրավերներին դիմակայելու համար նախևառաջ անհրաժեշտ է հայ ազգի համախմբվածությունը և ամենակարևորը՝ ազգային մտածելակերպով էլիտա, երկրի ղեկավարություն, որը կկարողանա իր շուրջը համախմբել հայ ազգին ու դիմագրավել մարտահրավերները։

«Այս սպառնալիքներն այսօր ուղղված են ոչ միայն հայկական պետականության, այլև տարածաշրջանի դեմ, քանի որ Հարավային Կովկասում այսօր պատերազմից մեկ է պակաս։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, բնականաբար, մեր տարածաշրջանի վրա ևս կարող է ունենալ իր ազդեցությունը։ Այստեղ պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո որոշակի իրավիճակ կարող է փոխվել, և մենք պետք է հաշվարկենք, թե այդ իրավիճակն ի՞նչ դինամիկայով կփոխվի»,- 168.amի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը թե՛ հակամարտությունների սառեցման, թե՛ հակամարտությունների թեժացման դեպքում պետք է նախապես հստակ ճանապարհային քարտեզ ունենա։ Եթե չլինի այդ ճանապարհային քարտեզը, բախվելու է է՛լ ավելի մեծ խնդիրների, որին հակազդելու համար որոշումները կայացվելու են պահի ազդեցության տակ, որի փորձը Հայաստանն ունեցել է, և որի պարագայում երկրի համար ողբերգական ազդեցություն է ունեցել։

Կարդացեք նաև

«Բնականաբար, ՀՀ ներկայիս իշխանության օրոք հնարավոր չէ ունենալ իմ նշած ճանապարհային քարտեզը, դրա համար խոսքիս սկզբում ասացի, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային մտածելակերպով իշխանություն։ Պետք է ազգային օրակարգով մտածող էլիտա, ինչը նշանակում է, որ այդ էլիտան պետք է ստանձնի երկրի կառավարման ղեկը, համախմբի ազգին ու դիմագրավի մարտահրավերները։

Այսօր այս իշխանության կողմից մենք ականատես ենք լինում իբրև խաղաղության օրակարգով բանակցությունների, որի ներքո նահանջում են հայկական հարցից, Հայոց ցեղասպանությունից, ինչը երբեք չի կարող դրական արդյունք տալ։ Այն խնդիրները, որոնց առաջ այսօր մենք կանգնած ենք, ուղղակի շարունակությունն է թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպանական քաղաքականության։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիության հետևանքով ձևավորված մթնոլորտն է, որ հանգեցրել է նրան, որ այսօր ունենք բռնազավթված Արցախ, դրանից առաջ՝ շրջափակում, էթնիկ զտում ու բռնի տեղահանություն։ Դրա համար, երբ իշխանությունը, այսպես կոչված, խաղաղության օրակարգի համար հրաժարվում է ազգային ամենակարևոր առաջնահերթություններից, բնականաբար, լավ բաներ սպասել պետք չէ, սրանով մեզ համար նոր մարտահրավերներ են ստեղծում»,- հավելեց նա։

Հովիկ Ավանեսովի բնորոշմամբ՝ ազգային հարցերից հրաժարվելով՝ ՀՀ իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմին հայկական պետականության դեմ գործելու համար հավելյալ խաղաքարտ է տալիս։

Ինչ վերաբերում է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին, պատմաբանն ընդգծեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է իր տարածքային հավակնությունները բավարարելու համար՝ առաջ մղելով «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը։

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն ասում է՝ ցանկացած պահի գնալու է պատերազմի, սա պետք է ՀՀ իշխանությունը հասկանա։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի ապառազմականացում, հայկական կողմից դրան հակադարձում չկա, չեն ասում, որ դա ՀՀ ներքին խնդիրն է։ Միջազգային իրավունքի տեսակետից, Հայաստանն ազատ է ցանկացած երկրի հետ գնալու ռազմական համագործակցության և ձեռք բերելու զինատեսակներ։

Հայկական կողմը պետք է հասկանա, թե ինչ պետք է սպասել Ալիևի հայտարարություններից հետո, նախապես քայլեր ձեռնարկի»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս