Բաժիններ՝

2.5 տարի այս վիճակում եմ, հույսս արդեն կորցրել եմ, որ լավ բան կլինի, տեղ կգտնեն. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մայիսի 3-ից ստորագրահավաք է նախաձեռնել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետը հեռացնելու պահանջով։

Մայիսի 9-ին ստորագրահավաքին մասնակցել էր նաև Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը՝ ներկայացնելով նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված և Հայաստան տեղափոխված գորգերից մի քանիսը:

«Միայն մայիսի 9-ին ներկայացրեցինք գորգերը, դա նպաստեց, որ շատերը միանան ստորագրահավաքին: Քանի որ թանգարանային նմուշներ են, բարդ է ու սխալ անընդհատ դուրս հանելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը:

Եվ քանի որ գորգերի ցուցադրության և պահպանման վայրը դեռևս անորոշ է, թանգարանի տնօրենը դեռ նախորդ տարի որոշել էր շրջիկ ցուցադրություն կազմակերպել:

Կարդացեք նաև

«Գորգերը Վանաձորի երկրաբանական թանգարանում են, այնտեղ են ցուցադրվում, մի քանիսն են այստեղ: Գորգերի համար մշտական պահպանման վայր գտնելու համար հանդիպել եմ ԿԳՄՍ նախարարին: Քննարկել ենք հարցը, այժմ սպասում եմ, որ ինչ-որ բան ասեն: Կոնկրետ որևէ բան չկա դեռ: 2.5 տարի այս վիճակում եմ, հույսս արդեն կորցրել եմ, որ լավ բան կլինի, տեղ կգտնեն»,- նշեց Վարդան Ասծատրյանը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի թեժ օրերին «Շուշիի գորգերի թանգարան»-ից գիշերով, պայթող արկերի ներքո՝ մեծ դժվարությամբ փրկված մոտ 170 գորգ ժամանակավորապես տեղադրել էին Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Տնօրեն Մարկ Գրիգորյանն ասել էր. «Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ: Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ես երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ ու հնարավորություն, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է, որից պետք է փորձենք ելք գտնել»:

Նախորդ տարի մայիսին տեղեկացրել էին, որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Շուշիի գորգերը պետք է տեղափոխվեին, այսուհետև ներկայացվեին Հայաստանի պատմության թանգարանում, սակայն դահլիճում նորոգման աշխատանքներ պետք է կատարվեին: Առ այսօր Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ փրկված նմուշների պահպանման մշտական վայր գտնելու հարցը մնացել է առկախված:

 

Տեսանյութեր

Լրահոս