«Փաշինյանը հայտարարում է՝ իշխանությունը պահելու է թուրքական սվիններով». Լևոն Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ 44-օրյա պատերազմից 4 տարի անց, պատերազմի տարելիցի օրը պետք է ավելի շատ մտածել, քան խոսել:

«Վերջին 100 տարվա կտրվածքում այս իրավիճակն աննախադեպ էր, և այն պետք է մեզ մղի խմբային ռեֆլեքսիայի՝ հասարակության մի լայն հատված փորձի հետադարձ կապ հաստատել առկա իրավիճակների, այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել: Դա կարևոր է՝ հասկանալու համար այն վերջնակետը, որտեղ մենք հայտնվել ենք, և հասկանալ՝ ուր և ինչ միջոցներով պետք է շարժվենք: Դա կարևոր է, որովհետև հայտնվել ենք որոշակի փակուղում և չենք հասկանում՝ ինչու է իրավիճակը փակուղային»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Հասարակության զգալի հատվածն ու քաղաքական ուժերի զգալի մասը չեն ցանկանում շարժվել այն իրողությունից, որ մենք գտնվում ենք կապիտուլյացիայի վիճակում, չեն ցանկանում ընդունել, հարգել պարտությունը, դրանից հետո գնալ պետականության կենդանացման նշույլներ ցույց տալու: Երբ մենք գտնվում ենք կիսամեռ վիճակում, բնականաբար, թշնամին հայկական պետականությունը կործանելու և Հայոց ցեղասպանությունը վերջացնելու իր ծրագրերը պետք է սրընթաց տեմպերով տանի առաջ: 2020 թ. հետո ամեն մի տարին եղել է ավելի կորստաբեր և աղետալի, քան դրա նախորդ տարին: Ամեն օր մեզ համար եղել է ավելի դեպի անդունդ, դեպի դժոխք տանող, քան դրա նախորդ օրը»,- շեշտեց նա:

Լևոն Նազարյանի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հասարակությունը չհասկանա՝ ինչի համար է պարտություն կրել. «Եթե հետ ենք գալիս նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ապա ամենակարևորը առաջին կետն է, որով ՀՀ-ն Փաշինյանի թեթև ձեռամբ ճանաչվել է արցախյան հակամարտության կողմ: Դրանով փոխվել է արցախյան հակամարտության ամբողջ էությունը: Հենց այդ կետի պատճառով է, որ այսօր Ալիևը տարբեր պահանջներ է ներկայացնում: Հասարակական թերի ընկալումից է գալիս, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն իր քաղաքական օրակարգերը չի կարողանում գեներացնել:

Կարդացեք նաև

Նույն քաղաքական ուժերն իրենց օրակարգը վերցնում են հասարակությունից: Գտնվում ենք աննախադեպ իրավիճակում, որովհետև չենք կարող ասել՝ Հայաստանում կա՞ դասական քաղաքական իրավիճակ: Հայաստանում ընդդիմություն չկա, քանի որ չկա օրինական իշխանություն: Ընդդիմություն ասելով՝ հասկանում ենք խորհրդարանական ֆրակցիաներին, բայց դա ստեղծում է աննախադեպային ծուղակ, որովհետև մարդիկ ասում են՝ կա ընդդիմություն, որը պետք է հեռացնի իշխանությանը»:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգիրքը փոխելու՝ իշխանության նախաձեռնությանը և ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցին, նա նկատեց, որ եթե ընտրությունների արդյունքները Փաշինյանի դուրը չգան, իշխանությունը «թուրքական սվիններով» կպահի. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վաղվանից իշխանությունը պահելու է թուրքական սվիններով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս