Չէի պատկերացնում, որ Արցախի մշակույթն այս ձևով կօտարեն. Շուշիի թանգարանի գորգերի համար տեղ չկա՞
Շուշիի գորգերի թանգարանի փրկված մոտ 170 գորգի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:
Թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը հիշում է՝ Արցախյան 44-օրյա պատերազմի թեժ օրերին երկու անգամ տարհանում է կատարել. մեկը՝ իր, մյուսն էլ՝ Արցախի Մշակույթի նախարարության տրամադրած մեքենայով:
«Երրորդ տարհանումը չհասցրեցինք կատարել, որովհետև ադրբեջանական զորքերը մտել էին Գորիս-Շուշի ճանապարհ: 170 գորգ փրկվեց, 120-ը՝ մնաց: Գորգերը ցուցադրվեցին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային ինստիտուտում, հետո տեղափոխեցի Վանաձոր: Ու քանի որ ԿԳՄՍ նախարարությունը հարցը չէր լուծում, ասացի՝ թանգարանն անվանեմ շրջիկ, որ ամեն տեղ կարողանանք ցուցադրել: Պայմանավորվել էինք, որ Վանաձորում 2024թ. հունվարին ևս մեկ ցուցադրություն կազմակերպենք, ցուցադրենք նաև խեցեղենը:
Բայց երբ հանդիպումներից մեկի ժամանակ ասացի, որ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆեդ Քոչարյանը չի տիրապետում թանգարանային աշխատանքին, Վանաձորի թանգարանի տնօրենին կանչել են Լոռիի մարզպետարան, ասել, որ ինձ փոխանցեն՝ գորգերը կարճ ժամանակահատվածում հանեմ:
Ես չէի պատկերացնում, որ Արցախի մշակույթն այս ձևով կօտարեն: Վանաձորից գորգերը հանելն էլ եմ համարում տարհանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը՝ նշելով, որ հիմա գորգերը գտնվում են մասնավոր տարածքում:
Թանգարանի տնօրենը հայտնեց՝ գորգերը պետականացնելու առաջարկ չի եղել:
«Ես զոռով չեմ կարող սիրել տալ այս թանգարանը: Սա հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է: Եթե ամեն ինչ անում են, որ թանգարանը չլինի, չեմ հակադրվելու: Թանգարանը ստեղծելիս ակնկալում էի, որ պետական է դառնալու, ժողովրդինն է լինելու: Այն ժամանակ որ չանեի, հիմա չէի կարողանա, որովհետև գորգը որ բնօրրանից կտրվում է, արդեն թանգարանային չէ: Երբ ձեռք էի բերում, Արցախի իշխանություններն այն չէին կարևորում, նույնն այստեղ էր: Հասկացա, որ ժամանակը գալու է՝ հասկանան: Ես զգում էի, որ սա պետք է լինելու ժողովրդին»,- նշեց Վարդան Ասծատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում