4 տարի առաջ Փաշինյանը խոսեց ցավոտ զիջումների գնալու մասին և այն կանխելու պատասխանատվությունը դրեց ՊԲ-ի վրա. ՊԲ հրամանատար էր ընտրվել Միքայել Արզումանյանը

44-օրյա պատերազմը, ըստ էության, կարելի է բաժանել մի քանի փուլի, շրջափուլի կամ ժամանակահատվածի, որոնց մենք ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք։ 

Եվ այս տրամաբանության մեջ կարևոր ժամանակահատված է նաև հոկտեմբերի 23-27-ն ընկած հատվածը, հատկապես, երբ Պաշտպանության բանակն ունեցավ նոր հրամանատար: Սկսենք այս փուլի սկզբից:

2020 թվականի հոկտեմբերի 23-ին ի հայտ էր եկել հրադադարի նոր համաձայնություն ձեռք բերելու մասին ամերիկյան նախաձեռնությունը, սակայն հայտարարությունը հաջողվել էր համաձայնեցնել միայն հոկտեմբերի 25-ին, որը հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 08:00-ից հրադադար հաստատելու մասին էր:

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ Փարիզում արված հայտարարությամբ, համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- նշվում էր հայտարարության տեքստում:

Կարդացեք նաև

Հրադադարի այս համաձայնությունը, իհարկե, նույնպես չպահպանվեց Ադրբեջանի կողմից:

«Սովորաբար հրադադարի հայտարարություններից հետո կարճ ժամանակով մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազում էր, երբեմն լինում էին նույնիսկ կարճ դադարներ, բայց մեծ հաշվով, մի քանի ժամ անց Ադրբեջանը վերսկսում էր հարձակումը՝ ամբողջ ծավալով:

Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին և հասել Ջեբրայիլի մատույցներին: Բանակի առջև խնդիր էր դրված՝ կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս, որ մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերն անարդյունք են լինելու: Կամ էլ՝ պիտի գնանք ցավոտ զիջումների»,- 2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում մանրամասնել էր Նիկոլ Փաշինյանը:

168.amգրել էր, որ Ջաբրայիլի ադրբեջանական օպերացիան հատուկ նշանակություն է ունեցել պատերազմի ելքի վրա, և, որ 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ՊԲ-ն 9-րդ պահպանությունից պաշտպանության չի անցել:

Շարունակենք բուն թեման և նշենք, որ ամերիկյան նախաձեռնությամբ հրադադարի օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ի երեկոյան, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ, ըստ էության առաջին անգամ, շատ հստակ խոսել էր ցավոտ զիջումների գնալու մասին:

«Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների։ Ես կարող եմ ասել՝ այո, պատրաստ է, նույնիսկ՝ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հայ ժողովուրդը, որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անենք, որ իրավիճակը փոխվի, և Ադրբեջանը պատրաստ լինի փոխզիջումների:

«Շատ ճակատագրական պահ է, և մեզնից որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում, Սփյուռքում կգտնվեն ուժեր, որոնք այս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի այնքան, որքան նվիրված են այն զինվորները, որոնք նույնիսկ կյանքի գնով իրենց դիրքը չեն լքում»,- շարունակել էր Փաշինյանը:

Այս համատեքստում Փաշինյանը նշել էր, որ կան իրենց կյանքի գնով, առյուծի նման կռվող տղաներ, նրանց պետք է պատշաճ գնահատանքի արժանացնել, բայց կան նաև մարդիկ, «որոնք փախչում են մարտի դաշտից, և նրանք պետք է արժանանան հանրային ամենասուր պարսավանքի, ինչ պատճառով էլ որ լքած լինեն մարտի դաշտը»:
Նիկոլ Փաշինյանն այս միտքն ավարտել էր կոչով, թե ՀՀ-ում, Սփյուռքում, տղամարդ թե կին, պիտի կանգնենք հայրենիքի պաշտպանության համար, քանի որ մենք գտնվում ենք մեր շահերի եզրագծին:

«Քանի դեռ կատարում եմ գերագույն հրամանատարի պարտականությունները, քանի դեռ գերագույն հրամանատար եմ, պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, իմ հրամանին»,- ընդգծել էր Փաշինյանը:

Մի կողմից՝ նա ընդունել էր իր գերագույն հրամանատար լինելը, մյուս կողմից՝ պատերազմի օրերին և դրանից հետո Փաշինյանն իրավիճակ փոխելու և ցավոտ զիջումները կանխելու պատասխանատվությունը դրել էր Արցախի Պաշտպանության բանակի վրա, և նույնիսկ հակասական կամ իրականությունը թաքցնող ձևակերպումներ թույլ տվել:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 27-ին Փաշինյանը հերթական անգամ ուղերձով դիմել էր ժողովրդին: Եվ մեկ օր առաջ Ադրբեջանի՝ առնվազն Արցախը կապիտուլյացնելու մտադրության և մեր՝ սեփական շահերի սահմանագծին հասնելու մասին խոսող Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ խոսում է թշնամու իլյուզիաների փլուզումից, երբ արդեն բավականին կարևոր տարածքներ էինք կորցրել:

«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին:

Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:

Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:

Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին,- վստահեցրել էր Փաշինյանը և հավելել,– Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար»:

Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի:

Իսկ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր գեներալ Արզումանյանի նկարները և գրել. «Անսպառ էներգիայով, անասելի խարիզմայով, ոչ ստանդարտ լուծումների վարպետ գեներալը»:

Միքայել Արզումանյանն իրականում ծանր բեռի տակ մտավ և ծանր ժամանակահատվածում ստանձնեց ՊԲ հրամանատարի պաշտոնը: Սա ռիսկային էր, հատկապես, երբ կարող էր իր վրա մնալ նաև նախքան հոկտեմբերի 27-ը տեղի ունեցած ձախողումների պատասխանատվությունը:

Մեզ հայտնի չէ՝ ինչպես են Միքայել Արզումանյանին համոզել, որ ստանձնի այս պաշտոնը, կամ գուցե ընդամենն առաջարկել են, և հենց Միքայել Արզումանյանի հույսով էր Փաշինյանը բարձրագոչ հայտարարում Ադրբեջանի իլյուզիաները փլուզելու մասին։ Բայց Փաշինյանը չպետք է մոռանա, որ ինքն էր գերագույն հրամանատարը, որի մասին հերթական անգամ հիշեցրել էր Արզումանյանի նշանակումից ժամեր առաջ, ինչը ենթադրում է որոշակի պատասխանատվություն:

Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը, ով խոստանում էր թիկունք լինել Պաշտպանության բանակին: 2023 թվականի հուլիսի 6-ին արդեն անազատության մեջ գտնվող Միքայել Արզումանյանը, ով մեղադրվում է «Արեգա» բարձունքից նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար, հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշել էր.

«Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։

Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Սակայն թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ տեղյակ լինելով իրավիճակին, առնվազն բավարար քայլեր չի ձեռնարկել իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար, հատկապես, երբ Երևանում նոյեմբերի 6-7-ին սպառազինության հետ կապված հարցեր քննարկելու մասին խոսել է և՛ Սեյրան Օհանյանը, և՛ Սամվել Բաբայանը։

2020 թվականի հոկտեմբերի 23-27-ը և նույնիսկ 30-ն ընկած ժամանակահատվածին առնչվող իրադարձությունների համատեքստում մի առիթով մենք անդրադարձել ենք հատկապես Սյունիքի շուրջ զարգացումներին, երբ այնտեղ էր գործուղվել այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այդ օրերին Սյունիքում է եղել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը՝ համակարգելու ինքնապաշտպանական միջոցառումները: Իսկ այդ օրերին, ինչպես Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն էր ասել, Մեղրիում խաղաղապահների տեղակայման պահանջ է եղել:

Ի դեպ, նույն ժամանակահատվածում Սյունիքում է եղել Աննա Հակոբյանը և նրա «Էռատո» ջոկատը:

168.am-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ 2020թ. հոկտեմբերի 25-ին ջոկատը հանդեր­ձա­վորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթա­կայության տակ. Նախ՝ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ գրավել են Կուբաթլուն՝ Սանասարը:

Հոկտեմբերի 26-ին կայացած բրիֆինգի ընթացքում այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր Ալիևի հայտարարությունը և նշել, որ թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին:

«Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ»,- շեշտել էր նա:

Հավելենք, որ այս տարվա հոկտեմբերի 4-ին՝ Ջրական քաղաքի կամ գյուղաքաղաքի (Ջաբրայիլ) գրավման օրը, Ադրբեջանի նախագահն օկուպացված բնակավայրում, մասնավորապես, հայտարարել էր.

«Հադրութից հետո հոկտեմբերի 17-ին հաջողությամբ ավարտեցինք Ֆիզուլիի օպերացիան, և արդեն ճանապարհ բացվեց դեպի Շուշիիի, Զանգելանի և Կուբաթլուի ուղղություններ»:

Նշենք, որ պատերազմից հետո իր հարցազրույցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, ասել էր, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»:

Այսինքն, Շուշիի անկման արմատները պետք է տեսնել այստեղ, այդ թվում՝ Հադրութը կորցնելու համատեքստում: Գուցե սրա համար է նաև, որ, ըստ էության, ՀՀ իշխանություններն իրենք չցանկացան, որ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստերը դռնբաց լինեն, ոչ էլ նրանց ցանկացան լսել Քննիչ հանձնաժողովում:

Ավելին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխելու հորդորը ուժային, քննչական և իրավապահ մարմիններին մնաց անպատասխան. Միքայել Արզումանյանը շարունակում է մնալ անազատության մեջ, և հայտնի չէ, թե որքան կմնա:

Այսինքն, կարելի է ենթադրել, որ առնվազն մինչև Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումը նրա խափանման միջոցը չի փոխվի:

Տեսանյութեր

Լրահոս