Բաժիններ՝

«Նոնսենս է. արդեն անհարմար եմ զգում խոսել Շուշիի գորգերի մասին, ստացվում է՝ խնդրում եմ, որպեսզի մշակութային արժեքները պահպանեն». Վարդան Ասծատրյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն ադրբեջանական ոչնչացումից կարողացել էր փրկել թանգարանի 170 գորգ, որոնք թվագրվում են 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Նա նաև փրկել է 30-ից ավելի խեցեղեն՝ թվագրվող մ.թ.ա.։

Վարդան Ասծատրյանը մեծ դժվարությամբ է դրանք տեղափոխել Հայաստան, սակայն մինչև օրս ՀՀ կառավարությունը հիմնական տարածք չի տրամադրել՝ իրենցից մեծ արժեք ներկայացնող գորգերը պահպանելու համար։

Մինչև այժմ գործերը պահվում են տարբեր վայրերում։ Նախորդ տարվա նոյեմբերին գորգերը գտնվում էին Վանաձորի թանգարանում, սակայն այնտեղից էլ են հանել, այժմ մասնավոր տարածքում են պահվում՝ մինչև կորոշվի դրանց հետագա ճակատագիրը։

«Հիմա գորգերը գտնվում են մասնավորի տարածքում, այնտեղ ենք պահում, մինչև հասկանանք՝ ինչ է լինելու։ Նոյեմբերի վերջին ասացին, որ գորգերը հանեմ Վանաձորի թանգարանից, ԿԳՄՍ նախարարություն էլ զանգահարում եմ, ոչ էլ պատասխանում են։

Կարդացեք նաև

Հիմա մասնավոր այդ տարածքում պայմաններն այնպիսին են, որ ես ստիպված եմ ամիսը երկու անգամ դեղամիջոց օգտագործել, որովհետև համապատասխան պայմաններ չկան։ Եթե Շուշիում այդ դեղերն օգտագործում էի տարին երկու անգամ, հիմա ամիսն եմ երկու անգամ օգտագործում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Ասծատրյանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Արցախի մի մասը, այդ թվում՝ բերդաքաղաք Շուշին ամբողջովին օկուպացվեց Ադրբեջանի կողմից, Ալիևը սկսեց Շուշիում մնացած թանկարժեք հայկական գորգերը նվիրել այն երկրի ղեկավարներին, ում հրավիրում էր Շուշի։

Վարդան Ասծատրյանի կարծիքով՝ Ադրբեջանն այդ ամենը գնահատում է, քանի որ նրանց համար այդ ամենը նոր է, և միայն 100 տարի է, ինչ պետություն ունենալու բախտ է վիճակվել։

«Այդ ազգին հիմա մշակութային հիմքեր են պետք, որովհետև մշակույթը ժողովրդի, պետության ատրիբուտներից է, լեզուն ու մշակույթը։ Առանց դրանց դու իրավունք չունես կոչվելու ժողովուրդ, դրա համար իրենք մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն հայկական գորգերի, այլև շատ ու շատ այլ բաների։ Հիմքեր են ստեղծում, թե իբր իրենք այդ մշակույթն ունեցել են, որովհետև մշակույթը մեկ օրում չի ստեղծվում։ Ադրբեջանը նույնիսկ դրանց վերաբերյալ գիտական գործեր է գրում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ չկա այնպիսի հիմնադրամ ու բարերար, որոնց դիմած չլինի, սակայն որևէ տեղից արձագանք չկա։

«Պետության մշակութային քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը, որը որևէ բան չի անում։ Մարդիկ էլ մտածում են՝ եթե նախարարությունը չի անում, իրենք անեն՝ գուցե խնդիրներ ունենան։

Ինքս արդեն անհարմար եմ զգում այդ խնդրի մասին շատ խոսել, որովհետև արդեն անլուրջ է, ստացվում է, որ ես խնդրում եմ, որպեսզի մշակութային արժեքները պահպանեն, դա նոնսենս է։ Գուցե ժամանակներն այսպիսին են, որ ո՛չ ժողովրդին է հետաքրքրում, ո՛չ Կառավարությանը, սպասենք, տեսնենք՝ երբ կգան ճիշտ ժամանակներ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ըստ Վարդան Ասծատրյանի, հարցի լավագույն լուծումը կլինի այն, որ թանգարան ստեղծելու համար տրամադրվի տարածք, որը կաշխատի այնպես, ինչպես ժամանակին աշխատում էր Շուշիում։

«Եթե համացանցում գրեք «Շուշիի գորգերի թանգարան», քանի լեզու գիտեք, բոլորով բերելու է, մինչև հիմա թուրքերը որևէ բան չեն կարողացել անել։ Այսինքն՝ այդ թանգարանը հայտնի է իր յուրահատուկ ավանդույթներով, և մենք ուզում ենք, որ այդ շարունակականությունը պահպանվի։ Մենք այդ ամենի վերաբերյալ ունենք գիտական գործեր, և միջազգային գիտական հանրության կողմից էլ այդ ամենն ընդունված է։

Բացի այդ, այսօր ես սկզբնաղբյուր եմ հանդիսանում ասպիրանտի և երկու մագիստրոսների համար, այսինքն՝ իմ ասածները նրանք օգտագործում են իրենց գիտական աշխատանքներում։ Այսինքն՝ բոլոր հիմքերը կան, մնում է մի տարածք լինի, որպեսզի գորգերը պահվեն, շարունակականությունն ապահովվի, ու թանգարանը սկսի աշխատել։ Մեր գորգերի բոլոր սկզբնաղբյուրները հայտնի են»,- եզրափակեց Վարդան Ասծատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս