Շուշիի գորգերի ոդիսականը շարունակվում է. Արցախում ադրբեջանական ոչնչացումից փրկվելով՝ Հայաստանում հիմնական տեղ չեն տրամադրում

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը կարողացավ ադրբեջանական ոչնչացումից փրկել թանգարանի գորգերն ու խեցեգործական իրերը։ Այդ նմուշները տեղափոխվեցին Հայաստան, սակայն մինչ օրս դրանց պահպանման համար հիմնական որևէ տարածք չի տրամադրվում՝ գորգերը մի թանգարանից տեղափոխվում են մեկ այլ թանգարան, մի տարածքից՝ մեկ այլ տարածք։

168.am-ի հետ զրույցում Վարդան Ասծատրյանն ասաց, որ  Շուշիի գորգերի հետագա ճակատագիրը դեռ անորոշ է, չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ ԿԳՄՍ նախարարության հետ, թեպետ ինքը փորձում է պետական գերատեսչության հետ կառուցողական առաջարկներ ներկայացնել ու աշխատել։ Ասում է՝ այս ամենը տեսնում են նաև հարևան երկրներում, ամոթ է, և դրա համար էլ  փորձում է այնպիսի պահվածք դրսևորել, որ աղմուկը շատ մեծ չլինի։

«Գորգերի պահպանման ու դրանք որևէ վայրում պահելու մասին իմ պատկերացումներն ուրիշ են, նախարարությանը՝ ուրիշ։ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Շուշիի գորգերը մասնավոր են, պետական հոգածության տակ տեղ չունեն։ Կրկնում եմ՝ ոլորտի պատասխանատուն ասել է, որ Շուշիի թանգարանի հավաքածուն մասնավոր է, հետևաբար՝ ԿԳՄՍՆ-ն դրա հետ կապ չունի։ Ես էլ պատասխանել եմ, որ ոլորտի պատասխանատուն պետք է իմանա, որ աշխարհի հայտնի թանգարանները ստեղծվել են մասնավոր հավաքածուների հիման վրա, և Հայաստանի պատմության թանգարանը, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, և այլն։ Զարմանում եմ, որ ոլորտի պատասխանատուն այդ թեմային չի տիրապետում»,- նշեց Վարդան Ասծատրյանը։

Գորգերը պահվում էին Վանաձորի թանգարանում, որտեղ, ըստ մեր զրուցակցի, պետք է հունվարին տեղի ունենար խեցեղենի ցուցադրություն։ Վարդան Ասծատրյանն անակնկալի է եկել, երբ իրեն Վանաձորից զանգել և ասել են, թե պետք է հանի գորգերը։ Նախատեսված էր, որ այս շաբաթ պետք է այնտեղ տեղափոխեր նաև Շուշիի թանգարանի խեցեղենը՝ ցուցադրության համար։

Կարդացեք նաև

«Ինձ ասացին, որ վարչակազմից են հանձնարարել, որպեսզի գորգերը հանենք։

Շուշի թանգարանի փրկված գորգերը թվագրվում են 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Փրկվել է 170 գորգ, 30-ից ավելի խեցեղեն՝ թվագրվող մ.թ.ա.։

Ալիևը Շուշին օկուպացնելուց հետո, երբ հայկական գորգեր է նվիրում մերձավորներին, դրանք նոր գործած գորգեր են, պարզապես հայկական վիշապագորգերի կրկնօրինակներ են»,-հավելեց  Վարդան Ասծատրյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակի մասին բոլորն էլ տեղյակ են, մասնավորապես, հայաստանյան բոլոր հիմնադրամները, սակայն որևէ տեղից որևէ արձագանք չկա։

«Ես հիմա ամեն ինչ անում եմ, որպեսզի այդ գորգերը չվնասվեն։ Վանաձորի թանգարանում ինձ շատ են օգնել, բոլոր գորգերը համարակալել են, լուսանկարներ են արել, փոքր կատալոգ արել, դրա համար շատ շնորհակալ եմ թանգարանի աշխատակիցներին։ Քանի որ Ալֆրեդ Քոչարյանն ասել էր, որ գորգերին պետական հոգածություն չի լինելու, ես գորգերը վերցրել ու տարել եմ մասնավոր հատված, թե որտեղ, այս պահին չեմ կարող բարձրաձայնել։ Երեք տարի է՝ գորգերը պահում էի պետական տարբեր թանգարաններում՝ ի պահ էր տված և ցուցադրվել է։

Այստեղ ամբողջ խնդիրը  մասնավորի կարգավիճակն է, դա տեխնիկական բնույթ է կրում, ցանկացած թանգարանում կարևորը բովանդակությունն է։ Իսկ սա ակնհայտ փաստ էր, Շուշիում 10 տարի թանգարանը գործել է, աշխարհում հայտնի էր։ Դրա համար եմ զարմանում, թե ինչո՞ւ է ոլորտի պատասխանատուն նման հայտարարություն արել։  Գուցե հասկանան, որ սա ճիշտ պատճառաբանություն չէ, այստեղ կարևորը գորգերն են, որը հայ ժողովրդի պատմամշակութային արժեքներից է, որի սկզբնաղբյուրները հստակ են, ամենակարևորը՝ հայտնի էր, թե որ գյուղերից են»,- շեշտեց Վարդան Ասծատրյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե լինեն կառուցողական առաջարկներ, ապա պատրաստ է այդ գորգերը ցուցադրել նաև Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ արտերկրում դրանց ցուցադրումը լավ տեղեկատվական առիթ է՝ Արցախի մասին պատմելու համար։

Տեսանյութեր

Լրահոս