Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, բայց պատժամիջոցների վերացում է պահանջում
Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, իսկ եվրոպական պետությունները պետք է հանեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին գերմանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ես պատրաստ եմ եվրոպացիների հետ երկխոսել Ռուսաստանի հետ մեր համագործակցության շուրջ։ Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները։
Պատժամիջոցները միայն խորացնում են խնդիրները։ Դրանք երբեք չեն օգնել լուծել խնդիրը, համենայնդեպս Իրանի հետ հարաբերություններում։ Իմ հայտարարությունը հետևյալն է․ մոռացեք պատժամիջոցների մասին։ Դրանք նախկինում չեն աշխատել, հիմա չեն աշխատում և ապագայում էլ չեն աշխատելու»,-Արաղչիի խոսքը փոխանցում է ILNA գործակալությունը։
Իրանցի նախարարը ևս մեկ հայտարարություն է արել, բայց արդեն «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան քառասուներորդ օրվա կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ:
«Աշխարհը պետք է իմանա, որ եթե հետագա սրացում տեղի ունենա, երկու երկրների միջև պատերազմի անբարենպաստ հետևանքները չեն սահմանափակվի միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանով։ Իրավիճակի ապակայունացումը կարող է տարածվել նաև մեր մոլորակի այլ, նույնիսկ շատ հեռավոր շրջաններում»,-նրա խոսքը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն։
Արաղչին նաև ընդգծել է ՄԱԿ-ի և միջազգային հանրության մեծ պատասխանատվությունը անվտանգության ապահովման և խաղաղության պահպանման գործում:
2015 թվականին մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք են կնքել՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018 թվականի մայիսին դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակների սահմանափակումներից: