«Թրամփը չի գալու ու ասի՝ ամեն ինչ զրոյական կետից եմ սկսում, նման քաղաքականությունը բնորոշ է միայն ՀՀ օրվա իշխանությանը». քաղտեխնոլոգ

«Մարդիկ, որոնք ոգևորված են ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելով ու Հայաստանի փրկությունը կապում են դրա հետ՝ Թրամփի աշխատակազմո՞ւմ են աշխատում, թե՞ նրա նախընտրական ծրագիրն են գրել։ Մոռացեք այն Թրամփին, որը նախագահ է եղել 2016-2020 թվականներին, այն ժամանակ աշխարհում ուրիշ վիճակ էր և չկար ձևավորված նրա այն քաղաքական թիմը, որի պատճառով նրա քաղաքականությունը որոշակի խնդիրներ առաջ բերեց»,- այս մասին 168.amի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Միացյալ Նահանգներում 47-րդ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրվելու և հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։

Ըստ Արմեն Բադալյանի, մինչև Թրամփի կողմից Պետքարտուղար, Ազգային անվտանգության գծով խորհրդական, Պաշտպանության նախարար և Կենտրոնական հետախուզության վարչության պետ չնշանակվի, որևէ մեկը չի կարող ասել, թե Թրամփն ինչ քաղաքականություն կիրականացնի ոչ միայն Հայաստանի, այլև մյուս երկրների հետ։

«Իհարկե, ամերիկյան լրատվամիջոցներում կազմակերպված ինչ-որ արտահոսքեր լինում են, որ Թրամփը կարող է այս կամ այն ոլորտում այս կամ այն քաղաքականությունն իրականացնել։ Հնարավոր է, սա Թրամփի կողմից է կազմակերպված, հնարավոր է նաև, որ նրա քաղաքական մրցակիցներն են կազմակերպել։ Արդեն նշեցի, թե ինչ պաշտոններում մարդկանց նշանակելուց հետո ամեն ինչ հայտնի կդառնա, իսկ այս նշանակումները տեղի կունենան 2025 թվականի փետրվարին, իսկ հունվարին Թրամփն արդեն կստանձի նախագահի պաշտոնը։

Մեկ բան նկատենք, որ Սենատոր է ընտրվել Ադամ Շիֆը, որը ներկայացնում է Կալիֆոռնիան, այնտեղ բավականին շատ հայեր կան, նա, բնականաբար, հարցեր կբարձրացնի հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ։ Երբ լսենք տարբեր պաշտոնյաների տեսակետներ, այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե Թրամփի քաղաքականությունն ինչպիսին է լինելու տարբեր երկրների նկատմամբ»,- հավելեց Արմեն Բադալյանը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց՝ Թրամփի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, ում ՀՀ իշխանությունը լավ է ճանաչում, այլևս պաշտոն չի զբաղեցնում և Թրամփի թիմում չի։

«Ուժերը, որոնք Թրամփին բերեցին, նրանք էլ իրենց ծրագրերն ունեն արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Հետևաբար, Թրամփը չի գալու ու ասի՝ ամեն ինչ զրոյական կետից եմ սկսում, նման քաղաքականությունը բնորոշ է միայն ՀՀ օրվա իշխանությանը։ Թե այս խորքային պետության կողմից ի՞նչ է մշակված որպես արտաքին քաղաքականության հայեցակարգ՝ որևէ մեկը չգիտի և չի իմանա մինչև փետրվար։ Դրա համար մինչ այդ հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ որևէ հարց կարող եք չբարձրացնել,  որովհետև ինչ էլ ասեն՝ լինելու են ենթադրություններ»,- շեշտեց քաղտեխնոլոգը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ այսօր ՀՀ իշխանություններն ամերիկյան գլոբալիստների խամաճիկներն են՝ «սորոսական գլոբալիստները», որոնք գաղափարական մրցակիցներ են թրամփիստներին։

«ՀՀ  իշխանությունները կաշխատե՞ն Թրամփի հետ, թե՞ ոչ՝ նշանակություն չունի, քանի որ, եթե թրամփիստները որոշեն, որ Հայաստանի նկատմամբ լավ  քաղաքականություն են իրականացնելու, ապա կփոխեն ներկայիս իշխանությանը և կիրականացնեն այդ քաղաքականությունը։ Եթե գտնեն, որ իրենց քաղաքականության համար այս իշխանությունները պետք է մնան, ապա կմնան։ Թրամփի շրջապատում քաջ հայտնի է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները սորոսական խամաճիկներ են»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս